>

«Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանի այրին՝ Վիկտորիան

Մանվելը և Վիկտորիան ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Արցախ, քանի որ Մանվելի ծառայությունն այնտեղ էր.





«Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ: Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր, երբ մենք իրար հետ էինք, հաշտ-համերաշխ ապրել ենք»:





Վիկտորիան պատմեց, որ ամուսինը 2021 թվականի մայիսին պետք է գար Վազգեն Սարգսյան ռազմական համալսարան, որպեսզի ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու համար դասընթացներ անցներ.

«Ինքը 3 տարի արդեն գումարտակի հրամանատար էր, դասերից հետո արդեն պետք է Հայաստանի տարածքում նշանակեին պաշտոնի, քանի որ 2009 թվականից սկսած յուրաքանչյուր 14 օրը մեկ հերթափոխով դիրք էր պահել ուղիղ 11 տարի: Պետք է գար Հայաստան՝ գրասենյակային ծառայության անցներ, բայց պատերազմը խանգարեց: Նպատակներ ուներ, որ տուն առներ, Հայաստանում հարազատների շրջապատում ապրելը, և ամենակարևորը՝ արու զավակ ունենայինք»:

Վիկտորիան ասաց, որ իրենք Մատաղիսում են եղել, երբ պատերազմը սկսվել է, պատմեց, թե ինչերի միջով են անցել, մինչև հասել են Հայաստան:


«Ամսի 27-ի առավոտյան ռացիայով իրեն կապ տվեցին, որ շուտ գնա զորամաս, ինքն արագ-արագ հագնվեց ու գնաց: Գնաց այն արագությամբ, որ ոչ ինձ, ոչ երեխեքին հաջող չարեց: Սովորաբար յուրաքանչյուր գործի գնալուց հաջողություն էր ասում, բայց արագ-արագ գնաց: Ճանապարհելուց հետո նորից վերադարձա սենյակ, քանի որ շատ շուտ էր, երեխաները քնած էին, առաջին արկն ընկավ Մատաղիսի շենքերի մոտ, գմփոցը լսելուց անմիջապես հագնվեցի, երկրորդ արկը որ ընկավ՝ պատուհաններն արդեն կոտրվեցին: Արագ-արագ աղջիկներիս գրկել եմ ու իջել ենք նկուղ՝ ապաստարան:

Մինչև ժամը 13:00 մնացել ենք այնտեղ, արդեն երեխաները ջրի, հացի և հագուստի կարիք ունեին, որովհետև պիժամոներով էին ու ոտաբոբիկ: Մի քիչ ռիսկ արեցի՝ բարձրացա տուն՝ 3-րդ հարկ, ուզում էի պայուսակս վերցնել, քանի որ փաստաթղթերի մեծ մասն այնտեղ էր, բայց մի մասը չկարողացա վերցնել, քանի որ նորից արկ ընկավ, այդ վախի զգացողությունը, որ կարող է երեխեքս մենակ մնան նկուղում, էլ չգնացի մնացածի հետևից, շուտ իջա ներքև… Մի հատ պատահական մեքենայով թողել ենք, եկել Հայաստան, ճանապարհի կեսից պապաս ու ամուսնուս եղբայրն են եկել դիմավորել: Մի կերպ ենք փրկվել, որովհետև, որ նկուղում ենք եղել, արդեն 20 հոգանոց ջոկատը մտած է եղել Մատաղիս, եթե 10-20 րոպե ուշ դուրս գայինք այնտեղից, ապա հենց նկուղում մեզ էլ կսպանեին, բոլորը կանայք էին ու երեխաներ:



Ամսի 28-ի առավոտյան զանգեցի ամուսնուս, չպատասխանեց՝ անհասանելի-անհասանելի, 29-ին, որ իմացա՝ բոլորի ամուսինները զանգել էին, իսկ իմը՝ չէ, մի ձև վախ կար, բայց չէի ուզում հավատալ…»,- պատմեց զոհված փոխգնդապետի այրին:

Ավելի ուշ Մանվելի ծառայակից ընկերները հարազատներին հայտնել են, որ նա զոհվել է ընկերոջ դին իջեցնել փորձելու ճանապարհին.

«Գումարտակի շտաբի պետը, որ եկել էր, ասաց, որ բոլորն ասել են՝ մի գնա, արդեն մահացած է, դու մնա, կենդանի մարդկանց ավելի պետք կգաս, ասել է՝ չեք պատկերացնի, որ դիակը մնա թուրքի մոտ, ինչ կանի… ոչ ինքն է կարողացել հասնել դիակին, ոչ էլ մինչև այսօր այդ դիակը Հայաստանում է…»:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/11/08/1401291.html


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->