>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 30-ի կառավարության նիստում հայտարարել է ադապտացիոն շրջանի ավարտի եւ բարեփոխումների առավել դինամիկ եւ խորքային փուլի մեկնարկի մասին: Փաշինյանը հայտարարել է, որ բարեփոխումները պետք է կատարվեն հանրության հետ սերտ քննարկումների միջոցով, որպեսզի դրանք չլինեն ցավոտ:

«Ես բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն», նոր փուլի մեկնարկը ազդարարելով կառավարության անդամներին է դիմել Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այդ մաղթանքը ինչ որ առումով հնարավոր է դիտարկել նաեւ զգուշացում, հատկապես այն ֆոնին, երբ նա հայտարարում է «ադապտացիոն» փուլի ավարտի մասին:




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ նոր կառավարության, գործադիր նոր իշխանության ու գերատեսչությունների ձեւավորման կադրային գործընթացը արժանացել է հանրային ոչ միարժեք գնահատականի: Եղել են մի շարք նշանակումներ, ու դրանից հետո նաեւ մի շարք պաշտոնյաների գործունեության դրվագներ, որոնք հարցեր եւ տարակուսանք են առաջացրել անգամ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի ամենանվիրված աջակիցների շրջանում:




Ընդ որում, աներկբա է նաեւ, որ այդ դրվագները առաջինը հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանին: Միեւնույն ժամանակ, կա նաեւ այդ խնդրի մյուս կողմը՝ Նիկոլ Փաշինյանի վրա է ծանրացած կառավարման ամբողջ բեռը, դրա այսպես ասած ոչ ֆորմալ, սակայն բովանդակային համապարփակ իմաստով:

Իսկ այստեղ խնդիրն այն չէ, որ Փաշինյանը կարող է ի վիճակի չլինել կրել այդ բեռը: Խնդիրը այստեղ այն է, որ ինքնին այդ վիճակը, երբ բեռն ամբողջությամբ ծանրացած է առաջնորդի ուսին, կառուցողական արդյունավետության քիչ հեռանկար ունեցող վիճակ է, ռիսկային վիճակ, որովհետեւ ի վերջո թավշյա հեղափոխության օրակարգն ու առաջնահերթությունը հենց Հայաստանի կոռուպցիոն համակարգի ցուցանակի դերում հայտնված պետությունից իրապես ինստիտուցիոնալացված պետականության վերափոխելն է:

Իսկ դա պահանջում է պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալ բաշխվածության համաչափություն եւ քաղաքական պատասխանատվության ներդաշնակ կառուցվածք:

Այդ հրամայականի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը գործնականում զգուշացրել է բոլորին, որ այլեւս աշխատանքը չափվելու է այլ կերպ եւ չի գործելու «ադապտացիոն» ալիբին:


Այդ տեսանկյունից հատկանշական է այն, ինչ մաղթում է վարչապետը պաշտոնյաներին՝ պրոֆեսիոնալիզմ, խելամտություն, իմաստնություն:

Ի՞նչ է սպասվում դրանց բացակայության պարագայում: Արդյոք ադապտացիոն շրջանի ավարտն ազդարարելուց հետո դրանց բացակայության հանդեպ այլեւս չի լինելու ներողամտություն, եւ բացակայությամբ աչքի ընկնող պաշտոնյան պարզապես կթողնի իր աշխատանքը:

Այստեղ կա իհարկե նաեւ մեկ այլ հանգամանք՝ ժամանակը: Ադապտացիոն շրջանը գուցե ավելի շատ պետք էր Նիկոլ Փաշինյանին, քան պաշտոնյաներին, որ նշանակվել են մայիսի 8-ից հետո: Բանն այն է, որ կադրային քաղաքականության առումով կա մի քանի բավական նուրբ ասպեկտ: Մի կողմից հստակ է, որ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած եւ խորհրդարանի մեծամասնության բացակայության, համատարած կոռուպցիոն սխեմաներով կառավարվող իրողության պայմաններում գործադիր իշխանության պատասխանատվությունը ստանձնած եւ իրավիճակի վերափոխման պատասխանատվություն կրող Փաշինյանը նշանակումների զգալի մասում գերազանցապես առաջնորդվելու էր իր համար վստահելիության, վերահսկելիության, հարկ եղած դեպքում անձնական հավատարմության տրամաբանությամբ:


Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը գուցե թե միանգամայն գիտակցված գնում էր նաեւ այն իրողությանն ընդառաջ, որ դե ֆակտո իր վրա կարող է կրել կառավարման ամբողջ բեռը, կամ գերակշռող մասը, որովհետեւ այդուհանդերձ մի քանի նշանակումներ՝ առանցքային ոլորտներում, բավական դրական եւ արդյունավետ էին:

Դա այն «գինն» էր, որ Փաշինյանը վճարում էր ադապտացիոն շրջանում իր համար իշխանության առավելագույն կառավարելիություն ապահովելու համար:

Սրան զուգահեռ, հնարավոր է նաեւ մեկ այլ խնդրի՝ «կադրային սովի» առկայությունը: Հայաստանում այդ խնդիրը կա, որը միաժամանակ ավելի բարդանում է նրանով, որ եղած արժեքավոր ոչ այնքան շատ կադրերի համար էլ պետական համակարգը գրավիչ չէ աշխատավարձերի ցածր լինելու պատճառով:

Այստեղ իրավիճակը պահանջում է ժամանակ՝ կադրեր-գին-որակ համամասնություն ստանալու, որոշակի բազային համայնապատկեր ձեւավորելու համար:

Ադապտացիոն փուլը նաեւ թերեւս այդ ժամանակն էր, եւ այժմ պետք է ենթադրել, որ վարչապետ Փաշինյանը իր առաջ ձեւավորել է կադրային որոշակի պաշար, բազա՝ թե Հայաստանից, թե արտերկրից, ինչը նրան կարող է թույլ տալ արդեն սահմանել պաշտոնեական պիտանելիության, պաշտոնավարման առավել բարձր նշաձող, անցնելով արդեն իր վրա կենտրոնացած բեռը համաչափ բաշխելու, պատասխանատվությունը պետական համակարգում ներդաշնակ տեղաբաշխելու խնդրին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->