>

Armtimes.com-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լեւոնի Սարգսյանը, որը հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծռայություն:

Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:




Քոչարյանի զոհերը

Սույն գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս գործով հետախուզվում է նաեւ Լեւոն Սարգսյանը եւ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լեւոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔՕ 310.1 հոդվածով եւ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով:





Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:


Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները եւ թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

«Պարզվել է նաեւ, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն` Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:



Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի եւ Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի եւ 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները»:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->