>

Lragir.am-ը գրում է՝

Ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե համարում է արդյոք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի առաջադրումն էր վարչապետի պաշտոնին, տվել է դրական պատասխան: Քոչարյանը հայտարարեց, որ սխալ էր Սահմանադրությունը փոխելը, ու նաեւ վարչապետի պաշտոնում փաստացի երրորդ ժամկետի առաջադրվելը:

Էլ ինչ է ասել այդ թեմայով Ռոբերտ Քոչարյանը, մնացել է կադրի հետեւում, քանի որ հարցազրույցից ակնհայտորեն պարզ էր, որ նա էլի է ինչ որ բան ասել այդ թեմայով, սակայն մոնտաժել են եւ թողել այդքանը:




Քոչարյանի զոհերը

Կամ երկրորդ նախագահը «տաքացել» ու էլի ինչ որ բաներ է ասել երրորդի հասցեին, որը հետո ավելի սառը գլխով որոշել են չհեռարձակել, կամ ասել է բաներ, որոնք պահել են այլ առիթի, այլ ժամանակի, այսպես ասած «դոզավորելով»:




Սակայն, անգամ առանց այդ չբացված մասի էլ, Ռոբերտ Քոչարյանի խոսքը փաստացի ոչ միայն մեղադրանք էր Սերժ Սարգսյանին, այլ նաեւ ՀՀԿ-ին, որը քվեարկել է նրա վարչապետության օգտին: Ավելին, ՀՀԿ պարագայում դա այլ բան չէր, քան ապտակ, հաշվի առնելով այն 40 եւ ավելի ստորագրությունը, որ ՀՀԿ խմբակցությունը հավաքել էր Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Խոսելով այն մասին, որ տեղի ունեցածի պատճառը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն էր, առաջադրումը վարչապետի պաշտոնում, Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ին գործնականում ասում է, թե այդ ստորագրություններն իրեն պետք չեն: Երկրորդ նախագահն ասում է, որ պետք էր չքվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին, իսկ դա անելուց հետո արդեն իր օգտին ստորագրություն հավաքելն իրեն պետք չէ:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ազատության հարցը չթողեց ՀՀԿ ստորագրությունների հույսին, այլ ապավինեց դատարանին, դատավորին, որը հինգ տարի եղել էր իր նախագահական աշխատակազմում:


Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ հասցեին հատկանշական է այն բանից հետո, երբ աշխույժ խաղի մեջ մտավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որին այդ կարգավիճակում առաջադրելու առումով շատերն էին հարցնում, թե ինչ է անելու «ոչ քաղաքական» Բաբլոյանը, ինչու՞ է Սերժ Սարգսյանն առաջադրում նրա թեկնածությունը:

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո Բաբլոյանը գնաց նրա հետ պայմանավորվելու, կամ ավելի շուտ ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած «իշխանության սահուն փոխանցման» պայմանավորվածությունը վերհաստատելու, որի խախտման հետեւանքի մասին փաստացի զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին:


Հատկանշական է, որ հենց դրանից հետո է Ռոբերտ Քոչարյանը գրեթե բաց տեքստով մեղադրում Սերժ Սարգսյանին, իսկ ՀՀԿ-ին էլ ակնարկում, որ իրեն պետք է ոչ թե ստորագրություն, այլ հպատակություն:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ին դնում է ընտրության առաջ, կամ շեշտում ընտրության առաջ լինելու հանգամանքը: ՀՀԿ-ն պետք է կամ հայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանը սխալվում է, եւ Սերժ Սարգսյանի Սահմանադրության փոփոխությունն ու նրան վարչապետ նշանակելը ճիշտ էր, կամ պետք է խոստովանի, որ «Քոչարյանը ճիշտ էր, իրենք սխալվեցին»՝ վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանին:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ից դե ֆակտո պահանջում է «հանձնել» Սերժ Սարգսյանին եւ անցնել իր դրոշի ներքո, իսկ թե ինչ պայմանով՝ կորոշի ինքը: Պայման թելադրելու համար էր ՀՀԿ-ն ստորագրություն հավաքում Քոչարյանի համար, եւ պայման թելադրելու համար է Ռոբերտ Քոչարյանը տեղի ունեցածի պատասխանատվությունը գցում ՀՀԿ-ի վրա, որն անփոխարինելի էր հռչակել Սերժ Սարգսյանին:

Իրավիճակն այդ իմաստով իսկապես ծանր է, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀԿ որպես այդպիսին չկա, եւ լինելու են անհատական կողմնորոշումներ՝ ՀՀԿ անվան ներքո:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->