>

Չնայած Երևանի ավագանու առաջադրումների վերջնաժամկետին մնում է ընդամենը հինգ օր, սակայն դեռ պաշտոնական հայտեր չկան։ Սա սովորական երևույթ է Հայաստանի քաղաքական համակարգի համար. կուսակցությունները, որպես կանոն, ԿԸՀ դիմում են վերջին օրերին, անգամ վերջին պահին։

Սակայն Երևանի քաղաքապետի հիմնական հավակնորդները հայտնի են, ու պաշտոնական օրացույցը բնավ էլ չի խոչընդոտում, որ նրանք՝ անկախ իրենց հնարավորություններից, մեկնարկ տան ոչ պաշտոնական քարոզարշավին։ Իհարկե, այն առայժմ ավելի շատ տեղեկատվական բնույթ է կրում։

Օրինակ՝ երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա ընտրական քարոզարշավում «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալու «Ժպտա» կարգախոսով։ Ինչքանով երևանցիների ժպիտը կօգնի Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա թիմին՝ դեռ հայտնի չէ. կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ երևանցիները գնահատելու են իրենց դրական հետագիծը։




Քոչարյանի զոհերը

Հասարակությանը գրեթե անհայտ «Ռեֆորմիստների» կուսակցության ծրագիրը կրում է «Կանաչ Երևան» անունը. փաստաթղթի դրույթները դեռ չեն բացահայտվել, սակայն ենթադրվում է, որ շեշտը դրվելու է էկոլոգիական խնդիրների վրա։




Երևանի ապագա ավագանիում մեծամասնության ձգտող ԲՀԿ-ն ավելի բովանդակային ուղերձների վրա է շեշտադրում կատարում։ Համամասնական ցուցակի երրորդ համարը՝ լրագրող Արման Աբովյանը, ասում է, որ ԲՀԿ ծրագրի հիմնական նպատակը Երևանը սմարթ քաղաք դարձնելն է։ «Սմարթ քաղաքը նշանակում է, որ պետք է հասցնել մի իրավիճակի, և մենք ի զորու ենք դա անել, երբ Երևանը կդառնա իսկապես ապրելու քաղաք: Սմարթը պայմանների համալիր է, դրա մեջ է մտնում տրանսպորտի, աղբահանության, բնապահպանական և մնացած խնդիրների լուծումը»,- երեկ ասել է Աբովյանը, ով կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղեկցել է Մաշտոցի պողոտայի շենքեր կատարած նրա այցի ժամանակ։ Զոհրաբյանը սկսել է վերելակների անմխիթար վիճակից՝ այս խնդիրն առաջնահերթություն համարելով երևանցիների համար։

Եթե ԲՀԿ-ն աշխատում է հնարավորինս չքաղաքականացնել իր քարոզարշավը՝ առաջին պլան բերելով մայրաքաղաքին առնչվող խնդիրները, ապա ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն ակնհայտորեն քաղաքական շեշտադրումներով են տվել «Երևանի հանրություն» դաշինքն ու նրա քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը, որոնք մտադիր են այսօրվանից ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաքներ անցկացնել։ «Առաջին հերթին պահանջելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Երկրում ստեղծված նոր իրավիճակում նա չի կարող շարունակել պաշտոնավարել հանձնաժողովում: Պահանջելու ենք նաև, որ Հանրապետական կուսակցությունը հրաժարվի իր քվոտաներից և մասնակցություն չունենա տարածքային ընտրական տեղամասերում»,- նշել է Թարխանյանը:


Կասկածից վեր է, որ նորաստեղծ դաշինքի համար Մուկուչյանի հրաժարականի պահանջը քարոզարշավի բաղադրիչ է, որը պետք է նպաստի նրա ճանաչելիությանը։ Ինքնին հասկանալի է, որ այս պահանջը գործնականում իրագործելի չէ. ընտրական գործընթացն արդեն մեկնարկել է, ու հենց դրա բնականոնությունը կխաթարվի, եթե այս փուլում ԿԸՀ կազմը վերանայելու խնդիր դրվի։

Մուկուչյանն, անշուշտ, արդարության և օրինականության էտալոն չէ. նա ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2011թ.-ից ու կազմակերպել է երկու խորհրդարանական ու մեկ նախագահական ընտրություններ, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։ Մյուս կողմից՝ բոլոր այդ երեք ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն է եղել, որ բուն ընտրակեղծիքները կազմակերպվել են ընտրական տեղամասերից դուրս՝ ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման միջոցով, իսկ ԿԸՀ-ն, մեծ հաշվով, տեղամասերում ապահովել է պատշաճ ընտրական ընթացակարգ, ինչն, ի դեպ, արձանագրված է նաև միջազգային դիտորդական զեկույցներում։

Շատ ավելի արդյունավետ կլինի, որ նոր իրավիճակում Մուկուչյանի թիմին շանս տրվի՝ կազմակերպելու օրինական ընտրություններ։ Ի վերջո, բոլոր դեպքերում չէ, որ կադրային ջարդն արդարացված ու մոտիվացված է. կան դեպքեր, երբ պետական կառույցներին ու նրանց ղեկավարներին պետք է տրվեն հնարավորություններ՝ նոր իրավիճակին ադապտացվելու համար։ Օրինակ՝ ակնհայտորեն նման քարտ-բլանշ Նիկոլ Փաշինյանից ստացել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ու արդեն նկատելի է, որ գլխավոր դատախազության գործունեության արդյունավետությունը բարձրացել է։


Կարծում ենք՝ Տիգրան Մուկուչյանը ևս կարող է օգտագործել իր հնարավորությունը, մանավանդ, որ նոր իրողությունները գրեթե բացառում են ընտրությունների կեղծման կամ դրանց վրա ֆինանսական ու վարչական ռսուրսներով ազդելու հնարավորությունները։ Բացի այդ, եթե Թարխանյանն ու նրա թիմը մտավախություն ունեն, որ Մուկուչյանն ու հանձնաժողովի անդամները կապված են նախկին համակարգի հետ, ապա առավել ևս ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջն այս պահին ակտուալ չէ. ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին՝ Մուկուչյանին զրկելով ենթադրյալ սուբյեկտիվ մոտիվներից։

Մյուս կողմից՝ բարձրացված աղմուկն ի սկզբանե որոշակի չհիմնավորված կասկածներ է ծնում առաջիկա ընտրությունների շուրջ, որը կարծում ենք՝ բացարձակապես համարժեք չէ։ Ի՞նչ նպատակ ունի կանխավ կասկածի տակ առնել ընտրությունների լեգիտիմությունը, երբ իշխանության քայլերը նման հիմքեր չեն ստեղծում։ Կարծում ենք՝ նորաստեղծ դաշինքում գոյություն ունի մարդկային, ինտելեկտուալ ներուժ, որը պետք է թույլ տար շատ ավելի ռացիոնալ ճանապարհներով լուծել ճանաչելիության խնդիրը՝ առանց ստվեր գցելու հետհեղափոխական առաջին ընտրությունների լեգիտիմության վրա։

Ի դեպ, Թարխանյանը քաղաքապետի առաջին թեկնածուն է, ով հրապարակավ կասկածի տակ է դնում ՔՊ-ի թեկնածու Հայկ Մարությանի ֆավորիտությունը։ «Եթե հաշվի առնենք, որ հրապարակում ներկա էր ամենաշատը 80 հազար մարդ, իսկ կեսից ավելին շրջաններից էին եկել, 40 հազար մարդ այսօր, կարելի է ասել, քվեարկելու է Հայկ Մարությանի օգտին, բայց դա ամբողջ Երևանը չէ, մենք բարձր ենք գնահատում մեր շանսերը»,- ասել է «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածուն, սակայն այս հայտարարությունը նույնիսկ դրական է, որովհետև ընտրական գործընթացում մեծացնում է մրցակցության բաղադրիչը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->