>

Ռոբերտ Քոչարյան քաղաքական, պետական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նա ունի բարոյական, իրավական եւ քաղաքական իրավունք՝ քաղաքականությամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է»,- նշեց նա։




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ ՀՀԿ-ն կհամախմբվի՞ Քոչարյանի շուրջ, Շարմազանովն պատասխանեց, որ ՀՀԿ-ն արդեն համախմբված է իր գաղափարների շուրջ:




«Ով այս օրակարգով կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել, այդ թվում նաեւ Քոչարյանի»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ եթե քնած հրաբուխներին ձեռք չես տալիս, չեն արթնանում, Շարմազանովը պատասխանեց. «Եթե կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախօրեին կայացած հանդիպմանը՝ Շարմազանովն ասաց. «Ամենակարեւորը՝ ֆիքսվեց շատ կարեւոր բան՝  Հայաստանում բազմակարծությունը, այլակարծությունն ու խոսքի ազատությունը աներկբա փաստ է, երկրորդ՝ դատական համակարգը, օրենսդիր եւ գործադիր համակարգերը իշխանության առանձին ճյուղեր են, եւ որեւէ մեկը չի կարող մտնել մյուսի ֆունկցիայի մեջ: Սա Սահմանադրությամբ է սահմանված: Երրորդ՝ սահմանադրական փոփոխությունների հարցը կքննարկենք, կխոսենք, եւ եթե պետք է դա լինի, կարելի է քննարկել նաեւ հանրաքվեով գնալու տարբերակը: Սրանք տարբերակներ են, ես միշտ էլ մտածել եմ, որ իմ կարծիքը չպետք է բոլորի համար դոգմա լինի»,- ասաց Շարմազանովը:


Հարցին, թե ԱԺ-ն կհամաձայնի՞ վարչապետի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որից հետո կգնա ինքնալուծարման, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես Փաշինյանի ելույթին արձագանքել եմ եւ շատ խիստ քննադատել եմ, որ այն ամենը, որի համար Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին, որ մենք իշխանությունը պահելու, աթոռը պահելու համար սահմանադրական փոփոխությունների ենք գնում, հիմա ինքը գնում է նույն ճանապարհով: Ի՞նչ է նշանակում խորհրդարանն ինքնալուծարվի: Մենք կուսակցությունում չենք քննարկել: Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, որ դեմ եմ դրան, բայց կքննարկենք: Այնպես չէ, որ իմ կարծիքը ՀՀԿ-ում միակն է»:

ԱԺ-ն փոխնախագահ Շարմազանովը նշեց, որ խորհրդարանը չի ընտրվում ժողովրդի տրամադրություններով կամ հրապարակում «նովգորոդյան վեչե»-ի բացականչություններով: ԱԺ-ն ընտրվում է օրենքով, եւ եթե ընտրությունն օրինական է եղել, եթե որեւէ խնդիր չի եղել, ապա այն պետք է գործի միջեւ 2022 թվականը: Նրա խոսքով՝ եթե այդպես լինի, որեւէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի.


«Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա առնվազն ամեն 6 ամիսը մեկ պետք է ընտրություններ անենք, որովհետեւ իրողություն է փոխվել երկրում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է փոխվել 2 ամիս հետո: Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ արտաքին ցանկացած մի փոքր շեղում կարող է Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա շատ լուրջ ազդեցություն ունենա»,-ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, որ նախկին երեք նախագահներն էլ սահմանադրական փոփոխություններ են իրականացրել, Շարմազանովն արձագանքեց, որ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել 10 տարին մեկ, իսկ հիմա փորձում են մի քանի ամիս անց այն փոխել. «Պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ մտահոգվելով, որ եթե մայիսի 8-ին հրաժարական տա, ԱԺ-ում կարող է դավադրություն լինի, ինչպես ինքն է ասում եւ ընտրեն նոր վարչապետի»:

Հարցին, թե բացառո՞ւմ է այդ տարբերակը, նա արձագանքեց. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա մասին վաղ է խոսելը»:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->