>

Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը։ Առանձին օջախային մարտեր են ընթանում նաև անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչև Բերձոր։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում։

Պատասխանելով օգտատերերի հարցերին ֆոսֆոր պարունակող զենքերի վերաբերյալ՝ նա ասել է․





«Ֆոսֆորային արկերից բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, որովհետև այն իր սպեցիֆիկան ունի, և ինչ էլ դու իրականացնես, այն փորձելու է իր ազդեցությունը տալ։ Այն, միևնույնն է, պայթուցիկ է, հետևաբար պաշտպանվել որպես այդպիսին հնարավոր չէ»։





Անդրադառնալով անհանգստություններին, որ զինծառայողների հերթափոխ չի իրականացվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելը մի տեսակ աբսուրդ է, որովհետև երբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, այդտեղ հնարավոր չէ իրականացնել հերթափոխ, և տրամաբանական էլ չէ։

«Եթե տվյալ դիրքի, քաղաքի, գյուղի վրա հարձակվում են, դու շնչելու ժամանակ չունես, դու զորք չես կարող այստեղից հանել, փոխել։

Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա, և դու ինչ-որ հրաշքով կարողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանես, հաջորդին բերես նույն տեղում պաշտպանության, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ հին զորքը, որը ինչքան էլ հոգնած լինի, տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդը ինչ էր ուզում անել և ինչու չստացվեց և ինչու կարող է ստացվել։ Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում»,- հավելել է նա։


Հովհաննիսյանի խոսքով՝ »հակառակորդի մեջքը կոտրված է» արտահայտությունը հակառակորդի ցամաքային զորատեսակների, հիմնականում հետևակային խմբավորումների և զրահատեխնիկայի խմբավորումների մասին է։

«Հակառակորդի հրետանային զորքերը ավելի շատ կորուստ են կրել, քան հետևակը, քան տանկերը։ Խոսքն այն մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու․ ո՛չ, այսօր էլ են հարձակվել։



Այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ցամաքային, հետևակային պոտենցիալը կոտրված է, չի նշանակում, որ նրանք չեն շարունակելու հարձակվել, շարունակում են վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ»- ընգծել է ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաև հայտնել է, որ թիկունք պահելու պրոբլեմ այս պահին չկա։

«Ժողովուրդը միասնական է՝ թիկունքի ապահովման գործերում․ թե՛ կամավորի պակաս չկա, թե՛ կազմակերպչի։

Միգուցե կազմակերպվածության ձևի ու եղանակի հղկում է պետք, ժամանակը ցույց կտա․ պատերազմն իր կանոններն ու բովանդակությունը փոխում է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->