>

1in.am-ը գրում է՝

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը ուշագրավ տեղեկատվություն է տարածել, որով ծանուցում է, թե ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվել է թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդական ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:




Քոչարյանի զոհերը

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի թիմի ու ՀՅԴ հարաբերություններն ակնհայտորեն լարված են՝ չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը կառավարությունում տակավին պահպանում է իր պորտֆելները։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումը ՀՅԴ-ին դիրքավորեց երկրորդ նախագահի ճամբարում․կուսակցությունը՝ անկախ իր այսօրվա կոալիցիոն կարգավիճակից, երկու անգամ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, դաշնակցական երեք պատգամավորներ ստորագրեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրերի տակ։ ՀՅԴ-ն խոսեց երկրում ծավալվող իբրև թե քաղաքական հալածանքների, մտքի տեռորի մասին, ինչին Տավուշ կատարած այցի ընթացքում բավականին կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Եվ ահա՝ լարվածության այս ֆոնին վարչապետն ընդունում է ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամներին, ու զրույցի ընթացքում դաշնակցականները մի քանի անգամ իրենց վճռական աջակցությունն են հայտնում թավշյա հեղափոխությանը, կամ որ նույնն է՝ Նիկոլ Փաշինյանին։ Լիբանանի դաշնակցականների ուղերձները միանգամայն տարբեր են ՀՅԴ Բյուրոյի վերջին շրջանի գնահատականներից, որոնցով ավանդական կուսակցությունը, ըստ էության, դիրքավորվել է հակահեղափոխության ճամբարում՝ իրեն նույնացնելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների հետ։

Դաշնակցությունը միակուռ գաղափարական կառույց է և թերևս ինչ-որ բացատրություն պետք է լինի դիրքորոշումների նման տարբերությանը, ավելի ճիշտ՝ հակադրությանը։


Վարկածները երկուսն են՝ իրենց թեր և դեմ կողմերով։

Ամենևին չի բացառվում, որ ՀՅԴ-ում հասկացել են վերջին շաբաթների իրենց մարտավարության կործանարար ընթացքը, որի հետևանքով ամիսներ անց կուսակցությունը կարող է զրկվել ոչ միայն կոալիցիոն կարգավիճակից, այլ նաև նոր խորհրդարանում ներկայացված լինելու հեռանկարից։ Սա միանգամայն իրական սցենար է։ Մի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի մանրամասնում իր քաղաքական պլանները՝ դրանց բացակայության, կամ դրանցում ընտրական գործընթացներին մասնակցության բացակայության պատճառով, մյուս կողմից՝ ՀՅԴ վերնախավում հստակ գիտակցում են, որ առանց հավելյալ երաշխիքների իրենք չեն կարող հայտնվել ապագա խորհրդարանում՝ հանրային վստահության գրեթե զրոյական մակարդակի համատեքստում։ Քոչարյանն ինքնին երաշխիք չէ, իսկ Փաշինյանը մերժում է ստվերային պայմանավորվածությունները, ինչի հետևանքով ՀՅԴ-ն հայտնվել է իրական փակուղում։ Պատահական չէ, որ ՀՅԴ-ն հապաղում է բարձրաձայնել իր վերջնական որոշումը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցում։

Կուսակցության հայաստանյան կառույցն այնքան է հեղինակազրկվել քաղաքական ու բարոյական հարթությունների վրա, որ, ըստ ամենայնի, դիմել է Սփյուռքի ազդեցիկ ընկերների աջակցությանը՝ վիճակը մի փոքր մեղմելու և Փաշինյանի հետ փոխզիջումային ինչ-որ լուծումներ գտնելու նպատակով։


Մյուս կողմից՝ ամենևին չի բացառվում ու նույնիսկ շատ ավելի հավանական է, որ գործ ունենք ՀՅԴ ներսում ծայր առած անհաղթահարելի հակասությունների հետ։ Վերջին քսան տարիներին ՀՅԴ վերնախավի կամ Հրանտ Մարգարյանի Բյուրոյի, այսպես կոչված, օլիգարխացումը բազմաթիվ դժգոհություններ է ծնել ինչպես հայաստանյան կառույցի շարքերում, այնպես էլ՝ ՀՅԴ Սփյուռքի կառույցներում։ Ուշագրավ է, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ու ՀՅԴ Լիբանանի ԿԿ հանդիպմանը մասնակից չի եղել Հայաստանը ներկայացնող որևէ դաշնակցական, իսկ սա հիմք է տալիս ենթադրել, որ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները գուցե Փաշինյանին ու հեղափոխությանն իրենց աջակցությունը հայտնել են՝ ի հեճուկս Հրանտ Մարգարյանի ու Բյուրոյի։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Հրանտ Մարգարյանի ղեկավարած դաշնակցական ղեկավարությունը գտնվում է աննախանձ վիճակում՝ հայտնվելով արգելափակման մեջ ոչ միայն Հայաստանի կառավարության ու հասարակության, այլ նաև Սփյուռքի կուսակիցների կողմից։

Սակայն, մեծ հաշվով, ՀՅԴ ինստիտուցիոնալ ճգնաժամն ակնհայտ է՝ այս հանդիպումից ու դրա շուրջ առկա տարբեր վարկածներից անկախ։ Վերջին քսան տարիներին պատմություն և ավանդույթներ ունեցող կուսակցությունը դարձել է քրեաօլիգարխիայի կցորդը՝ կորցնելով իր քաղաքական, գաղափարական, նույնիսկ ինստիտուցիոնալ ինքնաբավությունը։ Հետհեղափոխական Հայաստանում կուսակցությունը «տանիքի» փնտրտուքի մեջ է՝ ակամայից բացահայտելով իր հայաստանյան առաքելության ձախողումը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->