>

Ինտերֆաքսի բարձրաստիճան աղբյուրը տեղեկացրել է, որ Մոսկվայում ստացել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու Հայաստանի հարցումը: Միքայել Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի, ըստ ՌԴ սահմանադրության՝ արգելվում է Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումն արտասահմանյան երկրներին, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հիմքով Մոսկվան մերժելու է Երեւանի հարցումը:

Մարտի 1-ի գործով Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Մեղադրանքի հիմքում 0038 գաղտնի հրամանն է, որով զորք է մտցվել Երեւան:




Քոչարյանի զոհերը

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ հրամանից եւ խաբար չունի, թե զորքն այդ օրերին ինչով է զբաղվել: Դա ասում է այն ժամանակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Նա ասել է նաեւ, թե տեղեկություններ չունի, թե ովքեր են կրակել ցուցարարների ու ոստիկանների վրա եւ սպանել 10 հոգու:




Ի դեպ, այս իրադարձությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Քոչարյանը մեկնել էր Մոսկվա, 2008-ի մարտի 1-ին:

Հնարավո՞ր է, որ նա չգիտեր զորքի տեղաշարժից: Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի էր, Յուրի Խաչատուրովն էլ իրեն միշտ համարել է ռուս գեներալ եւ գործել ըստ այդմ: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ ըստ նույն Քոչարյանի՝ սպանությունները տեղի են ունեցել իշխանության ու ընդդիմության վերահսկողությունից դուրս տարածքում, ստացվում է, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կազմակերպել է մի երրորդ ուժ, տվյալ դեպքում ենթադրվում է, թե ով:


Չի բացառվում, որ հայտնվելով բարդ վիճակում, Քոչարյանն իր այդ հայտարարություններով այդպիսով օգնության էր կանչում Մոսկվային՝ իրեն մենակ չթողնելու «համատեղ հանցանքի» համար, նաեւ այն հեռանկարով, որ Մոսկվան աջակցի իր հետագա քաղաքական ծրագրերին: Զուր չէ, որ իր վերջին հարցազրույցներում նախկին նախագահը բացահայտ «տղա է կանչում» Հայաստանի վրա, չտարբերվելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, որոնք անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններից:


Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ակամա ստանձնում է մարտի 1-ի պատասխանատվությունը, եւ իր հետագա գործողություններն, այդ թվում Հայաստանի ներքին գործընթացների կապակցությամբ, դիտարկվելու են հենց այս համատեքստում:

Միքայել Հարությունյանին ՌԴ-ն չի արտահանձնի, Յուրի Խաչատուրովը ներկայում Մոսկվայում է, նրան էլ չեն «արտահանձնի», իսկ Ռոբերտ Քոչարյանի հետագա գործողություններն ընկալվելու են որպես Մոսկվայի միջամտություն Հայաստանի ներքին խնդիրներին՝ դրանից բխող հետեւանքներով:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->