>

Ռուսաստանի փորձագիտական շրջանակներում անթաքույց հեգնանքով են խոսում Հայաստանի մասին, ընդ որում՝ նաև այն վերլուծաբանները, ովքեր ավանդաբար համարվել են հայամետ, տարածաշրջանային հարցերում հայտնել են դիրքորոշումներ, որոնք ավելի մոտ են եղել Երևանի տեսակետներին։ REGNUM-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն այդ վերլուծաբանների շարքում է, որն իր կենսագրությունից ելնելով՝ մոտ է կանգնած Ռուսաստանի ռազմաքաղաքական շրջանակներին և, որպես կանոն, արտահայտում է նրանց տեսակետները։

Երեկ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Տարասովն, ըստ էության, բացառել է, որ Հայաստանի նոր ներկայացուցիչը կարող է զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ չնայած ռոտացիայի սկզբունքով այն Հայաստանին է պատկանում մինչև 2020թ-ի հունվարի 1-ը։ «Մեր կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կտրվի Բելառուսին։ Մենք չգիտենք՝ ձեր կողմից առաջարկվող հաջորդ գեներալն ինչ ճակատագիր կունենա, գուցե նույնը, ինչ Խաչատուրովը։ Եվ որպեսզի չվնասվի ՀԱՊԿ-ի հեղինակությունը, ցանկալի է, որ մանդատը տրվի մեկ այլ երկրի»,- հեգնական տոնով ասել է Տարասովը։




Քոչարյանի զոհերը

Ընդ որում՝ նրա հեգնական խոսքի քաղաքական ենթատեսքտը ավելի, քան թափացինկ է՝ Տարասովն ակնարկում է, որ Մոսկվան խիստ բացասաբար է վերաբերում Հայաստանում նախկինում կատարաված հանցագործությունների բացահայտմանը, ըստ էության՝ զարգացնելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության թեզը։ Մոսկվայի նման դիրքորոշումն ինքնին հասկանալի է․ բացի այն, որ մի շարք հանցագործություններ ունեն ընդգծված ռուսական հետք՝ դրանց բացահայտումը Հայաստանում վերացնում է այն ինստիտուցիոնալ հենքը, որի վրա տարիներ շարունակ կառուցված է եղել ռուսական վասալությունը




Մյուս կողմից՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հեռ կապված միանգամայն իրական է թվում Տարասովի նկարագրած սցենարը․ Հայաստանի ներկայացուցչի ընտրության հետ կապված ակնհյատ բարդույթյուններ կային դեռ անցած տարի, երբ Ղազախստանն ու Բելառուսն ընդգծված հակահայկական դեմարշ էին իրականացնում ու Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը լուծվեց միայն Մոսկվայի միջամտությունից հետո։ Արդեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հասկացրել է, որ խիստ մտահոգ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակով․ ակնհայտ է, որ Աստանան առիթը բաց չի թողնելու Բաքվի լոբբինգով զբաղվելու համար, մանավանդ՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամային իրավիճակի հիմնական շահառուն հենց Ադրբեջանն է։ Ուշագրավ է, որ այս օրերին Մինսկում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որը Բելառուսի ղեկավարության հետ քննարկում է ռազմատեխնիկական ոլորտում երկկրողմ հարաբերությունները զարգացնելու հարցը։ Ադրբեջանն անցած տաս տարիների ընթացքում 500 միլիոն դոլարը գերազանցող սպառազինություն է գնել Բելառուսից ու համագործակցությունը խորացնելու նպատակ ունի։ Սակայն ադրբեջանական պատվիրակության այցը Մինսկ ուշագրավ է նաև այլ տեսանկյունից․ եթե նոյեմբերին ՀԱՊԿ-ում կոնսենսուս չձևավորվի Հայաստանի նոր ներկայացուցչի շուրջ, ապա գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է հենց Բելառուսին։ Բաքվի այս օրերի ակտիվությունը բելառուսական ուղղությամբ, անկասկած, կապված է նաև այդ հանգամանքի հետ։

Ստեղծված իրավիճակում Մոկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը դրաձնելու է առիթ՝ Երևանի վրա ճնշում գործադրելու, մյուս կողմից՝ Մինսկի ու Աստանայի հետ իր ոչ այնքան բարդ հարաբերություններում հստակեցումներ մտցնելու համար։


Արդյո՞ք Մոսկվան Հայաստանի կառավարությանն ինչ-որ նախապայմաններ կթելադրի՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցում Երևանի դիրքորոշումները պաշտպանելու համար, թե՞ կգերադասի ցուցադրաբար պատժել Հայաստանին՝ հասկացնելով, որ կասկածի տակ է դնում նրա գործընկերային հուսալիությունը։ Մոսկվայի վարքագիծը հետաքրքիր է՝ հասկանալու համար, թե ի՞նչ ընթացք են ունենալու հայ-ռուսական հարաբերությունները և, ի վերջո՝ նոր իրավիճակում ո՞րն է Կրեմլի քաղաքականությունը։

Մյուս կողմից՝ խիստ էական ու սկզբունքային է Հայաստանի դիրքորոշումը․ արդյո՞ք Երևանը կգնա որոշակի զիջումների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու համար, թե՞ սկզբունքորեն կմնա նույն դիրքերի վրա՝ համարելով, որ չարժե որևէ գին վճարել, ըստ էության, մեծ կշիռ չունեցող պաշտոնի համար։ Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չէ, այլ այն կորցնելու հետևանքով առաջացող համատեքստը, որը, բնականաբար, բարենպաստ չէ Հայաստանի համար․ ակնհայտ է, որ Բաքվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նոր ներկյացուցչի ընտրության գործընթացի վիժեցումը համարելու են ռուս-հայակական հարաբերություններում առկա խորքային ճգնաժամի դրսևորում, ինչն ավելի ռազմատենչ ու սանձարձակ է դարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը՝ մեծացնելով պատերազմի վերսկսման ռիսկերը։


Մյուս կողմից՝ երեկ խիստ ուշագրավ տեղեկատվություն է տարածել Timesofindia-ն։ Լրատվական այս աղբյուրի պնդմամբ՝ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ․ այն մշակվել է Հնդկաստանի սպառազինության հարցերով գիտահետազոտական ինստիտուտի կողմից, որը պաշտպանության հետազոտության և զարգացման կազմակերպության լաբորատորիան է: Լաբորատորիայի տնօրեն Կ. Մ. Ռաջանը նշել է, որ Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանը: «Այդ նպատակով մենք հայկական պատվիրակության համար իրականացրել ենք փորձնական հրաձգություն Ռաջաստանի նահանգի Պոկրան քաղաքում: Արդյունքները գերազանց էին: Քանի որ այս որոշումը կայացվելու է կառավարությունից կառավարություն, մենք դեռ պետք է ստանանք պաշտոնական գնումների մասին համաձայնագրի մասին որոշում: Հայաստանը հետաքրքրված է երկու տեսակի հրթիռներով»,- ասել է Ռաջանը: Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այն տեղեկատվությունն, որ այս օրերին Հնդկաստանում է գտնվում ՀՀ ԶՈւ պատվիրակությունը՝ ձեռնպահ մնալով մանրամասներ ներկայացնելուց։

Հայտնի է, որ Մոսկվան միշտ խանդով է վերաբերել Հայաստանի մտադրություններին՝ սպառազինություն ձեռք բերել երրորդ երկրից՝ համարելով դա հարված իր կենսական շահերին։ Արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը փոփոխություններ է առաջացրել նաև այս հարթության վրա՝ նպաստելով Երևանի ռազմատեխնիակական համագործակցության դիվերսիֆիկացմանը, թե՞ հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների ֆոնին Երևանը Մոկվային ցանկանում է հասկացնել, որ կարող է գտնել այլընտրանքային լուծումներ։ Այս հարցերի պատասխանները կստանանք առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->