>

Գյումրիում ապաստանած արցախցիների առաջին խումբն այսօր վերադարձավ Ստեփանակերտ: Հավաքվել էին վաղ լուսաբացին, որ շուտ դուրս գային, շուտ էլ տեղ հասնեին:

Երեխաները ոգևորված էին, ծնողները՝ մտահոգ: Առաջիններն իրենց ընկերների ու խաղալիքների մոտ էին շտապում, մեծահասակները, ըստ իրենց, դեպի անորոշ ապագա:

45 մարդ էր վերադառնալու ցանկություն հայտնել, հիմնականում նրանք, որոնք Ստեփանակերտում բնակարան ունեն:




Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Արիգա Ռաֆեյելյանն ասաց՝ Գյումրու տարբեր հաստատություններում ու հյուրատներում ապաստանած արցախցիների մի մասը դեռ չի պատկերացնում, թե ինչ է անելու, ուր է գնալու և ինչպես է շարունակելու ապրել: «Մարդիկ տներ չունեն այնտեղ ու չգիտեն, թե ինչ են անելու: Նման ընտանիքները դեռ կմնան այստեղ»,- նշեց նա:






Էլմիրա Դավիթյանը Գյումրի է հասել Սարգսաշենից: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ իր գյուղը թուրքին են տվել, տունն էլ՝ կրակին:

«Մեր շենը լոխ այրել են: Մենք գյուղից դուրս ենք եկել վերջին մոմենտը, էն թեժ մոմենտին, չենք կարողացել ոչ մի բան վերցնել, դաժե՝ ոտնաման, շոր-մոր, չգիտեմ, է՜, էս ինչ դառավ»,- մտահոգ աչքերն անորոշ մի կետի հառած՝ պատմեց Էլմիրան:

Հիմա գնում է Ստեփանակերտ՝ հույսով, որ իրեն ապրելու մի տեղ կտան այնտեղ․ «Կվերադառնամ, թաք մին սենյականոց տուն տան, կմնամ, հինչ անիմ»:

Ավերված է նաև Վերին Սզնեք գյուղի բնակիչ, ազգությամբ կազակ Կորոնկո Վյաչեսլավի տունը: Ասաց՝ մենակ է ապրում, հարազատներ այլևս չունի, տուն չի ուզում, հասնի Արցախ, կխնդրի, որ իրեն Ստեփանակերտի տուն-ինտերնատում ապրելու հնարավորություն տան: Արցախի համար լավ ու լուսավոր ապագա է կանխատեսում: Ասում է՝ լավ է լինելու ամեն ինչ:


 



Ստեփանակերտ վերադարձողների մեջ է նաև շուշեցի Ժորա Բարսեղյանը: Շուշին չկա, տունը չկա, բայց Արցախում ապրելու, կյանքն այնտեղ շարունակելու ցանկությունը մեծ է և հաստատուն:

Տունս մնաց Շուշիում, բայց հույսս չեմ կտրում, որ մի օր էլի վերադառնալու եմ․ «Դժվար է, բայց այդ հույսով եմ ապրելու, առանց հույսի հնարավոր չէ: Նոյեմբերի 5-ին եմ դուրս եկել: Մարդ չէր մնացել արդեն Շուշիում, հատուկենտ զինվորականներ կային, ես էլ դուրս եկա: Մնայի՝ ինչ անեի, տունը ռմբակոծում էին էդ ժամանակ»:

Բայց այսօր ավտոբուսը Ժորային ու ևս 44 արցախցու կհասցնի Ստեփանակերտ: Կեցության հարցերն Արցախի իշխանությունները խոստացել են կարգավորել:

Ավտոբուսի մյուս ուղևորներից փոքր-ինչ հանգիստ սրտով էին իրերը դասավորում հենց Ստեփանակերտի բնակիչները: Իրենց տներից տեղյակ են, գնան դուռ-պատուհանները փոխեն, ամեն ինչ, ասում են, տեղը կընկնի, կդիմանան, միմյանց մխիթարելով, հույս տալով, թև-թիկունք լինելով՝ կշարունակեն ապրել:

«Աշխատատեղերը բացվել են, հետ են կանչում մեզ: Պետք է բոլորս էլ գնանք, չթողնենք մեր հողն ուրիշին»,- իր հայրենակիցներին դիմեց ստեփանակերտցի Անժելան:

Ալեքսեյ Հարությունյանը Գյումրիում էր նոյեմբերի 3-ից: Ասաց՝ անորոշ է ամեն բան, բայց գնում է:

«Նախկին կյանքին դժվար թե վերադառնանք, Շուշին չկա, 50 կմ հեռավորության վրա է Ստեփանակերտից, վաղն ով է իմանում՝ ինչ կլինի, տեր կլինի, զորք կլնի: Չգիտենք։ Բայց դե գնում ենք, ինչքան կարող ենք ուրիշ տեղ մնանք, ինչքան կարող են մեզ ստեղ ձրի պահեն, նայեն, ամեն ինչ անեն, չի կարելի։ Մտահոգություն չկա, երևի լավ կլինի»,- ՀԺ-ի հետ զրույցում համոզիչ ձայնով ասաց Ալեքսեյը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Сообщение Տունս մնաց Շուշիում, բայց հույսս չեմ կտրում. Գյումրիից արցախցիների առաջին խումբը վերադարձավ Ստեփանակերտ (լուսանկարներ) появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->