>

Արցախյան հարցում աննախադեպ զարգացումը` պատերազմի եւ դրա ցավալի արդյունքի բերումով, Հայաստանում աննախադեպ սրել է ներքաղաքական կյանքը: Այդ սրացումը միանգամայն բնական ու տրամաբանական դրսեւորում է այն բովանդակության համեմատ, որ ծավալվել է արցախյան հարցի շուրջ հայտնի եռակողմ համաձայնությամբ:

Համաձայնությունը որքան էլ ծայրաստիճան անհրաժեշտություն էր դարձել պատերազմական բարդ իրավիճակում ամբողջը չկորցնելու համար, միեւնույն է՝ քաղաքական եւ հասարակական ընկալումների համատեքստում այլ բան չէ, քան կապիտուլյացիա, որն առաջացնում է քաղաքական պատասխանատվության հարցեր: Ըստ այդմ՝ քաղաքական պատասխանատվության բարձրաձայնումը առկա իրավիճակում, ընդհուպ կառավարության հրաժարականի կոչով, դառնում է բնական:




Քոչարյանի զոհերը

Հաջորդիվ գալիս է, իհարկե, այն, թե ինչ իրական նպատակ են հետապնդում այդ կոչերը, դրանք նման են կամ իրականում հենց առիթից օգտվելու փո՞րձ են` իշխանափոխության հարց լուծելու համար, թե՞ դրանք ծանր իրավիճակը սեփական պատասխանատվությամբ լուծելու անկեղծ ու անգամ համարձակ ձգտում են: Բանն այն է, որ համարձակությունն այստեղ իսկապես ունի էական նշանակություն, քանի որ ստանձնել ներկայումս երկրի կառավարումը, նշանակում է ստանձնել ՌԴ հովանու ներքո կայացված եռակողմ համաձայնության դեմ գնալու պատասխանատվություն: Ի վերջո, եթե դա չկա, ապա չկա նաեւ կառավարության հրատապ փոփոխության անհրաժեշտություն:





Փոփոխության անհրաժեշտություն ընդհանրապես, իհարկե, առկա է, ի վերջո՝ երկրում ստեղծվել է ազգային-պետական կարեւորագույն հարցի առնչությամբ չափազանց բարդ ու հակասական իրավիճակ, եղել է ռազմական ու ռազմա-քաղաքական պարտություն, հետեւաբար այստեղ պետք է լինի կառավարության հանրային վստահության հարցադրում, որը կատարվում է արտահերթ ընտրության միջոցով: Սակայն հասկանալի է նաեւ, որ այդ ընտրությունը պետք է պատրաստվի, նախապատրաստվի, պետք է կրքերը հանդարտվեն եւ ապահովվի արտահերթ ընտրության արդարության, ազատության, օրինականության մթնոլորտը: Որովհետեւ, եթե այդ ամենը չի ապահովվում, ապա Հայաստանը կարող է ստանալ ոչ թե լուծում, այլ ընդամենը նոր խնդիրներ եւ իրավիճակի է՛լ ավելի բարդացում:

Հենց արտահերթ ընտրության ժամանակ էլ կքննարկվեն պարտության հետ կապված հարցերը, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները, առկա իրավիճակից օպերատիվ, մարտավարական եւ ռազմավարական ելքերը: Իսկ հանրությունը կընտրի` կամ պաշտպանվողներին, կամ մեղադրողներին վստահել կառավարումը հետագա քառամյակի համար: Կրկնեմ, դա այն դեպքում, երբ չկա կնքված համաձայնագիրը մեծ արագությամբ եւ օպերատիվությամբ փոխելու պատրաստակամություն, պատասխանատվություն եւ ինչ-որ իմաստով նաեւ երաշխիք:


Ըստ այդմ՝ կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը պետք է ուղեկցվի հանրությանն այդ կապակցությամբ շատ հստակ քայլերի հաջորդականություն ներկայացնելով, զուգահեռ նաեւ ներկայացնելով այն անձանց, որոնք կատարելու են այդ քայլերը: Հարթակի վրա հրաժարական պահանջող թե՛ ուժերը, թե՛ անձինք բավականին շատ են, ըստ այդմ՝ հանրությանը պետք է նախ հստակ դիրքորոշում ներկայացնել համաձայնագրի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, հստակ ներկայացնել հանձնառություն` թե ինչ են պատրաստվում անել, եւ հստակ ներկայացնել անուններ, որոնք պատրաստվում են անել այդ ամենը: Այդ դեպքում պարզ կլինի, թե որքան է օպերատիվ, անհապաղ հրաժարականի անհրաժեշտությունը:



Համենայնդեպս, առայժմ հանրությունը կարծես թե չունի այդպիսի կոնկրետության պատկեր, այն ներկայացված չէ քաղաքացիներին, որոնք եւս դժգոհ են ստեղծված իրավիճակից եւ կայացված որոշումից: Իսկ դա տարօրինակ է, առնվազն այնքանով, որ գործնականում կա հայտնի համաձայնագրով սահմանված գործողությունների ժամանակացույց, որտեղ չկա շատ ժամանակ, ինչը նշանակում է, որ հանրության դժգոհությունն առաջնորդելու փորձ անող որեւէ ուժ պետք է ժամ առաջ կոնկրետացնի հանրությանն իր առաջարկները:

Մինչդեռ առայժմ կոնկրետ է միայն հրաժարականի պահանջը: Այն բնական է, տրամաբանական, սակայն առկա իրավիճակում քիչ` որպես իրավիճակից ելք:

Сообщение Հրաժարականի պահանջը բնական է, բայց ելք լինելու համար ոչ բավարար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->