>

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարում է, թե աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում լավ կլիներ, որ կառավարությունը պահեր հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակը:

ՀՀԿ ներկայացուցիչների դիրքորոշումը այդ հարցում հայտնի է եւ գրեթե միատարր: Հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակ ասվածն իհարկե բավական բազմաշերտ երեւույթ է, որը Հայաստանի համար հանգեցրել է մի քանի քաղաքական եւ ռազմական կատակլիզմի, բերելով նաեւ ծանր կորուստներ:




Քոչարյանի զոհերը

Բխելով հենց այդ իրողությունից, անհրաժեշտ է, որպեսզի փոխվի հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակը, եւ որքան հնարավոր է արագ: Դա պահանջում է հենց այն բարդ աշխարհքաղաքական վիճակը, որ առկա է աշխարհում եւ ռեգիոնում եւ որին հղում է անում պատգամավորը, ու նրա շատ կուսակիցներ, գործընկերներ, նրանց համախոհ փորձագետներ:





Ընդ որում, հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակի փոփոխություն ասվածն ամենեւին չի ենթադրում Ռուսաստանի փոփոխություն որեւէ այլ բեւեռով: Դա ենթադրում է նախ եւ առաջ Հայաստանի փոփոխություն, առանց որեւէ բեւեռի ընտրության հարց դնելու: Հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակի փոփոխությունը պետք է սկսի Հայաստանի փոփոխությունից, ինչն էլ իր հերթին կբերի հայ-ռուսական հարաբերության վիճակի փոփոխության:

Թավշյա հեղափոխությունից ի վեր այդ հարցը տարբեր շարժառիթներով դարձել է օրակարգի ամենահրատապներից մեկը: Իհարկե դա արհեստական չէ: Վերջին հաշվով Հայաստանը բազմաթիվ թելերով շաղկապված է Ռուսաստանին, եւ այստեղ հայկական պետականության շարժերն ուղիղ առնչվում են հայ-ռուսական հարաբերությանը ավելի, բազմապատիկ ավելի, քան այլ արտաքին ուղղությունների:

Մյուս կողմից, հայ-ռուսական հարաբերության խնդիրը ներկայում հրատապ ու օրակարգային է ոչ երկկողմ, ոչ էլ Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Հայ-ռուսական հարաբերության վիճակի հարցը միջազգային քաղաքականության, ռեգիոնալ զարգացումների օրակարգային հարց է: Այդպիսին է ինչպես օբյեկտիվ գործողններից ելնելով՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքն ու ռազմա-քաղաքական գերիշխող դերը Կովկասում, ինչպես նաեւ քաղաքական-քաղաքակրթական ներկայությունը Մերձավոր Արեւելքում, այդպես էլ ելնելով հենց հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակից:


Նախկին վիճակը ենթադրում է Հայաստանի գրեթե անվերապահ ենթակայություն Ռուսաստանին: Դա աշխարհում «ճանաչված» հանգամանք է, ըստ այդմ ճանաչված է նաեւ բոլոր նրանց մոտ, ովքեր որեւէ հարց ունեն Ռուսաստանի հետ: Ահա այդ համատեքստում, հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակի պահպանման պայմաններում Հայաստանը դառնում է Ռուսաստանին հարվածելու պոլիգոն: Այսինքն, ով ունի Ռուսաստանին հարվածելու ցանկություն, Հայաստանը հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակի շրջանակում դառնում է Ռուսաստանի համար ամենացավոտ կետերից մեկը, գուցե ավելի ցավոտ, քան եթե հարվածի կետ գտնվեր հենց Ռուսաստանում:

Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակի փոփոխության, այսինքն ուղղահայացը զուգահեռի բերելու անհրաժեշտությունը հասունացնում է նաեւ եւ գուցե առաջին հերթին հենց Ռուսաստանի համար: Նախկին վիճակը, այսինքն անվերապահ վերադասությունը, ներկայում ավելի ու ավելի սուղ եւ նեղ վիճակում հայտնվող Մոսկվայի համար էլ ավելի է նեղացնում դաշտը Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերում: Փոխարենը, հարաբերության վերափոխումը տալիս է մանեւրի հնարավորություն:



Մյուս կողմից, այդ փոփոխությունը կարեւոր է նաեւ աշխարհքաղաքական այն սուբյեկտների համար, որոնք խնդիր են տեսնում Հայաստանը Ռուսաստանին հարվածի պոլիգոն լինելու պարագայում:

Եվ այդ հարցում, որքան էլ չհնչի տարօրինակ, հայ-ռուսական հարաբերության վերափոխումը՝  Հայաստանի փոփոխության ճանապարհով, կարող է դառնալ եւ գուցե հենց արդեն դարձել է Ռուսաստան-ԱՄՆ շփման որոշակի եզր, հազվադեպ եզր: Որովհետեւ ռեգիոնալ անվտանգության խնդիրները նաեւ Նահանգների համար են խնդիր դարձնում Հայաստանի միջոցով Ռուսաստանին հարվածելու հնարավորությունը, որ կարող է լինել օրինակ Թուրքիայի կամ թեկուզ ԱՄՆ դաշնակից Իսրայելի ձեռքին, նկատի ունենալով այն, որ Թրամփը նաեւ ակնհայտորեն փորձում է ապահովել Պուտինի հետ որոշակի հարաբերության զուգահեռ, այսպես ասած այլընտրանքային գիծ: Հայաստանն անկասկած դիտարկվում է այդ գծում, ինչը սակայն հրամայական է դարձնում հարաբերության վիճակի եւ որակի փոփոխությունը:

Ընդ որում, դատելով Սերժ Սարգսյանի գործողություններից, որոնք ՀՀԿ-ն դիտարկում էր լոկ նրա միջոցով բացարձակ իշխանության անփոխարինելիության պրիզմայով, Սարգսյանը բավական հստակ էր պատկերացնում խնդիրները եւ հայ-ռուսական հարաբերության նախկին վիճակի փոփոխության անհրաժեշտությունը, պարզապես նա չուներ այդ խնդիրը ավելի ինքնավստահ ու համարձակ սպասարկելու համար անհրաժեշտ հանրային հենարան: Հայտնի է, թե ինչ պատճառներով:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->