>

Պատմվածքս նվիրում եմ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի վառ հիշատակին

Պատերազմ կա, որ աշնանը գալիս է՝ տերեւաթափի փոխարեն կյանքաթափ անելով երկիրը: Այս աշունը այդպիսին էր: Լուռ, անխոստում:

Պատուհանի մոտ մնացած երազանքներ, հողի հետ խառնված արյուն ու գրքերի թաց էջեր: Աչքերի անհաշվելի բազմությունից գլորվում են հույսի կաթիլները: Արցախն ապրել է ուզում: Անընկճելի որդիներն իրենց ձեռքերով են պահում մի բուռ Արցախը: Այդ բռի մեջ կյանք կա: Աննվաճ ոգի ու հաղթանակի սպասող թռչունների թռիչքում անվեհերություն է։

Հիմա ամեն ինչ փոխվել է: Ժամանակի անտարբերությունն է փոխել եղանակների դասավորությունը կամ էլ մինչեւ հիմա ոչ մեկս չենք հասկացել տարվա եղանակների լեզուն:




Քոչարյանի զոհերը

Անձրեւ էր…


Մամռոտ քարին թողած երազանքները Մենուան աչքերով հետեւում էր թռչունների անցուդարձին: Նրա աչքերում կյանքն էր հոսում ու նույն հունով սեր էր ցոլում այս ու այն կողմ:




Եղանակը չփոխվեց:

Իր գորշ գույները ամպերին մոտեցրեց ու սկսեց ամեն ինչ: Մեկ օր առաջ ամեն ինչ այլ էր, բոլորի դեմքին ժպիտ կար, ուրախ-ուրախ մայրաքաղաքի օրն էինք նշում: Գիշերն ինչ-որ թաքուն բան էր պահում իր մեջ, որը շատ չկարողացավ թաքուն պահել: Վերջապես եկավ Մենուայի առավոտը, որը շատ էր սիրում ու ամբողջովին նվիրվում նրան: Խլացնող լռությանը փոխարինեցին թնդանոթները: Ինչ ասես մտածում էինք, ոչինչ չէինք բացառում: Մենուան շատ կտրուկ ձեռքի շարժումով վերցրեց հեռախոսն ու ընկերոջը զանգեց: Զանգն ընդհատվեց:

– Տեսնես էս ինչի համար է կտրվում ձայնը,-անհանգիստ տեղից վեր կացավ ու երեսը ջրով շփեց:
Մեր տան մոտ մի թոնիր ունենք, որ ամեն անցորդի ողջունում է: Նա շտապեց դուրս՝ հետաքրքրվելու, թե ինչ է կատարվում, ինչ ձայներ են: Պապիկներն էլ էին իրենց տներից դուրս եկել: Բոլորն անհանգիստ էին: Ես մի կերպ դեռ աչքերս էի բացում, երբ լսեցի, որ պատերազմ է, թշնամին հարձակվել է: Անակնկալի եկա, աչքիս առաջ հայտնվեցին այն տղաները, որոնց մի քանի օր առաջ էի հանդիպել դիրքերում, զրուցել ու խմել էինք իրենց պատրաստած անմահական սուրճը:

Ամեն ինչ սկսվեց։ Երկինքն իր տեղում էր։
Պլանավորած շատ բան ունեինք, բայց պատերազմը անկոչ հյուրի պես դուռը ծեծեց։ Մենուան նստեց մեքենան։ Մեքենայի հետեւից մայրը ջուր լցրեց։ Սա բարի ճանապարհ մաղթելու ավանդույթ է։
Նա գնում էր կրակոցների անհաշվելի ձայների ներքո, հանգիստ ու արծվային հայացքը մի տեղ ուղղած` հայրենի երկնքի հետ զրույցի բռնված։

– Ես քոնն եմ, Հայրենիք,- նրա շուրթերին հայտնվող այս բառերը կարծես բախում էր առաջացնում վատ մտքերի հետ։ Ամեն ինչ լավ էր։ Նա հանգիստ ու անհանգիստ զգացողություններով առաջ էր գնում։


Ծուխը ծածկել էր նրա տեսադաշտը: Բայց նորից էր առաջ քայլում:
Մի քանի քայլ…

Սպասում…

Պատերազմը թեքեց գլուխն ու տեղափոխվեց ուրիշ տեղ: Նա էլ դեպի այդ կողմը շտապեց: Չէր լսում ոչ ոքի, առաջ էր գնում, էլի առաջ:
Պատերազմն այստեղ էր: Չէր խոսում ոչ ոքի հետ:
Անընդհատ կրակոցների, արկերի պայթյուններ, խլացնող ձայներ:

– Մենուա՜, հետ արի, կրակում են, հետ արի,- գոռաց ընկերը:

– Կռվում ենք, ինչ հետ գալ, կռվում ենք…


– Գալիս են, դրանք գալիս են, նայիր, տես ինչքան շատ են,- ձայնը մի կերպ դուրս հանելով ասում է Մենուայի դիրքի տղաներից մեկը:

– Գալիս են՝ ուրեմն սատկացնելու ենք, ոչ մի նահանջ, մենք հող չենք տա,-պատասխանը եղավ կտրուկ:
Մարտերը շարունակվում էին… ամեն ինչ ծանր էր:

Վիրավորներին մի կերպ դուրս են բերում մարտադաշտից: Կրակոցները չեն դադարում, բայց տղաները կռվում էին, չխնայելով անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը:

Կյանքը պատերազմի հետ շարունակվում էր: Թշնամին կրկին առաջ էր գալիս: Մեր զորքը չէր նահանջում, որովհետեւ Մենուան ասել էր՝ ոչ մի նահանջ:
Այսպես մի քանի ժամ: Ամեն ինչ թեժանում էր…տղաները կռվում էին:

– Գալի՜ս են, հետ անցի,-աջ մասից մեկը գոռաց։

Մենուան առաջ անցավ, զենքի վերջին փամփուշտներով թշնամու հոծ բազմության վրա կրակ բացեց։ Մարմնով դիրքը պահեց։ Կյանքով կյանք տվեց։

Երանի օրը այլ կերպ բացվեր ու ծառերը մի ուրիշ կերպ թերեւաթափ լինեին։

Օրը մեռնում է սպասումից…
Դեռ երկինքը կա։ Թռչում են թռչունները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->