>

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը ակնկալում են լուրջ և անկեղծ խոսակցություն հարցերի մասին, որ առկա են երկու կողմում էլ: Երևանը նախօրեին պաշտոնապես հայտնել է սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի մասին: Այս այցից առաջ հայ-ռուսական հարաբերության լարվածության ու ճգնաժամի վերաբերյալ հնչել են ամենատարբեր դատողություններ:

ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունը ըստ էության պարզորոշ վկայում է, որ իրավիճակը անկասկած սովորական չէ, և հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս գտնվում է առանձնահատուկ մի փուլում, որտեղ Մոսկվան ուղղակի բաց տեքստով է խոսում լուրջ և անկեղծ խոսակցության իր ակնկալիքների մասին:




Քոչարյանի զոհերը

Այստեղ հնարավոր է իհարկե հարաբերական մեկնաբանություն, որովհետև մի կողմից՝ սա նշանակում է իսկապես առկա որոշակի խնդիրների արձանագրում, մյուս կողմից, սակայն, սա նաև նշանակում է արձանագրում այն իրողության, որ հայ-ռուսական հարաբերությունն այլևս մենախոսություն չի հիշեցնում, և Ռուսաստանի իշխանությունն այդ իմաստով խոսում է իրապես քննարկումների մասին:





Բանն այն է, որ մինչ այժմ հայ-ռուսական հարաբերությունն ըստ էության կառուցվել է ոչ այնքան հարցերի բացակայության, որքան հարցերի վերաբերյալ լռության վրա: Իսկ այդ լռությունն էլ իր հերթին պայմանավորվել է նրանով, որ հայկական կողմը գերադասել է ոչ մի խնդիր չառաջացնել, թեկուզ եղած խնդիրների չլուծվածության գնով, միայն թե չլինեն, այսպես ասած, փոխադարձ անկեղծության ու լրջության մասին խոսակցություններ:

Հայաստանի նոր իշխանությունը հենց սկզբից հայտարարել է այդպիսի գործելաոճից հրաժարվելու մտադրության մասին, ինչն էլ բերել է ոչ թե հայ-ռուսական նոր խնդիրների, այլ ընդամենը ստեղծել է վիճակ, երբ կողմերը դադարել են խնդիրների մասին չխոսել: Եվ սա ըստ էության արդեն իսկ առաջընթաց է, ինչքան էլ տարօրինակ հնչի այդ հանգամանքը:


Առաջընթաց է այն պարզ պատճառով, որ խնդիրները լռության մատնելը չի կարող բխել որևէ մեկի շահից, քանի որ դրանք այդ պարագայում ունեն ավելի խորանալու, ոչ թե ինքնըստինքյան լուծում ստանալու հատկություն: Իսկ խնդիրները չբարձրաձայնված լուծելու մարտավարությունն էլ ինքնին ինքնախաբեություն է, այն պարզ պատճառով, որ չկա դրա երկուստեք ճանաչում: Այսինքն՝ եթե հարցերը բարձրաձայնված չեն, ուրեմն դրանք ճանաչված չեն երկկողմանիորեն, այլապես ինչո՞ւ չբարձրաձայնել, ի՞նչն է խանգարելու դրան: Հետևաբար խոսքը ոչ թե լուռ լուծելու, այլ ծածկադմփոցի մասին է:



Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունը սկսում է մաքրվել ծածկադմփոցից, և Ուշակովի հայտարարությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի, հենց դրա վկայությունն է: Այո, թվում է, որ Կրեմլից հնչում է խիստ տոն, որ սպասում են լուրջ ու անկեղծ խոսակցության: Իհարկե, սա արդեն երկրորդ և կարևոր քայլն է, որ պետք է անի Երևանը՝ խնդիրները բարձրաձայնելուց հետո:

Այսինքն՝ պետք է լինեն նաև դրանց լուծման կոնցեպտուալ պատկերացումներ, որոնք ներկայացվեն Մոսկվային և քննարկվեն: Հակառակ դեպքում իհարկե արդեն կարող ենք խոսել նոր խնդրի և խորքային խնդրի մասին: Այդ տեսանկյունից գործնականում առաջին անգամ շատ կարևոր է դառնում հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը այն առումով, որ այն կարող է դնել հարաբերությունների լիովին նոր համակարգի սկիզբ:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->