>

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանը դեռ շատ երկար ժամանակ է կանգնած լինելու լուրջ մարտահրավերների առջեւ. այս կարծիքին է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ բարձրաձայնելով իր մտորումները, բանախոսն ասաց, որ մենք այս իրողությունը պետք է հասկանանք եւ ունենանք ավելի երկարաժամկետ տեսլականներ՝ մարտահրավերներին պատրաստ լինելու, դրանց հակազդելու համար:

Բանախոսի գնահատմամբ, տարածաշրջանում որակապես նոր եւ լուրջ դեր է ստանձել Թուրքիան. «Իհարկե, դերն ապակառուցողական է՝ ուղղված միայն մեր տարածաշրջանն անկայունացնելուն, ինչն արվում է ահաբեկիչներ ներմուծելով Հարավային Կովկաս։ Հարավային Կովկասը դարձել է այն տարածաշրջանը, որը շատ կնմանվի Մերձավոր Արևելքին։ Տարածաշրջանի բոլոր երկրները գտնվում են մեծ ռիսկերի առջեւ, ամեն օր տեսնում ենք ապակայունացման միտում, ինչը վերջում կարող է բերել քաոտիկ վիճակի ողջ տարածաշրջանում»:




Քոչարյանի զոհերը

Այս ամենի համատեքստում, Արման Ղուկասյանը կարեւորում է Ռուսաստանի դերը։ Ըստ նրա, տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություները կարեւոր նպատակ ունեն, որը ենթադրում է ոչ միայն Հայաստանի անվտանգության ամրապնդում, այլ տարածաշրջանում կայունության ապահովում: Եվ այս պատերազմն էլ, բնախոսի գնահատմամբ, ցույց տվեց, որ ՌԴ-ն միակ գերտերությունն է, որն իրական ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու, Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար: Վերջերս ՌԴ Զինված ուժերի կողմից Սիրիայի Իդլիբ քաղաքում թուրքամետ ահաբեկչական օջախների ոչնչացումը, բանախոսը ուղիղ կապում է Արցախում ընթացող պատերազմի հետ: Ռուսական իշխանությունները նաեւ հայտարարել էին, որ մասամբ արգելվելու է թուրքական ու ադրբեջանական գյուղատնտեսական մթերքների մուտքն իրենց երկիր. սա, Արման Ղուկասյանի գնահատմամբ, մեծ վնաս է Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությանը, նաեւ ուղիղ ուղերձ է Անկարային եւ Բաքվին՝ պատերազմը դադարեցնելու սրացումներից խուսափելու: «Սրանք երեւացող քայլեր են։ Կան նաեւ շատ քայլեր, որոնք չեն երեւում»,- ասում է բանախոսը:





Հիշեցնելով՝ իր գնահատմամբ, որոշ «վճարվող գործիչների» այն հայտարարությունները, թե Հայաստանը պետք է խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, Արման Ղուկասյանն ասում է. «Այսօր տեսնում ենք, թե ինչի համար է պետք, որ Հայաստանում լինի ռուսական բազա, որն այսօր զսպում է ավելի մեծ ու լայնամասշտաբ հարձակումն արդեն անմիջապես Հայաստանի վրա»:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչո՞ւ ՌԴ-ն անմիջապես բախման չի գնում Ադրբեջանի հետ, բանախոսը կարծիք հայտնեց, որ դա կնշանակի՝ Հայաստանը վերածել լուրջ ռազմական թատերաբեմի: Ըստ նրա, ՌԴ-ի ուղիղ միջամտությունը կնշանակի ուղիղ բախում Թուրքիայի հետ, այսինքն՝ ուղիղ բախում ՆԱՏՕ-ի հետ, իսկ այս ամենը չի բխում հենց ՀՀ շահերից։


Արման Ղուկասյանի գնահատմամբ, շատ երկրներ, որոնց վրա որոշ գործիչներ հույս էին դնում, պատերազմից ի վեր ուղղակի կեղծ հայտարարություններ են անում եւ եթե հայկական սփյուռքը չլիներ, արձագանք չէր էլ լինի:

Արման Ղուկասյանի կարծիքով, վերջին 2-2,5 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները որոշակի անկում են ապրել, հիմա պետք է ջանալ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու, երկարաժամկետ կտրվածքում դրանք ամուր եւ կայուն դարձնելու համար. «Հայաստանը դեռ երկար ժամանակ և երկար տարիներ ունենալու է մարտահրավերներ, հայ-ռուսական հարաբերություններն այն երաշխիքն են, որոնք մեզ թույլ կտան այդ մարտահրավերներին արձագանքել ավելի կայուն, ավելի սահուն անցնել այդ գործընթացների միջոցով»:

Իսկ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունները Արման Ղուկասյանին չեն վախեցնում, մանավանդ, որ պաշտոնական Երեւանը՝ վարչապետ Փաշինյանի դեմքով, հայտարարել է պատրաստակամության մասին: Որոշ ակնարկներ նաեւ Ադրբեջանից են եղել: Ի՞նչ որոշում կկայացվի՝ ժամանակը ցույց կտա: Նա բացատրում է՝ խաղաղապահների տեղակայման նպատակն այն է, որ կոնֆլիկտի կողմերը դադարեցնեն կրակը, վիճակը որոշ առումով լինի կայուն՝ մինչ կոնֆլիկտի վերջնական լուծումը։



Իսկ որ այս պատերազմում էլ մենք հաղթելու ենք, Արման Ղուկասյանը կասկած չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->