>

Lragir.am-ը գրում է՝

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առիթով հաճախ են նաեւ հարցադրումները, թե ինչու՞ նա հարցազրույց տվեց հենց ՆՏՎ-ին, այսինքն ռուսական լրատվամիջոցի, հատկապես, երբ շատ է խոսվում, որ երկրորդ նախագահը ձեռք է բերում հայկական ԶԼՄ-ներ, ընդհուպ հեռուստաընկերություններ:

Ռոբերտ Քոչարյանն ՆՏՎ հեռուստաընկերության հետ գործակցության ավանդույթ ունի դեռեւս նախագահության շրջանից: Հենց այդ հեռուստաընկերության եթերից է նա հռչակվել «վոին»:




Քոչարյանի զոհերը

ՆՏՎ հեռուստաընկերությունը ներկայում պատկանում է Գազպրոմմեդիահոլդինգին, որի թոփ մենեջերների շարքում երկու հայ կա՝ Արթուր Ջանիբեկյանը, ով ժամանցային մասում է, եւ Ռաֆայել Մինասբեկյանը, ՈՒՀԱ հայկական երկու հայտնի՝ Շարմ եւ Նոր հայեր թիմերի նախկին խաղացողներ:




Հետաքրքիր է նաեւ, որ ամիսներ առաջ Ռաֆայել Մինասբեկյանը Սերժ Սարգսյանի հյուրն էր, մասնավորապես նոյեմբերի 26-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրից հետո, որի կապակցությամբ մի քանի օր անց ՆՏՎ հեռուստաալիքը կազմակերպել էր Հայաստանի հասցեին վիրավորական բովանդակությամբ հաղորդում: Սերժ Սարգսյանը կարճ ժամանակ անց Մինասբեկյանի հետ Երեւանում տեղի ունեցած հանդիպմանն այդ հարցը չէր քննարկել, բայց քննարկել էին Հայաստանը լավ ներկայացնելու, նաեւ հայ-ռուսական հարաբերության հարցեր:

Որեւէ դեր ունեցե՞լ են, կամ ունե՞ն ազգությամբ հայ թոփ-մենեջերները Ռոբերտ Քոչարյանի եթերաժամանակի հարցում, դժվար է ասել, թեեւ հետաքրքրող հարցը ավելի շուտ այն է, թե Քոչարյանի ինչի՞ն էր պետք ռուսական լսարանի այդ եթերաժամանակը:

Տարօրինակ կարող է հնչել, բայց պետք էր թերեւս հայկական լսարանի համար, հայկական լսարանին «ռուսական գործոն» ցույց տալու համար: ՆՏՎ-ն Ռուսաստանի համապետական հեռուստաալիքներից է, որոնցից մյուս երկու խոշորները՝ Առաջին ալիքն ու Ռոսիան, անմիջականորեն ենթակա են պետությանը եւ ասոցացվում են դրա հետ անմիջապես: Ըստ այդմ, երկու այդ ալիքները կամ եղել են շատ ավելի թանկ, կամ գործնականում անհնար է եղել Հայաստանի ներքին խնդիրների համար դրանցում եթերաժամանակ ստանալը: Այլ է իրավիճակը ՆՏՎ պարագայում, որը իհարկե ենթակա է պետությանը, սակայն ֆորմալ իմաստով ուղիղ չի ասոցացվում դրա հետ, եւ այստեղ հնարավոր է ավելի «ճկուն» քաղաքականություն:


Իսկ Ռոբերտ Քոչարյանի համար շատ կարեւոր է ցույց տալ, որ ունի թիկունք Ռուսաստանում: Դա է պատճառը, որ երկրորդ նախագահի համար էական է դառնում ռուսական հեռուստաեթերում լինելը: Դա հայկական լսարանի վրա հոգեբանական ներգործության փորձ է:

Որքանո՞վ կարող է արդյունավետ լինել այդ փորձը, այլ հարց է: Հայաստանի նախորդ համակարգում, ընդ որում ոչ միայն դրա իշխանական մասի, այլ նաեւ ընդդիմադիր, զգալիորեն հանրային հատվածների մտածողության ու հոգեբանության մեջ ռուսական գործոնը ունեցել է որոշակիորեն մոգական ազդեցություն: Ռոբերտ Քոչարյանի հաշվարկային թիրախներից մեկն այդ ազդեցությունն է:

Մյուս կողմից, հատկապես 2016-ի ապրիլից հետո Հայաստանում մտածողություն ու հոգեբանություն է փոխվել, նաեւ այդ՝ ռուսական գործոնի մասով: Իրավիճակը նոր լիցք է ստացել թավշյա հեղափոխությունից հետո: Միաժամանակ, նշմարվում են նաեւ նոր իրավիճակի հակվածության միտումներ Ռուսաստանից, որտեղ քաղաքական իշխանության մակարդակում թերեւս գիտակցում են այն խնդիրները, որ արդեն նաեւ Ռուսաստանին է սպառնում հայ-ռուսական հարաբերության «ավանդական» եղանակը եւ բնույթը:


Այդ գիտակցման բավականին վառ դրսեւորում էր այն դիրքորոշումը, որ Կրեմլը ցուցաբերեց Հայաստանում թավշյա գործընթացի հանդեպ, չնայած այն մեծ ճիգերին, որ ապրիլի 25-ից սկսած գործադրեց Հայաստանի հեռացող համակարգը Ռուսաստանից օգնություն կանչելու ուղղությամբ:

Բայց, եթե Ռոբերտ Քոչարյանը մտել է քաղաքականություն, նա անելու այլ բան չունի, քան խաղալ կամ փորձել խաղալ հին բազայով: Նորը նա չունի, իսկ չխաղալ՝ եթե հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, նա չի կարող:

Միաժամանակ հատկանշական է, որ երկրորդ նախագահը շատ զգուշավոր է խաղընկերների հարցում, չցանկանալով նրանց հանդեպ ստանձնել կոնկրետ պատասխանատվություն՝ թե ներքին, թե արտաքին: ՆՏՎ-ի հարցազրույցն  ուներ իհարկե նաեւ ռուսական էլիտայի որոշակի շրջանակների լսելի դառնալու ակնկալիք, բայց առանձնահատուկ է այն, որ Քոչարյանը այդ առումով չստանձնեց որեւէ բովանդակային առաջարկի պատասխանատվություն, այլ ընդամենը ակնարկեց, որ ինքն է պատրաստ լսել առաջարկներ այդ շրջանակներից՝ Հայաստանում նրանց օգտակար լինելու մասով:

Գործնականում, նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռուսաստանում ֆորմալ աշխատանք գտած Ռոբերտ Քոչարյանը ՆՏՎ հեռուստաընկերությամբ նաեւ ոչ ֆորմալ առումով էր ռուսաստանյան գործատու փնտրում, բայց Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->