>

«Մեր ծնողներից ոչ մեկ ինձ չի բողոքել, որ մեր դեմ դատական գործ են ուզում բացել, քանի որ ամբողջ ճամբարի առօրյան, միջոցառումները թե՛ ուղիղ եթերում, թե՛ լուսանկարներով ներկայացվել է մեր փակ խմբում, դա ծնողների կամքն է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարի ավագ ջոկատավար Մայա Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ ներկայացված էին ճամբարի մանկահասակ տղա երեխաները՝ կանացի հագուստով և պճնանքով: Սա տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ մինչև անգամ նույնասեռականության քարոզ:




Քոչարյանի զոհերը

Մայա Սիմոնյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ այն անձինք, որոնք տեղյակ չեն ճամբարի առօրյայից, տեսնելով այդ նկարները և թե ինչպես են դրանք վերնագրված՝ առաջին տպավորությունը դա կլինի: Նա վստահեցրեց՝ իրականում, թե ինչ է կատարվել ճամբարում, գիտեն երեխաների ծնողները:




Նա նշեց, թե շատերը հայտարարություններ են անում, որ հակաքրիստոնեական գաղափարներ ենք տարածում, բայց ՈՒՀԱ-ն ընդամենը նշանակում է ուրախների և հնարամիտների ակումբ: Այնուհետև, անդրադառնալով միջոցառման բովանդակությանը, որի ընթացքում են այդ լուսանկարներն արվել, Մայա Սիմոնյանը պատմեց. «Դա մեր միջոցառման մի հատվածն է, որտեղ տղա երեխաները ծաղրել են աղջիկների հագուկապն ու պահվածքը, երկրորդ մասում եղել է դիմակահանդես, որից էլ նկարներ են վերցրել ու ներկայացրել են որպես հակաքրիտոնեական, բայց տեղյակ չեն, որ փոքրիկ բեմադրություն ենք արել, և դրա մասին կարող են իմանալ միայն տեսանյութը դիտելուց հետո»:

Մեր հստակեցմանը՝ ծնողները նախապես իմացե՞լ են, որ երեխաները զգեստափոխվելու են եւ պճնվելու, ավագ ջոկատավարն այսպես արձագանքեց. «Բոլոր ծնողներն էլ տեսնում, դիտում էին այդ ամենը, և արձագանքները շատ լավն են եղել: Ճամբարի ֆեյսբուքյան խումբը փակ էր՝ միայն ծնողների ու մեզ համար էր հասանելի, քանի որ կարծում ենք, որ ճամբարը մեկ ընտանիք է: Բայց այսօրվա միջադեպից հետո որոշվեց, որ բացենք, ու բոլորը տեսնեն, և թյուր կարծիքը վերանա: Ճամբարի արածը մեկ օրվա աշխատանք չէ, Ժորա Մուրադյանը հիսուն տարի կառավարել է ճամբարը, հենց պարոն Մուրադյանին էլ իմանալով հանդերձ՝ ոչ ոք նման բան ասել չի կարող, մանավանդ նույնասեռականության մասին»:


Հարցին՝ ո՞վ էր նման բեմադրության նախաձեռնողը, Մայա Սիմոնյանը պատասխանեց՝ նախաձեռնությունը երեխաներից եկավ, նրանք ցանկացան իրենց առօրյան լցնել հումորային համարներով:


Մեր այն դիտարկմանը՝ դա նուրբ թեմա է, ուստի մինչև այդ գաղափարն իրագործելը ջոկատավարներով չքննարկեցի՞ն` արժի նման բեմադրություն անել, թե ոչ, Մայա Սիմոնյանը պատասխանեց. «Եթե այդպես է, ուրեմն կարող ենք բերել Հայկ Մարությանի օրինակը: Ի՞նչ է «Սուպեր մաման» հեռուստացույցներով պետք է արգելվե՞ր ցուցադրելը: Միակ խնդիրն այն է, որ մեր ծնողները վիրավորված են, որ իրենց երեխաների նկարներն առանց իրենց իրազեկության և նման պիտակով հիմա արդեն սոցցանցերում և  կայքերում տարածվել են»:

Մեր այն հարցին` եթե ֆեյսբուքյան խումբը եղել է փակ, ինչպե՞ս են այդ նկարները տարածվել,  ճամբարի ղեկավարությունը դիմե՞լ է իրավապահներին պարզելու, թե ինչպես են այդ նկարները տարածվել, Մայա Սիմոնյանը պատասխանեց. «Այո, նկարների սկզբնաղբյուրը մեր խումբն է եղել: Ծնողները տեսել են այդ նկարները: Ուրեմն ինչ-որ մեկը տվել է, քանի որ պետք է ներբեռնեին, որ տարածեին այդ նկարները: Ինչ-որ մեկի միջոցով էլ կարելի է տարածել: Իրավապահներն այդ մասին տեղյակ են: Ձեր նշած հարցով ճամբարը դեռ չի դիմել իրավապահներին, դեռ հարցը քննարկման փուլում է»:

Աղբյուր՝ Aravot.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->