>

Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը չեն քննարկել նրա քրեական հետապնդմանն առնչվող հարցեր, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը; Պեսկովը ասել է, որ Քոչարյանն ու Պուտինը երկար տարիների ընթացքում ունեն լավ հարաբերություն, եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները դրա վրա ազդեցություն չեն թողել:

Պեսկովի մեկնաբանությունը, կապված հասկանալիորեն զգալի ուշադրության կենտրոնում հայտնված Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի հետ՝ Քոչարյանի ծննդյան տարեդարձի առիթով, պարունակում է մի քանի ուշագրավ հարց:




Քոչարյանի զոհերը

Օրինակ, եթե նա ասում է, որ Հայաստանում տեղի ունեցողը ազդեցություն չի թողել Պուտին-Քոչարյան տարիների լավ հարաբերության վրա, ու միաժամանակ նշում, որ լավ հարաբերություն ունեցող երկու անձինք չեն քննարկել նրանցից մեկի քրեական հետապնդման հարցը, ապա նշանակու՞մ է դա արդյոք, որ Պուտին-Քոչարյան լավ հարաբերությունն էլ ազդեցություն չունի Հայաստանում տեղի ունեցողի վրա:




Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարող խմբերը, կամ նրա վերադարձի հետ որոշակի շահ հետապնդող խմբերը անկասկած փորձելու են Պուտին-Քոչարյան շնորհավորական հեռախոսազրույցը դիտարկել Հայաստանի ներքին զարգացումների ազդեցության գործիք կամ դրվագ, շնորհավորանքը ներկայացնելով մի կողմից որպես աջակցություն երկրորդ նախագահին, մյուս կողմից որպես Փաշինյան-Պուտին կոնֆլիկտի «վկայություն»:

Մյուս կողմից, Պուտինի համար այդ ամենն իհարկե հետաքրքիր չէ, նա անշուշտ լուծում է իր, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի խնդիրները, եւ Պեսկովի հայտարարությունն էլ փաստացի հենց այդ մասին է: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա Պուտին-Քոչարյան զրույցը Հայաստանի ներքին կյանքում, դա Պուտինի խնդիրը կամ հոգսը չէ՝ նա ունի բազմապատիկ ավելի լուրջ եւ խորը հոգսեր այդ մասին մտածելու համար:


Դա Հայաստանի հանրության խնդիրն է, ընդ որում թե լայն, թե այսպես ասած հանրային-քաղաքական-քաղաքացիական էլիտաների կամ այդպիսի հավակնություն ունեցող խմբերի առումով: Նրանց խնդիրն է, եթե Հայաստանում նախ ապրիլյան քառօրյայից, ու առավել եւս թավշյա հեղափոխությունից հետո որեւէ մեկը կարող է որեւէ շատ թե քիչ լուրջ քաղաքական հարց լուծել Պուտինի «անունով»: Եթե Հայաստանում այդպիսի բան դեռեւս հնարավոր է, եթե Հայաստանի հանրությունը դեռեւս կարող է թույլ տալ այդպիսի բան, ապա դա ոչ թե Պուտինի, այլ Հայաստանի հասարակության խնդիրն է:

Հետեւաբար հանրությունն էլ պետք է մտածի, թե ընդհանրապես ինչպես է տեր կանգնում եւ պատասխանատվություն կրում նոր իրավիճակում նոր չափանիշների, նշաձողերի, ելակետերի համար: Ընդ որում, այդ ամենը Ռոբերտ Քոչարյանի անձից դուրս, որովհետեւ այստեղ խնդիրը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն էլ չէ, այլ պարզապես առկա մտածողությունը, պատկերացումները, աշխարհընկալումը:

Եթե այստեղ չկա էական վերափոխում, ապա Ռոբերտ Քոչարյանը չլինի, կգտնվի մեկ այլը, կամ կստեղծվի մեկ այլ Ռոբերտ Քոչարյան:


Այստեղ է բուն խնդիրն ու մարտահրավերը, ոչ թե այն, որ Քոչարյանը վերադարձել է, Պուտինն էլ զանգել նրան շնորհավորել է, ուրեմն հաստատ աջակցում է եւ այլն, եւ այլն:

Կարողանու՞մ է Հայաստանի հանրությունը դուրս գալ այդ շղթայից եւ ստեղծել նոր քաղաքական իրականություն, թե ոչ: Պուտինի զանգը Քոչարյանին հանրության համար ահազանգ է գլխավորապես այդ իմաստով:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->