>

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տվել tert.am-ին, որտեղ անդրադարձել է Մարտի 1-ի եւ հայտնաբերված անօրինական զենք-զինամթերքի գործով իր հանդեպ մեղադրանքներին, ասելով, թե մեղադրել եւ անվան հետ խաղացել են հանիրավի: Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել էր, թե կապ չունի այդ ամենի հետ: Իսկ ահա ստվերային, չգրանցված այգիների մասին հարցին պատասխանելիս Հովիկ Աբրահամյանը չգիտես ինչու չի հայտարարում, որ դրանց հետ կապ չունի: Ավելին, նա տալիս է պատասխան ինքնախոստովանական համատեքստով: Այդ այգիների առումով իր անվան շոշափման մասին հարցին նա արձագանքում է, թե ամեն ինչ կանցնի կգնա, իսկ լքված, անպիտան, չմշակվող այգիները բերք կտան:

Հովիկ Աբրահամյանը կարծես թե փորձում է այգիների բերքատվությամբ արդարացնել դրանց ստվերային բնույթը, համենայն դեպս չասելով, թե չկա այդպիսի բան կամ ինքը կապ չունի դրա հետ:




Քոչարյանի զոհերը

Մյուս կողմից, գյուղատնտեսությունը մի բան է, որի հետ կապը Աբրահամյանը չի հերքել երբեք: Ավելին, նա գյուղատնտեսությանն է վերագրել քաղաքական հարցադրումները, երբ օրինակ նրան մեղադրում էին քաղաքականությամբ զբաղվելով միլիոնատեր լինելու համար: Աբրահամյանը հայտարարում էր, թե դա գյուղատնտեսական բիզնեսի արդյունք է: Գյուղատնտեսությունը Հովիկ Աբրահամյանի քաղաքական ալիբին էր:





Ալիբիները Հովիկ Աբրահամյանին ավելի անհրաժեշտ են դառնում հիմա, երբ նա քաղաքականության մեջ չէ: Նրան մեղադրում են Մարտի 1-ի, ուրիշի բիզնես խլելու համար:

Աբրահամյանն իհարկե չի ընդունում մեղադրանքները, իսկ նոր իշխանությանն էլ համարում է անփորձ, ասելով, թե չեն գիտակցում ինչ են անում:

Իսկ փորձառու Աբրահամյանը սեպտեմբերի 2-ին այցելել էր Արցախ, հայտնելով, թե գնացել է կառավարության հրավերով՝ անկախության տոնի համար: Մինչդեռ Արցախի նախագահի մամուլի քարտուղարն էլ Lragir.am-ին ասել էր, թե նրան ոչ ոք հատուկ չի հրավիրել, նա ինքն է կամավոր եկել:


Ի վերջո, հրավիրե՞լ են Հովիկ Աբրահամյանին, թե՞ նա ինքն է մեկնել Արցախ, գուցե տեղի «փորձառու» իշխանությանը Հայաստանի «անփորձ» իշխանության հետ իր հարաբերության միջնորդ դարձնելու համար: Բայց հատկանշական է, որ Աբրահամյանը իր խնդիրները լուծելու համար ոչ թե միանգամից քաղաքականություն է «եկել», այլ գնացել է Արցախ: Թեեւ Արցախից հետո նա հարցազրույց է տվել եւ հայտարարել, թե «կանցնի սեւ եւ սպիտակ ժամանակը, ոգեւորվածները կլռեն, լուռերը կոգեւորվեն»:

Արդյոք Աբրահամյանն էլ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն, ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանը, ինքնապաշտպանության նպատակով: Արդյոք դա կարող է նշանակել, որ Արցախ այցի արդյունքը եղել է ոչ այնքան գոհացուցիչ եւ այնտեղ Հովիկ Աբրահամյանին չեն կարողացել օգնել ոչնչով, բացի իհարկե տոնական երթի առաջին շարքում Արկադի Ղուկասյանի եւ Էդուարդ Շարմազանովի միջեւ տեղ տալուց:



Իսկ գուցե Աբրահամյանը պատրաստվում է վերադառնալ հենց Ռոբերտ Քոչարյանի՞ն միանալու համար:

Այդ իմաստով կարող է ստեղծվել հետաքրքիր մի իրավիճակ: Ստացվում է, որ նախորդ իշխող համակարգի տարբեր սեգմենտներ, որ այսպես թե այնպես հեռացել էին հրապարակային քաղաքական ասպարեզից եւ գործում էին հիմնականում կուլիսներում, ստիպված են վերադառնալ հրապարակ: Իսկ այդ ֆոնին էլ ուշագրավ է, որ այդ գործիչներով աշխուժորեն հետաքրքրվող ԱԱԾ-ն է հայտարարում հրապարակայինից այսպես ասած փակ մարտավարության անցնելու մասին:

Տեղի է ունենում «տեղափոխության» ուշագրավ գործընթաց, թեեւ միեւնույն ժամանակ էլ ՀՔԾ-ն փաստորեն Ռոբերտ Քոչարյանին թույլ չտվեց ժամանակավորապես տեղափոխվել Հայաստանից Գերմանիա, որտեղ ըստ նրա փաստաբանների պետք է անցներ բշկական հետազոտություն: Քննիչը երկրորդ նախագահի խափանման միջոց է ընտրել չհեռանալու ստորագրությունը, նրան կարծես թե արգելելով դուրս գալ քաղաքականությունից, թեկուզ ժամանակավորապես:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->