>

1in.am-ը գրում է՝

Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Առաջիկա 12 օրերի ընթացքում մեզ սպասվում է բովանդակալից քաղաքական օրակարգ, ծրագրերի ու թեկնածուների մրացակցություն, իրական ու անիրական խոստումներ, բանավեճեր ու փոխադարձ մեղադրանքներ։ Քաղաքականությունը վերադարձել է Հայաստան ու մեկնարկող քարոզարշավն, անկասկած, պատմական է, որովհետև շուրջ քսան տարվա ընդմիջումից հետո Հայաստանում առաջին անգամ տեղի են ունենալու ազատ ու մրցակցային ընտրություններ, որոնց արդյունքում երևանցիները հնարավորություն են ունենալու ձևավորել քաղաքային իշխանություն։

Արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի մարտավարություն են ընտրել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հիմնական մասը։ «Իմ քայլը» դաշինքը ու ԲՀԿ-ն, որոնք համարվում են ընտրական գործընթացի ֆավորիտները, շեշտը դնելու են, այսպես կոչված, դասական քարոզարշավի վրա՝ յուրաքանչյուր օրվա ընթացքում կոնկրետ համայնքի բակային հանդիպումները եզրափակելով մեծ հանրահավաքներով։




Քոչարյանի զոհերը

Ընտրությունների մյուս ֆավորիտը՝ «Լույս» դաշինքը, շեշտը դրել է կրեատիվ քարոզարշավի վրա ու հենց առաջին օրը երևանցիներին սպասվում են անակնկալներ։





«Ժառանգություն» կուսակցությունը և «Երևանի» հանրություն դաշինքն իրենց մարտավարությունը կբացահայտեն այսօր հրավիրված ասուլիսներով։

«Հայք» դաշինքը քարոզարշավն իրականացնելու է քաղաքացիների հետ անհատական շփումների մակարդակում։

ՀՅԴ-ն իր քարոզարշավին խորհրդանշական մեկնարկ է տալու՝ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից։


Սակայն քարոզաշավը երեկ, ըստ էության, մեկնարկել է՝ «Իմ քայլը» ու ԲՀԿ քաղաքապետերի թեկնածուների ու նրանց թիմերի ասուլիսներով։ Ակնհայտ է, որ այս քաղաքական ուժերը միմյանց մեջ տեսնում են հիմնական մրցակիցների ու երեկ արդեն հնչել են փոխադարձ լատենտ քննադատություներ, սակայն ամեն ինչ ընթացել է քաղաքավարության ու մրցակցության սկզբունքների դաշտում։

ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, հայտնի հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը հայտարարել է, թե իրենց հիմնական պայքարը, այդ թվում՝ հեղափոխության մոտիվացիան, պետք է լինի այն, որ որևէ քաղաքական ուժ չունենա քաղաքական մենաշնորհ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն՝ այս ընտրությունների արդյունքներով, կարող է ունենալ միայն Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը վայելող դաշինքը, ըստ այդմ՝ ԲՀԿ-ն անուղղակիորեն հայտարարում է, որ հենց «Իմ քայլը»-ն է լինելու իր հիմնական մրցակիցը։



ՔՊ մամուլի խոսնակ Վահե Կոստանյանն՝ իր հերթին, երեկ ասուլիսում հայտարարել է, թե կուսակցությունները նախ թող կատարեն խորհրդարանական ընտրություններում իրենց տված ներդրումային խոստումները, նոր հանդես գան նոր խոստումներով։ Այս դեպքում էլ՝ «Իմ քայլը» դաշինքի թիրախն ակնհայտորեն ԲՀԿ-ն է, որովհետև հենց Գագիկ Ծառուկյանի կուսակիցներն են խոստանում մեծածավալ ներդրումներ։

«Լույս» դաշինքը հավատարիմ մնաց «Ելք»-ի գեղեցիկ ավանդույթներին ու անցած կեսգիշերին ֆեյսբուքյան տեսաուղերձով ազդարարեց իր քարոզարշավի մեկնարկը՝ երևանցիներին ներկայանալով որպես փոփոխություններ բերող ընտրաթիմ։

Ըստ ամենայնի՝ քարոզարշավի մեկնարկը ուղիղ կեսգիշերին տվել են նաև «Ժառանգության» թեկնածուները, սակայն՝ փողոցում, և անմիջապես հայտնվել են քաղմասում։  «Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին»,- կեսգիշերին հայտարարեց «Ժառանգությունը»:

Բարեբախտաբար, տհաճ միջադեպը շատ արագ հարթվեց՝ առանց քաղաքական հետևանքների, ձեբակալվածներն արագ ազատ արձակվեցին ու հուսանք, որ սա կլինի այս ընտրությունների ամենատհաճ իրադարձությունը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->