>

Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի գրառմանը առանձնապես ուժգին էր արձագանքել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը միակը չէր նախորդ իշխանությունից, որ արձագանքել էր քննադատաբար, սակայն նրա արձագանքը աչքի էր ընկնում առանձնահատկությամբ: Ու դա իհարկե արձագանքի սրությունը կամ կոշտությունը չէր միայն:

Վիգեն Սարգսյանը լուռ էր տեւական ժամանակ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռակա բանավեճից հետո, որ ծագեց թավշյա հեղափոխության թիմի իշխանության գալուց հետո, Վիգեն Սարգսյանը կարծես թե աչքի չէր ընկել նոր իշխանության հասցեին ոչ միայն որեւէ կոշտ գրառումով, այլ նաեւ սուր քննադատությամբ կամ ընդդիմախոսությամբ: Նա հիմնականում զբաղված էր Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ աշխատանքով, լինելով այդ խմբում ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը:




Քոչարյանի զոհերը

Ինչու՞ հանկարծ բռնկվեց Վիգեն Սարգսյանը, առավել եւս, երբ խոսքը չէր վերաբերում գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության: Ավելին, գուցե եղել են սուր եւ կոշտ քննադատության այլ առիթներ, բայց Վիգեն Սարգսյանը, ի տարբերություն իր մյուս կուսակիցների, չի եղել դրանց բուռն եւ աշխույժ արձագանքողների թվում:





Խնդիրը թերեւս այստեղ է՝ ներկուսակցական դիրքերը: Ըստ ամենայնի, Վիգեն Սարգսյանը եզրակացրել է, կամ նրան հուշել են, որ հետ է մնում եւ կարող է հայտնվել խաղից դուրս: Իսկ ՀՀԿ-ում խաղը անշուշտ դառնում է բավական հետաքրքիր, հատկապես Ռոբերտ Քոչարյանի աշխույժ քաղաքականություն վերադարձից հետո:

Քոչարյանն անշուշտ փորձելու է ՀՀԿ-ում ձեւավորել իր ստատուս-քվոն: Այդ իմաստով, ՀՀԿ-ում խոշոր հաշվով իրականացվելու է կամ ծավալվելու է «արդիականացման» երկու ծրագիր՝ Սերժ Սարգսյանի հայտարարված ծրագիրը եւ Ռոբերտ Քոչարյանի չհայտարարված ծրագիրը: Այստեղ հիշարժան է Ռոբերտ Քոչարյանի տարիներ առաջ արած խոստովանությունը, որ ինքն է կառավարության մի շարք անդամների հորդորել 2007 թվականի ընտրությունից առաջ մտնել ՀՀԿ եւ հզորացնել այդ կուսակցությունը:


Անկասկած է, որ այդ շրջանում հիմնական խաղադրույքը ՀՀԿ վրա կատարած Քոչարյանը այդպիսով պարզապես փորձել է ապահովագրվել անհաջողությունից եւ այդ պարագայում ՀՀԿ-ում ունենալ իր նվազագույն հենարանը կամ երաշխիքը: Այժմ իրավիճակ է, երբ նա ունի դրա անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ում հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի հենարանի ակտիվացում:

Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր էր օրինակ, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցող ՀՀԿ-ականների շարքում բավական աշխույժ էր Դավիթ Հարությունյանը, որն իհարկե փորձում էր մնալ իրավական հռետորաբանության շրջանակում: Սակայն այդ աշխուժությանը զուգահեռ էլ հիշարժան էր, որ Դավիթ Հարությունյանն էր գործնականում միակ ՀՀԿ-ականը, որը Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» շքերթին չէր մասնակցում եւ հայտարարում էր, որ ՀՀԿ-ն ունի վարչապետի մի քանի թեկնածու, եւ ամեն ինչ կախված է իրավիճակից: Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում եւ 2006 թվականին անդամակցեց ՀՀԿ-ին, հետո թողնելով պաշտոնն ու ներգրավվելով կուսակցական ցուցակում եւ դառնալով պատգամավոր:

Մեծ հավանականությամբ նա մեկն էր, ում Ռոբերտ Քոչարյանն էր գործուղել ՀՀԿ-ն «հզորացնելու»: Դավիթ Հարությունյանն էլ, ի դեպ, ներգրավված է Ընտրական օրենսգրքի փոփոխության վրա աշխատող քաղաքական ուժերի կազմած խմբում, որպես ՀՀԿ ներկայացուցիչ:



Ահա այս ֆոնին Վիգեն Սարգսյանի աշխուժացումը դառնում է հետաքրքիր, եւ թերեւս Հայկ Մարությանի հայտարարությունը ավելի շատ առիթ էր, քան պատճառ: Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի հենարանն է եւ ակնառու էր, որ Սերժ Սարգսյանը նրան է պատրաստում կամ տեսնում իբրեւ ժառանգորդ: Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ կուսակցության նախագահին փոխելու Սարգսյանի մտադրությունը ՀՀԿ-ն չզարգացրեց: Իսկ մտադրությունը հնչել էր դեռեւս ապրիլի 25-ի երեկոյան, երբ իրադարձությունների զարգացմանը սկսում էր միջամտել Ռոբերտ Քոչարյանը:

Կամ էլ Սերժ Սարգսյանը չզարգացրեց իր մտադրությունը, նշմարելով Քոչարյանի քաղաքական վերադարձի միտումներ եւ համարելով, որ այդ իրավիճակում կուսակցապետի պաշտոնը թողնելուց հետո ընդհանրապես հնարավոր չի լինի պահել վերահսկողությունը եւ իրականացնել արդիականացման սեփական ծրագիրը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->