>

Սեպտեմբերի 8-ին սպասվող Պուտին-Փաշինյան երրորդ հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան ակտիվ հանրությունն ու քաղաքական ուժերը փորձում են դիտարկել հնարավոր օրակարգը՝ ելակետ ընդունելով նոր իշխանության ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերության վատթարացման «հիպոթեզը», որ առավելապես տարածում է նախկին իշխանությունը: Այդ իմաստով ստեղծվել է բավականին ուշագրավ մի իրավիճակ:

Մինչև թավշյա հեղափոխությունն ու մինչև իշխանափոխությունը Հայաստանում թերևս միայն գործող իշխանությունն էր, որ հրապարակավ դժգոհություն չէր հայտնում հայ-ռուսական հարաբերության որակից, բնույթից, բովանդակությունից: Թեև ոչ հրապարակային, միջանձնային խոսակցություններում էլ գործող իշխանության ներկայացուցիչները ուղղակի «պապից ավելի կաթոլիկ» տարբերակի մեջ էին և այնպես էին Ռուսաստանի հասցեին ընդդիմախոսում ու քննադատություն հնչեցնում, որ թվում էր, թե այդ իշխանությունը չէ, որ հրապարակային մակարդակում ուղղակի երդվում է Ռուսաստանի անունով:




Քոչարյանի զոհերը

Այդուամենայնիվ, միայն իշխանությունն էր, որ մինչ հեղափոխությունը չէր բարձրացնում հայ-ռուսական հարաբերության վերանայման, դրանում Հայաստանի արժանապատվության և ինքնիշխանության բաղադրիչի էական դրսևորման անհրաժեշտության հարց՝ ելնելով Հայաստանի անվտանգության նկատառումներից, այդ մոտեցումները հրամայական դիտարկելով՝ հենց անվտանգության խնդիրներից ելնելով:





Եվ ահա թավշյա հեղափոխություն-իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի վիճակ, երբ ոչ միայն նախորդ իշխանությունը, այլ նաև ուժեր, որոնք քննադատում էին նախորդ իշխանության հաճկատար քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, ներկայումս քննադատում են նոր իշխանության վարքը և պահվածքը ՌԴ-ի հանդեպ՝ խոսելով հայ-ռուսական հարաբերության խնդիրների ու լարվածության մասին: Ընդ որում, հատկանշական է այն, որ չի բերվում այդ լարվածության ու խնդիրների որևէ լուրջ փաստարկ՝ բացառությամբ հրապարակային մեկ-երկու հայտարարության, որ թույլ է տրվել ՌԴ արտգործնախարարի մակարդակով, և որն իրականում եղել է ընդամենը հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխման անխուսափելի մետաստազ, առանց որի հնարավոր չէ որևէ վերափոխում կյանքի որևէ բնագավառում:


Հնարավոր չէ փոխել տասնամյակներով ձևավորված հարաբերության բնույթը այնպես, որ դա չբերի չհասկացվածության որևէ դրսևորման: Դա աքսիոմ է ամենուր՝ կենցաղից մինչև տնտեսություն և ներքին քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ: Տարօրինակությունն ընդհուպ զավեշտի է հասնում այն դեպքում, երբ հանրային մի շարք շրջանակներ, որոնք հենց անվտանգության առավել արդյունավետ սպասարկման անհրաժեշտությամբ հիմնավորում էին հայ-ռուսական հաճկատար հարաբերությունից հրաժարվելու անհրաժեշտությունը, այսօր նույն անվտանգության մասին մտահոգությամբ դժգոհում են այդ քաղաքականությունը վերանայելու Նիկոլ Փաշինյանի վարքագծից: Այն դեպքում, երբ Փաշինյանը գործնականում դույզն իսկ կասկածի տակ չի դրել հայ-ռուսական միջպետական, դաշնակցային տնտեսաքաղաքական և ռազմաքաղաքական հարաբերության որևէ պարամետր, որևէ կետ կամ դրույթ:

Այդպիսով, Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի հասարակության շրջանակում առկա դիտարկումներն ու գնահատականները գործնականում կառուցված են չփաստարկված և ընդհուպ տարօրինակության հասնող մի ելակետի վրա, որից դուրս են մնում թե՛ հանդիպման, թե՛ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերության հեռանկարի առանցքային շրջանակն ու դրանում ընդգրկված երկկողմ ու ռեգիոնալ հարցերը, որոնք և կազմելու են Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպման օրակարգը, որն ի տարբերություն առաջին երկուսի՝ թերևս լինելու է առավել բովանդակալից ու հարուստ՝ հաշվի առնելով թե՛ անցած ժամանակը, թե՛ այդ ընթացքում և զուգահեռ տեղի ունեցող զարգացումներն ու իրադարձությունները:



Վառ օրինակ է այն, որ Փաշինյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ Պուտինը ոչ միայն Ալիևի հետ հանդիպեց Սոչիում, որը, սակայն, դատելով հետագա դրսևորումներից, խոշոր հաշվով անպտուղ էր Ադրբեջանի նախագահի քաղաքական հավակնությունների տեսանկյունից, այլ նաև այն, որ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին Պուտինը լինելու է Թեհրանում և Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում է ունենալու այդ երկրի ու Թուրքիայի առաջնորդների հետ: Կասկածից վեր է, որ այդ հանդիպումը շոշափելի նշանակություն կունենա Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգի կամ առնվազն մթնոլորտի վրա:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->