>

Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից` Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանում: Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, խոսել է հեղափոխության ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտության մասին, որը, սակայն, ենթադրում է ոչ այնքան հրապարակի գործոնի շեշտադրում, որքան՝ ընտրությունների ինստիտուտի վերականգնում։ Հայաստանի հեղափոխական կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի հենց օրինական ընտրությունների մոդելի ներդրումը։ Առաջին հերթին՝ դրանով են իմաստավորվելու Երևանի ավագանու և խորհրդարանական առաջիկա ընտրությունները։




Քոչարյանի զոհերը

Օրինական ընտրություններն առաջին նախապայմանն են, որոնք փակելու են հին համակարգի ռեստավրացիայի ճանապարհը, որովհետև քրեաօլիգարխիան ինքնին քաղաքականության, ցանկացած ընտրության, մրցակցության թշնամին է, ինչի բազմաթիվ դրսևորումներին ականատեսն ենք եղել անցած քսան տարիներին։





Օրինական ընտրությունների մոդելի ներդրումը թույլ կտա հասարակությանը դարձնել սուբյեկտ ու նրա կամքով ձևավորել իշխանության մարմինները։ Մյուս կողմից՝ պետք չէ ուղղակիորեն նույնացնել ընտրությունների որակն ու դրանց օրինականությունը։ Օրինակ՝ առաջիկա ընտրությունները լինելու են օրինական, որևէ մեկը դրանում չի կասկածում, մանավանդ որ կառավարությունն օբյեկտիվորեն այդ հարցում հիմնական շահառուն է։ Սակայն դա բավարար ցուցիչ չէ, որ ընտրությունների քաղաքական որակը կլինի բարձր նշաձողի վրա, որովհետև Երևանի կամ խորհրդարանի ընտրություններում հազիվ թե բավարար մակարդակի վրա լինեն ծրագրային կամ մրցակցային բաղադրիչները։ Մրցակցությանն ակնհայտորեն խանգարելու է հեղափոխական էյֆորիան, իսկ ծրագրային բաղադրիչ մեր ընտրություններում չի լինի դեռ երկար ժամանակ, եթե նույնիսկ մեկ կամ երկու տարի հետո ամբողջովին հաղթահարված լինի հեղափոխական էյֆորիան՝ հրապարակ բերելով գուցե այլ հերոսներ ու օրակարգ։ Ծրագրային ընտրությունների անցկացման կարևոր նախապայմաններից մեկը բարեկեցիկ հասարակությունն է, որովհետև միայն այդ դեպքում ընտրողները կարող են կատարել իմաստավորված, գիտակցված ընտրություն։

Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եթե նույնիսկ երկար պաշտոնավարի, ամբողջությամբ չի կարող երաշխավորել այնպիսի համակարգի ստեղծումը, որը Հայաստանում անշրջելի կդարձնի ժողովրդավարությունը։ Աղքատ հասարակություններում ինստիտուցիոնալ ժողովրդավարություն չի լինում, նմանապես՝ ժողովրդավարությունը միշտ նահանջելու հատկություն ունի, եթե ընտրողների վարքագիծը ձևավորվում է ոչ միայն քաղաքական գործոններով, այլ բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնք կարող են բերել դիսկրիմինացիոն երևույթների։

Ժողովրդավարության անշրջելիությունը, կամ՝ դրա ինստիտուցիոնալ հիմքերը կարող է երաշխավորել ոչ թե կոնկրետ առաջնորդ՝ թեկուզև բարձր վարկանիշով, այլ քաղաքական ու տնտեսական նպատակային բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի նոր որակի պետության, հասարակության ստեղծումը։


Պակաս կարևոր չէ անդրադառնալ ուղիղ ժողովրդավարության խնդրին․ ժամանակակից աշխարհում դա հրապարակը չէ, այլ դարձյալ ընտրական ինստիտուտներն են, իրավա-քաղաքական գործիքները, որոնց միջոցով հասարակությունն անընդհատ մասնակցում է պետության կառավարմանը, կարևորագույն որոշումների ընդունմանը կամ չեղարկմանը։

Ուղիղ ժողովրդավարության ժամանակակից դասական մոդել գործում է Շվեյցարիայում։ Այդ երկրում ցանկացած քաղաքացի կարող է Սահմանադրության փոփոխություն նախաձեռնել, եթե կարողանա իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և իր նախաձեռնությունը դնել հանրաքվեի:



Այդ երկրում Պարտադիր հանրաքվեն օրինականացված է. եթե խորհրդարանը Սահմանադրության փոփոխություն է ընդունում, ապա այն ուժի մեջ է մտնում միայն հանրաքվեով հաստատվելուց հետո: Օրինականացված է նաև, այսպես կոչված, օպցիոնալ հանրաքվեն. խորհրդարանի կողմից օրենք ընդունելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն տվյալ օրենքը չեղարկելու համար հանրաքվե կազմակերպել: Ինչպես տեսնում ենք՝ շվեյցարական ուղիղ ժողովրդավարության հիմքում դարձյալ ընտրական ինստիտուտներն են, այսինքն՝ այդ մոդելն ինքնին մերժում է «միակ ճշմարտության» թեզը ու սրանով հանդերձ չի կարող նույնանալ հրապարակի իշխանության հետ։

Հանրապետության հրապարակը՝ այսօրվա իր տրամաբանությամբ, ուղիղ ժողովրդավարության մոդել չէ, որովհետև սկզբունքորեն բացառում է քաղաքացիական նախաձեռնությունը։ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ հեղափոխական առաջնորդի ժողովրդական հավանության ինստիտուտ է առաջարկվում, որը զարգացման ռեսուրս, ըստ էության, չունի։

Ժամանակն է, որպեսզի լուրջ դիսկուրս ծավալվի նոր Հայաստանի քաղաքական, ընտրական համակարգերի շուրջ, այլապես՝ հեղափոխության հաղթանակը կնույնացվի հարթակի թիմի իշխանության հետ՝ բովանդակային հարթության վրա չեղարկելով հեղափոխության հիմնական հաղթանակները։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->