>

Հայկական հեղափոխությունը հասել է ճամփաբաժնի եւ պետք է ընտրի հետագա ճանապարհը: Ճամփաբաժանը սովորաբար ինչ-որ բանի զոհաբերություն է հանուն ավելի կարեւորի: Սխալ ընտրությունը կարող է անշրջելի հիասթափություն ու ապակողմնորոշում առաջացնել մարդկանց մոտ:

Կամ հեղափոխությունը գնում է միայն անցյալի ռևիզիայի ճանապարհով, կամ էլ սկսվում է ընդհանուր ապագայի շինարարություն: Ռևիզիան կարող է շատ բան պարզել՝ ընդհուպ մինչեւ Կիլիկյան թագավորության անկման պատճառները, բայց այդ դեպքում հարկ կլինի զոհել ապագան: Եթե ապագան ընտրես, հարկ է լինելու անցյալը հանգիստ թողնել: Կա երրորդ ճանապարհ՝ քաղաքական գնահատական տալ անցյալին, կրիմինալը թողնել իրավապահներին ու երկխոսություն սկսել ապագայի մասին:




Քոչարյանի զոհերը

Հեղափոխության վերջին երկու ամիսները դեմքով ուղղված էին անցյալին: Անցյալի ձգտող մարդկանց մոտիվացիան տարբեր է: Ոմանք այնտեղ են թողել «աստեղային ժամը», մյուսները փորձում են մեղավորներ գտնել, երրորդները պղտոր ջրում ձուկ են որսում, չորրորդներն անկեղծ ցանկանում են պարզել «պետության չկայանալու» պատճառները:




Դատելով հրապարակումներից ու առավել աղմկոտ հայտարարություններից՝ առաջարկվել է ռևիզիա անել միայն վերջին 20 տարիները, այսինքն՝ այն ժամանակաշրջանը, երբ երկիրը կառավարում էին «օտարները»: Եթե ելնենք դրանից, ապա հեղափոխությունն ուղղված է նրան, որ Հայաստանը վերադառնա 1997 թվականի ստատուս-քվոյին:

Պատմությունը հնարավոր չէ հետ շրջել, ոչ ոք չի կարող այդ 20 տարին պոկել մեր կյանքից: Բայց ամենակերեւորը՝ մի՞թե սա չափազանց փոքր նպատակ չէ հեղափոխության համար: Այսպիսի նպատակը կարող է ընդամենը ուղեկցել հեղափոխության հիմնական ուղերձին: Իսկ հայկական հեղափոխությունը սերն ու համերաշխությունն է, ավելի լավ ընդհանուր տուն կառուցելու հայտը:


Շինարարությունը ենթադրում է հիմքի ամրության ստուգում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հեղափոխության հետեւանքով Հայաստանի պետական ու ֆինանսական համակարգը չի տուժել: Դա նշանակում է, որ այն ամուր է: Նշանակում է, որ մեր ընդհանուր տունը լավ հիմնապատեր ունի եւ միայն պետք է կապիտալ վերանորոգում սկսել:

Այդ տունը միայն 100-200 հազար հոգին չպետք է կառուցեն, ովքեր հավաքվում են հրապարակում: Հեղափոխության առաջնորդը պետք է կարողանա խոսել յուրաքանչյուրի հետ, շինարարությանը ներգրավի բոլորին, այլ ոչ միայն յուրայիններին: Առավել եւս, որ «յուրայինները» մշտապես փոխվում են:


Այս երեք ամիսներին աննկատ շատ բան է փոխվել հեղափոխության քաղաքական պլատֆորմում: Օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցում է առանց Ելքի դաշնակիցների: Հայ ազգային կոնգրեսն էլ լիակատար աջակցություն է հայտնել ՔՊ-ին: Կարելի է ենթադրել, որ այս պահին ոչ ֆորմալ իշխող դաշինքը ՔՊ-ՀԱԿ-ն է: Այս համատեքստում հասկանելի է 1997 թվականի ստատուս-քվոյին վերադառնալու մտադրությունը:

Սխալ ճանապարհի ընտրությունը կարող է հանգեցնել նրան, որ Սահմանադրական ճգնաժամը, որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, լուծվի հօգուտ Սահմանադրության, այլ ոչ թե հեղափոխության: Կրկին կարող է գալ Գագիկ Ծառուկյանի աստեղային ժամը, եւ նրա խմբակցության ձայնը կարող է որոշիչ լինել «Սահմանադրություն vs Հեղափոխություն» քվեարկությունում: Իսկ դա կարող է «խորտակել» ինչպես հեղափոխությունը, այնպես էլ Սահմանադրությունը, եթե երկրում նորից ձեւավորվի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ արատավոր մեծամասնությունը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->