>

19-ամյա Արտյոմ Մկրտչյանը զինծառայող էր. հոկտեմբերի 2-ին նա, իր ծառայակից շատ ընկերների հետ, ներգրավվեց պատերազմական գործողություններին Ջաբրայիլում:





«Արտյոմը շատ հումորով էր, ընկերասեր ու բնավորությամբ առաջնորդ էր: Իր հետի տղաներից մեկը պատմել է, որ ամբողջ ճանապարհին Արտյոմը հումորներ է արել, դուխ տվել ընկերներին: Մարտական այնպիսի ոգի ուներ, կարծես թե ամբողջ կյանքը պատերազմում էր անցել:





Երբ հասել են Ջաբրայիլ, դիրքեր պետք է բարձրանային, հարցրել են՝ ով կգնա, Արտյոմն առաջինն է մեքենա բարձրացել: Ասել է՝ հանգիստ եղեք, գնում եմ Ալիեւի վարսավիրը մազերս կտրի, հետ գամ»,- Aravot.am-ին պատմեց Արտյոմի զարմուհին՝ Ալվարդը:


Հոկտեմբերի 6-ին տնեցիները Արտյոմի հետ վերջին անգամ են խոսել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, նրա մահվան լուրն են ընկերները հայտնել ռազմաճակատից, մահը վրա է հասել արկի պայթյունից. «Պայթյունի ժամանակ Արտյոմի հետ ութ հոգի են եղել: Վիրավոր տղաներից մեկը պատմել է, որ պայթյունը իրենց լրիվ այլ տեղ էր շպրտել: Երբ զարթնել են, իրենց արդեն անվտանգ տեղ տեղափոխելիս են եղել, իրենք չեն տեսել Արտյոմին: Մի տղա էլ պատմել է, որ Արտյոմին մահացած է տեսել, նրա ձեռքերից ձեռնոցներն է հանել ու ուղարկել Արտյոմի մայրիկին»:

Արտյոմի անունը մահացածների պաշտոնական ցուցակում հարազատները գտել են, բայց մինչ օրս չեն գտնում նրա մարմինը. ուր ասես չեն դիմել, ոչ մի տեղեկություն:



Արտյոմի մահից հետո նրա եղբայրները զորամաս են շտապել, ինչ-որ տեղեկություն պարզելու համար, այնտեղ իմացել են, որ իրենց փոքր եղբայրը զորամասում ծաղիկ էր աճեցնում, որ ծառայությունն ավարտելուց հետո հետը տուն բերի՝ մայրիկի համար. ծաղիկը ավելի շուտ հասավ մայրիկին, բայց ոչ Արտյոմի ձեռքերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->