>

«Անահիտ» հետախուզական ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյան…




Քոչարյանի զոհերը

«17 տարեկանում ամուսնացա, 24-ում արդեն այրի էի… զոհ տալով հասա Հայաստան: 1989 թիվն էր: Բաքվում էինք ապրում՝ ես, ամուսինս՝ Վիկտորը, երկու տղաներս, մեկը՝ 5, մյուսը՝ 3 տարեկան: Ամեն օր սարսափելի դեպքերի մասին էինք լսում ու ականատես լինում: Մի օր որոշեցինք վերցնել երեխաներին ու գալ Հայաստան: Հաջորդ առավոտյան ճանապարհ ընկանք: Երկու թաղամաս էլ չէինք անցել մեր շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ մեր հարևանի տղան էր, կտրեց մեր ճանապարհն ու … սպանեց ամուսնուս…





Հրաշքով փրկվելով հասանք օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռները մեզ ու շատ այլ փախստականների հասցրին Երևան: Երևանում իմացա, որ ծնողներիս ևս հաջողվել է փախչել: Բագրատաշենում էին: Գնացինք նրանց մոտ: Մեծ տղաս, որ գիտակցում էր կատարվածն ու հոր հետ պատահածը, մոտ մեկ տարի չխոսեց…1991-ի հոկտեմբերին տղաներիս թողեցի ծնողներիս մոտ ու մեկնեցի առաջին գիծ՝ վրեժ ունեի լուծելու:

«Անահիտ» ջոկատը, որը ենթարկվում էր Արկադի Տեր-Թադեւոսյանին: Պարգև Սրբազանը մեզ կցեց նաեւ Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու: Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը:
Մասնակցել եմ Մարտակերտի շրջանի՝ Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլ տարածքների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:


Մարտերից մեկի ժամանակ տեսա ամուսնուս սպանողին… Նա վախից խոստովանեց: Խնդրեց ներել իրեն, բայց նրանց անհնար է ներել…

Վրեժդ լուծելուց բավականություն ես ստանում, մեծ բավականություն: Թուրքը պետք է իմանա, որ 1915 թվի հայը չկա, հիմա հայը պայքարող է, չհանդուրժող, ոչ մի քայլի համար հայը նրան անպատասխան չի թողնելու:

Վրեժից բացի ես իմ ջոկատով դիրք եմ ազատագրել: Դրանից վեր ոչինչ չգիտեմ՝ ոչ փող, ոչ ունեցվածք. ոչինչ չի կարող հավասարվել հայրենի հողն ազատագրելու անբացատրելի զգացումի հետ: Մենք մեր հողի գույնն ունենք, չպետք է թույլ տանք, որ դրա վրայով օտարը քայլի:



1993-ի օգոստոսի 26-ն էր: Մարտակերտն արդեն ազատագրվել էր, մարտերը դեռ շարունակվում էին: Կողքիս արկ պայթեց, մարմինս ասես բզկտվեց, բայց չհասկացա՝ ինչ է կատարվում: Դրանից հետո վեց ամիս կուրացել եմ: 12 վիրահատության արդյունքում մարմնիցս 24 բեկոր հեռացրեցին, բայց էլի մնացել էր: Ընդհանուր թվով 27 վիրահատություն եմ տարել, դեռ էլի ունեմ…

Այնքան հուշեր կան էդ օրերից: Եղել է, որ «կասկան» քանդել ու մեջը կարտոֆիլ ենք խաշել, մի անգամ էլ ապուր ենք եփել. տղաներն ասում էին` «կյանքում էդպես համով ապուր չենք կերել»…

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->