>

Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից

«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, եւ կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որեւէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո». Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հրավիրված քննարկմանը երեկ հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը՝ հավելելով, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Եվրախորհրդարանում երեկ հնչած շուրջ 3 տասնյակ ելույթներից միակը, որ ընդգծված ադրբեջանամետ էր՝ հունգարացի ծայրահեղ աջակողմյան «Յոբբիկ» կուսակցության փոխնախագահ Մարտոն Գյոնգյոսի ելույթն էր։ Նա պնդեց, որ կարեւոր չէ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները, ըստ միջազգային իրավունքի՝ տարածքը պատկանում է Ադրբեջանին։

Մյուս բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էին Թուրքիային պատժելու, Ադրբեջանին բանակցություններ պարտադրելու կոչերը:




Քոչարյանի զոհերը

Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վիյմերսն, օրինակ, ընդգծեց, որ ԵԽ անդամները սգում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների համար, բայց սխալ է Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա դնելը։





«Սա բռնապետ Ալիեւի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։ Պատժամիջոցներ կիրառեք ագրեսոր Ալիեւի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։ Բարեկրթություն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չներկայացնել նախագահ Ալիեւի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի եւ մահվան հարց է»,- ասաց Վիյմերսը:

Առավել խիստ էր կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի բառապաշարը: Ըստ նրա՝ Էրդողանը երեկ թքեց ԵՄ-ի դեմքին՝ բացելով Կիպրոսում գտնվող փակ Ֆամագուստա քաղաքը։ Սա նոր զարգացում է Կիպրոսում (Ֆամագուստա քաղաքը 1974 թ.-ից փակ է, եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական կառավարությունը երեկվանից վերաբացման աշխատանքներ է սկսել-խմբ.)։

Հույն պատգամավոր Իոաննիս Լագոսը նշեց. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, Հայոց ցեղասպանության շարունակությունն է թուրքերի կողմից… Մինչև ե՞րբ է ԵՄ-ն հանդուրժելու Թուրքիայի այս անընդունելի վարքագիծը»։

Հունաստանից ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշեց, որ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան եւ ջիհադականները: «Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը եւ Ալիևը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, եւ մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-ընդգծեց նա:

Թուրքիային եւ Ադրբեջանին ուղղված քննադատություններով, Թուրքիային զսպելու կոչերով հանդես եկան նաեւ Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը, Իտալիայից Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Լիտվայից Անդրիու Կուբիլիուսը, Սլովակիայից Ռոբերտ Հայշելը: Վերջինս, օրինակ, ասաց. «Մինչ մենք քննադատում ենք կողմերին, Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին եւ Ադրբեջանին: Այնտեղ մահանում են քաղաքացիներ, հայեր, լրագրողներ: Ռուսաստանն այժմ չեզոք դիրքորոշում է դրսեւորում, Թուրքիան նույնպես պետք է չեզոքություն պահպանի»:


Իտալիայից Ալեսանդրո Պանցան եւս շեշտեց Ցեղասպանության հանգամանքը. «Չմոռանանք, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր, և հենց հայերն էին, որ Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության, եւ հիմա էլ նրանց ինքնորոշման իրավունքն է վտանգված»,- ասաց պատգամավորը:

«Չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակում է արշավը, Ադրբեջանը միաժամանակ խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կասետային ռումբեր և նպաստում 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության իրագործման շարունակությանը: Արցախի ժողովուրդը փորձում է իրականացնել ինքնորոշման իրավունքը». սա էլ Գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի արձանագրումն էր:

Պատգամավորների մեծ մասը կոչ էին անում Եվրամիությանը՝ հայտարարություններից գործի անցնել, պատժել Թուրքիային:

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին, օրինակ, ասաց. «Հայերն արդեն մեկ անգամ տուժել են Թուրքիայի գործողություններից՝ 100 տարի առաջ: Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի բռնապետի վրա՝ նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելով»:

«100 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց Հայոց ցեղասպանության կորուստները: Այսօր էլ անպատիժ մնալով՝ Թուրքիայի բռնապետ սուլթանը փորձում է իրականացնել նույնը: Պետք է գործել, մենք պասիվ ենք: Մեր սրտերը հայերի հետ են, Արարատը պետք է վերադարձվի հայերին»,- իր հերթին ընդգծեց բուլղարացի պատգամավոր Անդրեյ Ջանբարսկին:

Իսպանացի պատգամավոր Կլարա Պոնտիոսն էլ կոչ արեց դադարեցնել Թուրքիային զենք վաճառելը՝ հիշեցնելով, որ Իսպանիան Թուրքիային զենք վաճառողներից մեկն է:


Գործելու անհրաժեշտության մասին հայտարարեց նաեւ Նիդեռլանդներից Պտեր Վան Դալեն: «Պետք է արդեն գործել: Պետք է Անկարայի հանդեպ պատժամիջոց կիրառել: Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին: Ես նրանց կողքին եմ: 1915-ը չպետք է մոռացվի: Մենք պետք է լինենք Հայ ժողովրդի կողքին»,- ասաց նա:

Նիդեռլանդներից Մալիք Ազմանին էլ հետաքրքրվեց՝ ունենալով այդքան հզոր հետախուզական ծառայություն, ինչո՞ւ մինչև հիմա Թուրքիայի կողմից ահաբեկիչների ուղարկումը հակամարտության գոտի չի հաստատվել եւ չի դատապարտվել: «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Պարոն Բորել, Դուք պատասխանատու են Եվրոպայի հուժկու պատասխանները պատրաստելու համար»,- ասաց նա:

«Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Հիմա հարց ունեմ պարոն Բորելին: Մինչեւ ե՞րբ պետք է մենք հանդուրժենք Թուրքիայի այս անընդունելի պահվածքը: Անցյալում նրա իրականացրած անընդունելի պահվածքը կրկնվում է հենց հիմա: Անցած 16 ամսվա ընթացքում ես Եվրամիությունից միայն բառեր եմ լսում, սակայն գործողություններ չկան: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, նա էլ հարվածում է հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող մարդիկ հենց հիմա հարձակման են ենթարկվում: Մենք անհապաղ պետք է գործի դնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ եւ անհապաղ ֆինանսական և ռազմական օժանդակություն տրամադրենք Հայաստանին: Ես հայտարարում եմ, որ ցանկություն ունեմ միանալու հայկական բանակին՝ կռվելու Ադրբեջանի դեմ»,- ասաց Հունաստանից Իոաննիս Լագոսը:

Բելգիացի պատգամավոր Հիլդա Վոթմանսն էլ մեղադրեց Բորելին, որ չի խոսում կլաստերային ռումբերի օգտագործման մասին, ջիհադիստներին հակամարտության մեջ ներառելու մասին։

Ջոզեֆ Բորելին փոքր ինչ վրդովեցրեց իրենից այդքան մեծ պահանջների առկայությունը. «Ի՞նչ է նշանակում՝ գործել: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի երկու կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները։ Հատկապես աշխատելու ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չշարունակի իր ներգրավվածությունը, բայց եթե դուք գործողություններ իրականացնել ասելով նկատի ունեք ռազմական միջամտություն ԵՄ կողմից, ապա այս տարբերակը չի քննարկվում»։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախագահ Գայանե Աբրահամյանը ՀԺ-ի զրույցում ասաց, որ Եվրապառլամենտում երեկ տեղի ունեցածը դիվանագիտական կարեւոր հաղթանակ էր: «Սա բոլորիս ջանքերի արդյունքն էր՝ տեղում դեսպանատան հսկայական աշխատանքի, Հայ դատի գրասենյակի, որը տարիներ շարունակ մեծ աշխատանք է իրականացնում, եւ խորհրդարանական դիվանագիտության, որովհետեւ մենք եւս մեր խողովակները օրուգիշեր օգտագործել եւ աշխատել ենք»:

Հարցին, թե սա ա՞յն է, ինչ ակնկալվում էր միջազգային հանրությունից, Աբրահամյանը պատասխանեց. «Մեր ակնկալիքը շատ ավելի ուղիղ արձագանքն էր տեղի ունեցողին, այն ինչ մենք այսօր ստացանք: Ամեն երկիր բնականաբար ունի իր շահը եւ մեր խնդիրն է այսօր ցույց տալ, որ այս տարածաշրջանում խաղաղությունը, Թուրքիայի ներգրավվածությունը եւ ահաբեկիչների մուտքը տարածաշրջան բացառելը ելնում է հենց այս երկրների շահերից՝ Եվրոպա, Ռուսաստան, Իրան, Ամերիկա եւ այլն: Այսինքն ոչ թե մենք աջակցություն ենք խնդրում եւ խնդրում ենք, որ հավասարության նշան չդնեն, այլ բացատրում ենք, որ սա նաեւ ձեր շանսն է: Որովհետեւ Հայաստանը այսօր մենակ չի կարող պատերազմել ահաբեկիչների դեմ»: Աբրահամյանը ընդգծեց՝ անձամբ ինքը ԵԽ պատգամավորների հետ իր զրույցներում բաց տեքստով ասել է, որ Թուրքիային եւ Ադրբեջանին սատարելով նրանք անուղղակիորեն սատարում են ահաբեկիչներին: Պատգամավորը վստահ է՝ միջազգային հանրության ընկալումը փոխվել է, բոլորն էլ հասկացել են, որ հայերի պայքարը ոչ թե տարածքի համար է, այլ ապրելու իրավունքի: Ուստի, ըստ նրա՝ հետագա արդյունքները չեն ուշանա:

աղբյուր

Сообщение Բոլորս հայ ենք, Արարատը պետք է վերադարձվի հայերին…Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջեցին գործել, պատժել Թուրքիային появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->