>

Կարծում եմ, Կրեմլը կընդունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը: Սակայն, վստահ չեմ, որ հնարավոր աջակցությունը Ռուսաստանը կցուցաբերի ուղիղ և հանրային կերպով, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականության ոճը հիմք է տալիս ենթադրել, որ Մոսկվան կգործի կուլիսների հետևում և ուղղակի կերպով չի մտնի գործընթացի մեջ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսական «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

Ըստ մեր զրուցակցի, ցանկացած պարագայում, ի տարբերություն թուրքերի, որոնք հիմա ըստ էության հանդիսանում են կոնֆլիկտի կողմ, Ռուսաստանը իրավունք ունի պաշտոնապես և հանրային կերպով իրականացնել հակաահաբեկչական օպերացիա արցախյան հակամարտության գծում՝ Արցախի, Հայաստանի ու Իրանի հետ միաժամանակ, ինչը թույլ կտա մաքրել միջազգային ահաբեկչական խմբավորումներից ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաև արդեն Հյուսիսային Կովկասը:




Քոչարյանի զոհերը




Հարցին, թե հատկապես ի՞նչպիսի աջակցություն է ակընկալում Արցախը Կրեմլից, Սարգիս Ծատուրյանը կարծիք հայտնեց, թե խոսքը, թերևս ռազմատեխնիկական օգնության մասին է, քանի որ խոսել այն մասին, որ Ռուսաստանը հիմա խաղաղապահներ կարող է ուղարկել տարածաշրջան, դեռևս վաղ է, չնայած նման գաղափարներ կան և քննարկվում են:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի կողմից երեկ «Վալդայ» ակումբում հնչեցրած ուղերձներին, ապա դրանք, ըստ Ծատուրյանի, բավականին հստակ էին: Պուտինը հասկացնել տվեց, որ Ռուսաստանը Անդրկովկասում ունի ռազմավարական հետաքրքրություններ և Թուրքիան անցել է չափը:


«Թուրքիան ոչ միայն զինում է Բաքվի կլոպտոկրատիային, Թուրքիան ոչ միայն կոնֆլիկտի գոտի է ուղարկում միջազգային ահաբեկչական խմբավորումներ, այլ նաև մարտահրավեր է նետում Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը: Ես նկատի ունեմ Անկարայի կողմից Ղրիմի չճանաչելը. Պուտինը, բավականին միանշանակ հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում Էրդողանի կարծիքը Ղրիմի հարցի վերաբերյալ և ուղղակիորեն մատնանշեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր պատկերացումներ ունեն նաև Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը մշտապես մրցակցել են Անդրկովկասում»,-փաստեց Ծատուրյանը:

Ըստ մեր զրուցակցի, Արցախի հարցը չի կարող առևտրի առարկա լինել ռուսների և թուրքերի միջև, քանի որ Արցախը, ինչպես և Ադրբեջանը մինչ Գյուլիստանի պայմանագիրը Պարսկական կայսրության մաս էին: Այնպես որ թուրքերը, իրենց հնգդարյա պատմության ընթացքում երբեք այնպիսի ռեսուրսներ չեն ունեցել, որպեսզի կարողանան իշխող դիրք գրավել Արցախում և այսօր էլ նման ռեսուրսներ չունեն:

«Բացի Անդրկովկասյան ռազմական գործողությունների թատերաբեմից, Թուրքերն այս պահին ունեն Սիրիայի սահմանները, բարդ իրավիճակ Լիբիայում, որոշակի խնդիրներ Իրաքում, այնպես որ ես կարծում եմ, որ Թուրքիան ի նկատի կունենա Պուտինի հնչեցրած ազդակները, չնայած այն բանին, որ վերջինս շատ փափուկ կերպով դրեց շեշտադրումները: Մյուս կողմից, փաստը, որ Պուտինը հիշեցրեց Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածի մասին, խոսում է այն մասին, որ Կրեմլը ճանաչում է պատմական արդարությանը և մեր ազգային ազատագրական պայքարն այս պահին»,-համոզմունք հայտնեց Ծատուրյանը:


Հարցին, թե Ռուսաստանը մոտ ժամանակներում կարո՞ղ է ունենալ տրամադրություններ Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ, Սարգիս Ծատուրյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը այս պահին, իր կարծիքով, չունի նման պլաններ: Ըստ նրա, ավելի հավանական է սպասել այդ քայլը Ֆրանսիայի կողմից, որը կարող է լինել առաջին արտասահմանյան պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը:

«Սակայն, եթե մենք ուզում ենք, որ ֆրանսիացիները դա անեն հնարավորինս արագ, ապա Հայաստանը պետք է օրինակ ծառայի այդ հարցում: Ֆրանսիացիները չեն կարող ավելի հայ լինել քան իրենք հայերը: Եթե Հայաստանը ընդունի Արցախի հանրապետության անկախությունը, ապա Ֆրանսիայի համար ավելի հեշտ կլինի ընդունել ռեզոլուցիան, որը արդեն խորհրդարան է մտել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նաիրա Բաղդասարյան


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->