>

Եթե պարզվի, որ մեր նկատմամբ հանրային վստահությունը բավարար չէ, ապա չենք մասնակցի կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին: Քաղաքական ընդդիմությունը, որ պահանջում է վարչապետի հրաժարական, հայտարարում է, որ բանակցողի փոփոխությունը կբերի առկա իրողության փոփոխության, կտա դրա հնարավորություն:


Իհարկե այդ հայտարարությունը ունի հասկանալիորեն քաղաքական շարժառիթներ, միևնույն ժամանակ սակայն հայկական շահերի հետագա իրացման տեսանկյունից պետք է դիտարկվեն լուծման բոլոր, այդ թվում բանակցողի փոփոխության տարբերակները: Սակայն այդ ամենի համատեքստում, բայց և ամենից առաջ պետք է արձանագրել թերևս ամենատխուր իրողությունը, կամ՝ դիտարկել այդ իրողությունն անկախ դրա վերաբերյալ գնահատականից:








Քոչարյանի զոհերը

Խոսքն այն մասին է, որ ներկայումս և տեսանելի ապագայում հայկական շահերի և բանակցային հեռանկարի տեսանկյունից ամեն ինչ դե ֆակտո հանձնված է Ռուսաստանին: Սա իրողություն է, որը հաշվի չառնել հետագա ռազմավարության կամ մարտավարության համատեքստում, ուղղակի հնարավոր չէ, կամ հնարավոր չէ գալ որևէ հաջորդական եզրահանգման՝ առանց դա հաշվի առնելու: Երբ խոսվում է հետագա բանակցության մասին, ապա պետք է թերևս նկատի ունենալ հետևյալը՝ այդ բանակցությունը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ բանակցությունը լինելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Դա է պատերազմի ստեղծած քաղաքական նոր իրողությունը՝ նոր ստատուս-քվոյից բացի:


Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությանը կարող են էապես միջամտել Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, որոնք ունեն Մինսկի խմբի համանախագահության մանդատ և իհարկե աշխարհաքաղաքական որոշակի կշիռ: Միջամտության որոշակի ռեսուրս պահպանում է Իրանը՝ որպես ռեգիոնալ պետություն և սահմանակից: Անուղղակի միջամտողը իհարկե լինելու է Մեծ Բրիտանիան, իր Բրիթիշ Փեթրոլիումի նավթային շահերով, քանի որ խաղասեղանին նաև նավթամուղերի հարցն է՝ նոր ստատուս-քվոյի համատեքստում:

Հիմա, ինչպե՞ս կարող է Հայաստանն ազդել այդ պատկերի վրա, լինելով ռազմական պարտություն կրած կողմը: Այս հարցի պատասխանը խիստ մշուշոտ ու ցավոտ է, բայց որքան էլ լինի ցավոտ, այն պետք է հնչի, պատկերը պետք է լինի պարզորոշ, որպեսզի նաև հնարավորինս ռացիոնալ լինեն իրավիճակից դուրս գալու կամ այսպես ասած բանակցության վերադառնալու քայլերի քննարկումները: Դրանցում համենայն դեպս նվազագույն, կամ գրեթե զրոյական է թվում հնարավորությունը, որ պատերազմից հետո վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կարող է լինել արդյունավետ բանակցություն:



Մյուս կողմից սակայն, միայն նրա բացակայությունը Հայաստանի անունից արդյունավետ բանակցելու երաշխիք չէ, քանի որ, ինչպես նշեցինք, հարցը Հայաստանի համար այժմ բանակցության արդյունավետ կամ անարդյունավետ հեռանկարը չէ, այլ բանակցող սուբյեկտ լինելը: Բանակցողները այժմ երկուսն են՝ Ռուսաստան-Թուրքիա: Եվ կա շրջանակը, ինչպես թվարկեցինք: Հայաստանը դեռ պետք է հասկանա իր շահերի հարաբերակցությունն այդ շրջանակի հետ, համադրելով այն այդ առումով Ռուսաստանի դիրքային գերազանցությանը:

Աղբյուր


от admin

-->