>

Սարգիս Իսկանդարյան Լևոնի: Մեր վերջին սելֆին…

20.09.2020




Քոչարյանի զոհերը

Մեր դաշտի խաղողհավաքն էր: Կիրակի էր, երկուսս էլ գնացել էինք: Օրվա երկրորդ կեսից Լևոնիս էլ բերեցինք: Ես ու Սաքս մեր երգի տակ պարում էինք «մեր այգում քեֆ չի լինի, յարս պարել չգիտի»… մի պահ առանձնացանք երեքով, խոսում ու սելֆի էինք անում: Աշխարհի ամենալավ օրերից էր: Նայեք, մենք 3-ով նման ենք իրար:





Սաքիս հետ շաաատ հեշտ էր: Ամեն օր իրար հետ գնում էինք աշխատանքի ու իրար հետ տուն էինք գալիս: Հավասարակշռված, լուրջ, ընտանիքին նվիրված, շատ խելացի, հարգանքով: Ավելորդ խոսքեր չէր ասում: Շատ էինք իրար հետ կիսվում, պատմում մեր կյանքի մասին: Շատ էինք իրար վստահում ու շատ էինք իրար աջակցում: Մեծը նա էր, իմ մասին ասում էր «Լուսը իմ քուրը չի, Լուսը իմ ախպերն ա»… Սաքս իմ կյանքն էր, գիտեր, ասում էի,,, վայ էն ոնց եմ միշտ հպարտացել իրենով, ամեն ինչ անում էի, որ ինքը, Աննաս ու պստոներս լավ զգային իրենց: Իրենք էլ նույնը իմ համար էին անում: Ամեն ինչ անում էի, որ արժանանայի «լավագույն հորքուր» կոչմանը: Սաքս ասում էր «նայեք, Լուսը սենց զզվող, բայց Լևոնիս ու Մաշիս ճաշիկներն ուտումա»:

Յարեն տիրոջն ա ցավացնում: Երբեք այսքան չէի զգացել այս խոսքերի իմաստը:

38 օր առանց քեզ…


27.09-ին ծանուցումը ստացավ Սաքոս: Մոտեցա ես էլ նայեցի, միասին քայլեցինք տուն: Ես ինձ թույլ չտվեցի անգամ ասել, թե մի գնա: Ես ինձ պաշտպանված էի զգում ու զգում էի, որ իր գնալով մի ամբողջ ազգ է պաշտպանված զգալու: 28.09-ին արդեն Արցախում էր, Հադրութ: Նամակներ էինք գրում իրար, շատ նամակներ: Ասում էի, որ սիրում եմ իրեն, որ իմ կյանքն է, որ մեկ բառը բավական է, որ ես էլ գնամ իր կողքին կանգնեմ: Ասեց «գիժ»: 28.09, ժամը 19:17 «Լուս սաղ լավա, ցենտր ա, բարևներ հարցնողներին»… մինչև 03.10 ժամը 00:02 եղբորս գրեցի անպատասխան նամակներ, օրական մի քանիսը, պարտադիր բարի լույս ու բարի գիշերով:

Կուզեի անիծել 03.10-ը և 29.09-ը, բայց ինձնից առաջ այդ օրերը և առհասարակ տարվա 365 օրերն էլ արդեն անիծվել են տարբեր մարդկանց կողմից, աշխարհի տարբեր կետերում: Դեպքը 29.09-ին էր եղել, իմացել ենք 03.10-ին: Ասում են էլի ժպիտը դեմքին, էլի հավասարակշռված, ուշադիր էր… մինչև վերջ: Պատերազմում հաղթող չի լինում:

Մեր հետ կամ մեր կյանքում պատահող վատ դեպքերին երբեմն վերաբերվում ենք որպես պատիժ ինչ-որ սխալ արած բանի համար: Բայց ես հասկացա, որ սա այդ դեպքերի հետ կապ չունի ու պետք չէ մեզ մեղադրել, կամ գոնե պետք է փորձել չմեղադրել,,, հուսամ ինձ մոտ մի օր կստացվի, իմ սխալը նրա հետ չգնալն էր:

«Հերոս» բառը ինձ ցավացնում է, հիշեցնում է պատերազմ, ցավ, անկարողություն անցյալը փոխելու հարցում:



Բայց այս ցավի ու սգի մեջ չպետք է մոռանալ, թե ինչի ու ում համար իմ եղբայրս, մեր եղբայրները գնացին: Սաքոս գնաց իր երեխաների, կնոջ, ծնողների, իմ ու հենց քո համար:

Ես կարոտում եմ ԱՆՍԱՀՄԱՆ, մենք մի եղբայր ու քույր էինք, ես մենակություն եմ զգում, ԱՆՍԱՀՄԱՆ սեր դեպի եղբայրս, ԱՆՍԱՀՄԱՆ հպարտություն նրա իմ կյանքում ունենալու համար և ես նրան միշտ ունեմ,,, սակայն…

26.11-ին 31 ամյակն էր, անգամ նվերներն էի մտածել: ախ շատ եմ կարոտում Տեր Աստված ու ոնց դեռ չեմ գժվել… Ուզում եմ զինվոր երբեք չզոհվի ու ընտանիքներ, մայրեր չողբան: Իսկ ովքեր հիմա սգի մեջ են, դավաճան խոսքեր չասեն:

Կարող եք տարածել, դեմ չեմ…

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->