>

09․10․2020

12:39- Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են։ [Արծրուն Հովհաննիսյան]

12։06- Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց։ [Արծրուն Հովհաննիսյան]




Քոչարյանի զոհերը

11:16- Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել։ [Արծրուն Հովհաննիսյան]





11:01- ՀՀ ՄԻՊ-ը  բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ ՄԻՊ- ը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։ [ՀՀ ՄԻՊ աշխատակազմ]

10:56- 2021-ի բյուջեն ձևավորվել է մինչև պատերազմական վիճակը՝ նկատի չառնելով ստեղծված իրավիճակը, սակայն բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև ռազմական գործողությունների հետևանքով կարիքի մեջ հայտնված նոր շահառուներին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր սոցիալական ծրագրերը գործելու են նաև հաջորդ տարի, ոչինչ չի կրճատվել, ֆինանսավորումը չի նվազել, ուստի կարող են աջակցել նաև նոր խմբերի:

10:42- Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: [Շուշան Ստեփանյան]


10:26- ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները:

10:14- Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]



10:10- Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

10:08- «Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ: Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով։  [«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը]

09:52- Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։ [ԱՀ ԱԻՊԾ]

09:02- Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ [ԱՀ ԱԻՊԾ]

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->