>

Նոյը Ռուսաստանի քաղաքացիություն ուներ, անկեղծ ասած՝ մենք չէինք ուզում, որ ինքը Հայաստանում բանակ գնար, բայց որոշեց, որ պիտի այստեղ սովորի ու ծառայի, մենք էլ չստիպեցինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմում է թշնամու ագրեսիան հետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող Նոյ Թևոնյանի քույրը՝ Սաթին։

«Հիշում եմ, որ մի օր գյուղ էինք գնում, ճանապարհին նկատեց Գեղամա լեռնաշղթան, շրջվեց ու ասաց՝ Սաթ,  բայց ի՜նչ սիրուն են մեռ լեռները, շատ եմ կարոտել։ Ինքը Մոսկվայում չէր մնում,  ու, երբ որոշեց էստեղ բանակ գնալ, ասացինք՝ եթե ուզում ես, ի՞նչ կարող ենք անել»,- պատմեց Սաթին։

Նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ մեծ սեր ուներ Նոյը։ Քույրն ասում է՝ համակարգիչը ինչքան ասես կարող էր  քանդել ու հավաքել, ընդունվել էր Ագրարարային համալսարան, մի կիսամյակ դասի հաճախել, ու հունվարին զորակոչվել բանակ։ Նա ծառայում էր Մատաղիսում։ Զինընկերները Նոյին «ռազվետչիկ պոնչ» էին ասում։




Քոչարյանի զոհերը

«Դպրոցական տարիքում ավելի կլորիկ էր Նոյը, իրեն նմանեցնում էին Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին, ինքն էլ էր նմանեցնում։ Զինկոմիսարիատում փակցված էր հերոսների նկարները, նայեց ու ասաց՝ ի՞նչ նման ենք ես ու Ջիվան Աբրահամյանը, փաստորեն նույն բախտին էլ ինքն արժանացավ»,- նկատեց Սաթին։




Այս օրերին Նոյի հետ հաճախ են կապ ունեցել, իհարկե, ոչ երկար ժամանակով, բայց Նոյը նաև հասցրել է իրենց միջոցով ընկերների ծնողներին լուր հայտնել, որ տղաները լավ են, հանգիստ լինեն։

Նոյը բեկորային վնասվածքներից է զոհվել, բայց մինչև այդ, հասցրել էր զինծառայակից ընկերների կյանքեր փրկել։ Քույրը պատմում է, որ ինչ-որ պահ անելանելի վիճակում են հայտնվել, անգամ զանգել է Մոսկվա՝ ազատամարտիկ հորից խորհուրդներ հարցրել, թե ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել տվյալ դեպքում։ Մարտական մյուս ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցել՝ փրկելով ընկերների կյանքը։

Սաթիի հիշողություններում եղբոր պատմածներից ամենից շատ տպավորվել է հետևյալ դեպքը։


«Զինամթերքով լի մեքենան շրջվել էր ու այրվել, եղբայրս փորձել էր վարորդին փրկել, բայց չէր հասցրել։ Դրանից հետո ես եմ առաջինը խոսել իր հետ,  դե ինչքան էլ, որ զինվոր լինի, մտածեցի, որ դեռ շատ փոքր է, սթրես է տարել, իր աչքի առաջ  մարդ է մահացել, ասացի՝ դու հերոս ես, պատասխանեց, թե էդ ի՞նչ ես խոսում, 18 տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ, դու ինձ ասում ես՝ հերո՞ս»,- պատմեց քույրը։

Դասընկերուհու՝ Ֆլորա Սարգսյանի հիշողություններում Նոյը խելացի, կամեցող, ժպտադեմ աշակերտ էր, սիրված թե՛ դասարանցիների, թե՛ ուսուցիչների կողմից։


«Նոյը շատ խելացի էր։ Մեծ պայուսակով գալիս էր դասի, դրա մեջ ամեն ինչ կգտնեիր՝ համակարգիչների մասեր, մարտկոցներ։ Շատ էր սիրում խոսել տեխնոլոգիաներից, աշխարհում կատարվող այն ամենը՝ ինչ կապված էր նորամուծությունների հետ, իրեն հայտնի էր։ Ամեն օր մի նոր բան էինք սովորում իրենից։ Դասերը պատասխանելուց 5 րոպե առաջ էր ամբողջ նյութը սովորում»,- հիշում է  Ֆլորան։

Նիցշեի սիրահար Նոյը, Ֆլորայի խոսքով, ասում էր՝ «ինչ ոլորտ էլ ընտրեմ, պիտի լավագույն մասնագետը լինեմ»։

«Մի անգամ ասաց՝ գիտե՞ք, թե 4-֊րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչո՞վ են կռվելու, մենք էլ ծիծաղեցինք, թե 3֊-րդը թող լինի, նոր 4-րդի մասին կասենք։ Ասաց՝ հենց հարցն էլ դա է, էս դարում միջուկային զենքեր են օգտագործելու ու ամբողջ աշխարհը վերանալու է, իսկ 4-րդի ժամանակ կռվելու են քարերով»,- հավելեց Ֆլորան։

Նոյը ընտանիքի 4-րդ զավակն էր, 3 ավագ քույրերից հետո սպասված որդին։

«Ընտանիքիս համար շատ մեծ ցավ է, բայց միաժամանակ, ծնողներս նաև հպարտանում են, որ էսպիսի զավակ են դաստիարակել, ով հայրենիքի պաշտպանության համար անգամ կյանքը չի խնայել»,- եզրափակում է Սաթին

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->