>

Ինչպիսի՞ տուն կցանկանայիք ձեռք բերել։ Այս հարցը պիտի տա յուրաքանչյուրը, անկախ այն բանից՝ ուզում է բնակարա՞ն գնել, տունը  վերանորոգլե՞լ, թե՞ ժամանակավոր բնակության համար տուն վարձել։

Ամեն մեկը  յուրօրինակ ճաշակ ունի, ուստի, ինչպես ընդունված է ասել՝ «ճաշակին ընկեր չկա»։ Բայց ինչպիսին էլ որ լինի ինտերիերի ձեր սիրելի ոճը, ուզում եք տունը հարմարավետ ու միաժամանակ ոճային տեսնել։ Այնպիսին, որ ամոթ չլինի ընկերներին հրավիրելը։ Եվ, իհարկե, նվազագույն ծախսերով։ Դա հնարավո՞ր է։ Իսկ ինչո՞ւ ոչ։

«Խոսում է Երևան»-ի ներկայացրած այս սկզբունքները, հնարքներն ու մանրամասները կօգնեն, որ տունը թանկ ու նրբաոճ տեսք ունենա։

1.Բարդ գունային կոմպոզիցիաներ




Քոչարյանի զոհերը

Հիշեք․ պատի պաստառները միշտ էլ շահեկան են։ Դրանք ինքնին վատ չեն, բայց շեշտային պատով, նախշերի, ծաղիկների ու նյութակազմվածքների անսովոր համակցությամբ անկասկած ավելի հարուստ ու բազմակողմանի են երևում։

Կարևոր հանգամանք է նաև բուն գույների հաջորդափունջը։ Պիստակագույն պաստառներն ավելի նրբագեղ տեսք ունեն, քան սալաթագույնը։ Իսկ սրճագույնի, բեժի և, օրինակ, մուգ կարմիրի համակցությունն  ավելի հետաքրքիր է, քան երեք բեժ նրբերանգների տանդեմը։


2. Մուգ և սև ծառ





Դրվագազարդման մուգ տարրերն առհասարակ անչափ զարդարում են ցանկացած ինտերիեր։ Ու կարևոր չէ՝ մուգ տախտակը հատակին կփռեք, մուգ մոխրագույն կներկեք շրջակալները, թե կընտրեք սև շոկոլադի երանգով կահույք։

Նախևառաջ, դա ստեղծում է որոշակի շրջանակ, որի շուրջ ավելի հեշտ է կառուցել ինտերիերը, երկրորդը, դա ավելի վառ ու արտահայտիչ տեսք ունի։ Ամենակարևորը, որ մուգ նյութակազմվածքներով չափը չանցնեք և հարմարավետ տունը մռայլ կացարանի չվերածեք։

3. Հետաքրքիր երեսկալ

Եկեք անկեղծ լինենք․ այն, ինչ առաջարկում է կահույք արտադրողների մեծ մասը որպես երեսկալման նյութ, ընդամենը լայն սպառման արտադրանք է, ոչ ավելին։ Ընդ որում, բավական գռեհիկ տեսք ունեն։ Իսկ գործվածքների նմուշօրինակներում ոչ գեղեցկություն կա, ոչ էլ՝ մի կարգին տեսք։ Իսկ իսկապես լավ ապրանքը թանկ  է ու նույնիսկ բավական թանկ։

Հետևաբար, շատ դիզայներներ և դեկորատորներ հետևում են գաղտնի կանոնին․ նրանք գնում են իրենց դուր եկած փափուկ կահույքի էժանագին նմուշը ամենաբազային երեսկալով և դարձյալ երեսկալում առանձին ընտրած գործվածքով։ Հավատացեք, դա անչափ արդյունավետ է։ Այդպես, օրինակ, իր բազմոցի վրա փող խնայեց ռուսաստանյան Առաջին ալիքի ոճաբան Կատյա Գերշունին։


4. Փայտե հատակ

Ամենամատչելի հատակի տախտակը միշտ նախընտրելի է լինոլիումի միջին գնից։ Բացի դրանից, բնական է ու համապատասխանում է ուզածդ ինտերիերային պատմությանը։ Պարտադիր չէ ականավոր վարպետ լինես, որ հատակդ փայտե տախտակով ծածկես, կեղևատես ու  բծաներկով ներկես։

5. Ճիշտ վարագույրներ

Ուղղահայաց իջնող ծալազարդարանքներով վարագույրները, որոնք մեզանում  շատ են սիրում որպես թանկանոց ապրանք սաղացնել, ընդամենը անճաշակության ու քաղքենիության օրինակ է։ Վարագույներն ինտերիերը կերպարանափոխելու հատկություն ունեն, բայց հարկավոր է որոշ մանրամասներ իմանալ։

Մասնավորապես, լավ վարագույրը պիտի լինի խիտ գործած, հոծ ու ծանրակույտ, ցանկալի է լինի երկտակ, որակյալ գործվածքից ու բավական զուսպ նախշերով։ Վարագույրը պիտի 5-7 սմ հատակին փռված լինի․ սա է վարագույրի գրագետ  երկարությունը։ Դա տեսողականորեն առաստաղին բարձր տեսք է հաղորդում ու սենյակն ավելի հարմարավետ դարձնում։  Եվ չմոռանաք՝ շղարշավարագույրին ոչ մի փայլուն, պլպլան բանվածք չպետք է լինի։



6. Թանկարժեք դետալներ

Մանրամասները կարող են աշխուժացնել կահավորանքը կամ հակառակը՝ փչացնել։  Պլաստիկե շրջանակների, մոմակալների և սրտահաճո այլ անհեթեթությունների առատությունն ամենևին չի գեղեցկացնում ինտերիերը։ Իսկ, այ, ոճավոր սպասքը, պատվերով շրջանակի մեջ առված լավ ռեպրոդուկցիան, ինչպես նաև որակյալ կտորներից տնային մանածագործվածքը նպաստում են բնակարանի կարգավիճակի բարձրացմանը։

Ի դեպ, կարևոր մանրամասներին են վերաբերում դռների ու  կահույքի բռնակներն ու ջահերը։ Եթե ոչ թանկ կահույքի օժանդակ նյութերը փոխեք ոչ ստանդարտ, էքսկլյուզիվ նյութերով, ոչ ոք գլխի չի ընկնի՝  իրականում որքան է այն նստել ձեր գրպանին։

7.  Միասնական ոճի բնակարան

Սա անչափ զորեղ հնարք է, որի մասին բոլորը մոռանում են։ Բնակարաններում հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ խոհանոցն, օրինակ, High-tech ոճով է արված, բնակարանի ամենակարևոր սենյակը՝ հյուրասենյակը՝ դասական կամ կեղծ դասական ոճով, ննջարանը՝ ինչ-որ գեղատեսիլ մի բան,  միջանցքն առհասարակ չգիտես որտեղ է կորել, իսկ լոգասենյակն առանձին պատմություն ունի։

Հիշեք․ պատկերի, ինտերիերի ամբողջականությունը միավորում է բնակարանը, չի մասնատում տարածությունն ու ընդհանուր եղանակ է հաղորդում։

8. Կարգուկանոն

Որքան էլ ծեծված հնչի, բայց դատարկ տարածությունը, ազատ սեղանները, իրերի համար ներկառուցված և թաքնված տեղերն ինտերերին ոճավոր ու թանկ տեսք են հաղորդում։ Որովհետև ապահովված մարդիկ եղած-չեղածով պատշգամբն ու լայնադարակները չեն ծանրաբեռնի։

Ինչ վերաբերում է պահեստավորելու սովորությանը, դա առնչվում է խորհրդային ժամանակներին ու խորհրդային մանկությանը։ Միայն թե այնտեղ այլ փիլիսոփայություն էր։

Ընդհանուր առմամբ, «թանկարժեք» ինտերիերը ոճավոր, բարձրաճաշակ կազմակերպված ինտերիերն է։ Իսկ լավ ճաշակը փողով չես գնի։ Ավաղ․․․

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->