>

1in.am-ը գրում է՝


Սպասելի՞ էր, թե՞ ոչ, որ հայկական թավշյա հեղափոխության 100 օրը նշանավորվելու էր, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանով, այսպես թե այնպես, ինչպիսի գնահատական և ռակուրս էլ, որ դիտարկենք այս խնդրում: Հազիվ թե որևէ մեկը կասի, որ սպասելի էր, ինչպես որ սպասելի չէր հեղափոխությունն ինքնին: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ինչ-որ ավելի կարևոր բան ծածկեց, այլ, այսպես ասած, լցրեց որոշակի վակուում ու հենց այստեղ է բուն խնդիրը, ոչ թե նրա վերադարձի կամ դրա, այսպես ասած, սարսափելիության մեջ, որ փորձ է արվում ներկայացվել ամենատարբեր շարժառիթներով, ամենատարբեր խմբերից:







Քոչարյանի զոհերը

Հայաստանում իրականացված հեղափոխությունն իր 100-րդ օրում գտնվում է քաղաքական ուժերի դիրքային աճող և թեժացող պայքարի փուլում: Ընդամենը այդ փուլո՞ւմ է, թե՞ նաև այդքան էլ պարզ չէ: Պարզ չէ, որովհետև, խոշոր հաշվով, զուտ կառավարման ոլորտում արդյունքի տեսանկյունից հեղափոխությունը այնքան էլ տպավորիչ և հարուստ չէ, գոնե առայժմ: Այլ հարց է իհարկե, որ դա ունի նաև օբյեկտիվ բավականին շատ հիմքեր, սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ միտումի առումով կա հենց քաղաքական դիրքային պայքարի գերակայության միտումը, ինչն էլ առաջացնում է մտահոգություն, որ այդ պայքարը թելադրելով իր տրամաբանությունը կարող է որոշակիորեն ազդել հեղափոխության գործընթացի կառավարման արդյունավետության վրա:

Քաղաքական դիրքային պայքարի առաջին հանգրվանը, անշուշտ, Երևանի ավագանու ընտրությունն է, որն արդեն ունի մասնակիցների հետաքրքիր կազմ և մասնակցությունից հրաժարվելու հետաքրքիր դրսևորումներ: ՀՀԿ-ից բացի, մասնակցությունից հրաժարվում է ՀԱԿ-ը՝ աջակցելով «Քաղաքացիական պայմանագրին»: Միաժամանակ հետաքրքիր է, որ ՀԱԿ-ը հայտարարում է խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Ինչո՞ւ խորհրդարանի ընտրությանն էլ այդ ուժը չի փորձում նույնքան վստահել ու աջակցել ՔՊ-ին, թե՞ Երևանի ավագանու ընտրությանը չմասնակցելը ՀԱԿ-ը փորձում է մատուցել որպես ՔՊ-ին ծառայություն, ակնկալելով դրա դիմաց ստանալ ՔՊ-ի որոշակի բարեհաճ տրամադրվածություն խորհրդարանի մասնակցության որևէ ֆորմատով: Արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունից ՀԱԿ-ի հրաժարվելուն կհաջորդի նաև խորհրդարանի ընտրության հետ կապված ՔՊ-ին արվող որևէ առաջարկ: Այստեղ պետք է նկատել, որ բավական մեծ է Ռոբերտ Քոչարյանի գործոնի նշանակությունը, և կասկած չկա, որ ՀԱԿ-ը կփորձի այն դարձնել իր առաջարկի, այսպես ասած, հիմնավոր փաստարկ:


Ընտրության մասնակիցների շարքում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում իհարկե ԲՀԿ-ն, այն իմաստով, թե այդ քաղաքական ուժը ինչպիսի արդյունք է ցույց տալու, որն էլ, անկասկած, դառնալու է խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ԲՀԿ-ի պահվածքի, այսպես ասած՝ հիմքը:


Գրեթե կասկած չկա, որ բավական մեծ են լինելու ԲՀԿ-ի հետ դաշինքով մասնակցելու ցանկություն ունեցող կամ հավակնորդ ուժերը: Ի վերջո, դրան թերևս դեմ չէր լինի նաև ՀԱԿ-ը, սակայն Գագիկ Ծառուկյանը, ըստ երևույթին, բավական կոշտ կերպով հրաժարվում է երբեմնի ոչիշխանական ֆորմատի իր բաց և քողարկված գործընկերներից, որոնք նրան մենակ թողեցին 2015-ի փետրվարին: Դրա վկայությունն էր թերևս Քոչարյանի գործի հանդեպ ԲՀԿ-ի, այսպես ասած՝ ընդգծված չեզոքությունը: Երևանի քաղաքապետի ընտրությունը ցույց կտա՝ ԲՀԿ-ն իրապես կարո՞ղ է հավակնել Նիկոլ Փաշինյանին, եթե ոչ մրցակից, ապա երկրորդը լինելու կարգավիճակին, թե՞ ոչ: Հակառակ պարագայում այդ ուժի համար ընդհանրապես կարող է առաջանալ քաղաքական գոյությունը շարունակելու անհրաժեշտության հարց՝ հաշվի առնելով դարձյալ Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Այն, ըստ էության, չի թողնում այսպես ասած միջին քաղաքական խավի տեղ, դաշտը դնելով «կամ-կամ»-ի առաջ: Այդ իմաստով Երևանի քաղաքապետի ընտրությունը իրավիճակը փոխելու վերջին շանսն է նրանց համար, ովքեր ուզում են դա փոխել:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->