>

Նոյեմբերի 13-ից հանրապետության բոլոր դպրոցներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն, չորսշաբաթյա արձակուրդից հետո վերսկսվել է դասապրոցեսը՝ որոշ դեպքերում՝ առկա, իսկ հիմնականում՝ դարձյալ հեռավար:
Արտակարգ իրավիճակի և ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերի և առաջացած էական խնդիրների շուրջ զրուցել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի հետ:

— Պարո՛ն Թորոսյան, տարրական դպրոցի աշակերտները նորից հաճախում են դպրոց, արդյո՞ք արդարացված էր կորոնավիրուսային սրված իրավիճակում նման որոշումը, և ինչպիսի՞ն է երեխաների ներգրավվածությունը դասապրոցեսին:

— Տարրական դպրոցի ուսումնական ծրագիրը հնարավոր չէ իրականացնել հեռավար եղանակով։ Երեխաները տարիքով փոքր են, նրանք աջակցության կարիք ունեն, որը ծնողները չեն կարող ապահովել։ Մյուս կողմից՝ տարրական դպրոցի աշակերտներին չի կարելիերկար ժամանակ օգտվել համակարգչից։ Աշակերտները հաճախում են նորմալ, բացակայությունները քիչ են։ Այն ընտանիքներում, ուր կան վարակակիրներ, կամ սովորողները ռիսկի խմբի են, դասերին մասնակցում են հեռավար եղանակով։




Քոչարյանի զոհերը


— Հեռավար ուսուցման անցնելու այս ընդմիջումը ինչպե՞ս անդրադարձավ հեռավար ուսուցման կազմակերպման վրա: Ինչպիսի՞ կազմակերպչական խնդիրներ են եղել, և ի՞նչ աջակցություն է ցույց տրվել այս ընթացքում:




— Ընդմիջումը միշտ ունի տեղատվության էֆեկտ։ Սովորողները որոշ ժամանակ ոչ միայն չեն կրկնում իրենց սովորածը, այլև դուրս են գալիս սովորելու հարմար ռեժիմից, երբ օրվա որոշ մասը սովորում են իրենց դասացուցակով, իսկ մյուսը՝ ինքնուրույն։ Արձակուրդների ընթացքում նրանք ուշ են քնում, ուշ են զարթնում, կորցնում են օրվա սովորելու համար ամենից արդյունավետ ժամերը։ Արձակուրդից հետո, դպրոց գալով, սովորողներին որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ սովորելու ռեժիմին վերադառնալու համար։ Հեռավար ուսուցման դեպքում այդ ժամանակը ավելի երկար է տևում։ Եթե առկա դասերին մասնակցելու համար սովորողը առավոտյան շուտ գալիս է դպրոց, ապա հեռավար ձևով սովորելիս նրանք շարունակում են ուշ զարթնել, ծնողները գնում են աշխատանքի, և ինքնուրույն մնացած ոչ բոլոր սովորողներն են շտապում վիրտուալ դասարան, մի մասն էլ ինքնուրույն չի կարողանում միանալ հեռավար դասերին։

— Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հեռավար ուսուցման կազմակերպումը փոփոխությունների ենթարկվե՞լ է:

— Այն սովորողները, որ ունեն սովորելու հատուկ կարիք, որը չի խանգարում դպրոց գալ կամ սովորել հեռավար, շարունակում են իրենց կրթությունը՝ անհատական ուսումնական պլաններին համապատասխան։ Այն դեպքում, երբ նրանք հեռավար դասերին խմբի հետ չեն կարող մասնակցել, նրանց համար կազմակերպվում են հեռավար՝ անհատական դասեր։ Իսկ եթե նրանք չեն կարող օգտվել համակարգչից և համացանցից, նրանց դասերը կազմակերպվում են տնային ուսուցման կարգով, երբ ուսուցիչն է այցելում աշակերտի տուն։


— Պարո՛ն Թորոսյան, այս տարի նույնպե՞ս բուհ ընդունվելու համար հիմնականում հաշվի են առնվելու ատեստատների գնահատականները , և ինչպե՞ ս է վերահսկվելու դրված գնահատականների օբյեկտիվությունը:

— Բուհ ընդունվելու կարգը լրացուցիչ կներկայացվի դիմորդներին։ Այժմ սովորղները որոշում են՝ որ առարկաներից են հանձնելու պետական ավարտական քննությունները։ Արդեն նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը։ Երկրորդ կիսամյակում սովորողները կդիմեն միասնական քննություններին մասնակցելու համար։

— 12-րդ դասարանցիները մինչև հիմա տեղյակ չեն, թե քանի քննություն պետք է հանձնեն բուհ ընդունվելու համար, քննարկվե՞լ է այս հարցը, և ի՞նչ լուծումներ են առաջարկվում:

— Բոլոր դպրոցները նոյեմբերին կազմակերպված առցանց խորհրդակցությունների ժամանակ տեղեկացվել են քննությունների համար սովորողների հայտագրումը կազմակերպելու մասին, և այդ գործընթացը արդեն սկսվել է։ Այլ բան է, որ կան սովորողներ, որ ցանկանում են, հույս ունեն այս անգամ էլ հնարավորություն կունենան մեկ քննությամբ ընդունվել բուհ։ Անցած տարվա իրավիճակը բոլորովին այլ էր, և պահանջում էր արտակարգ վիճակին համապատասխան որոշումներ։ Այժմ վիճակը այլ է, և 12-րդ դասարանցիները ունեն բավարար ժամանակ քննություններին նախապատրաստվելու համար։


-Հայաստանում սկսվել էր ապաստան գտած արցախցի դպրոցականների կրթական կարիքների հաշվառումը: Պատերազմի ավարտից հետո ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել նրանց ներգրավվածությունը դասապրոցեսին:

— Այժմ բոլոր սովորողները, որ Արցախից տեղափոխվել են Հայաստան և դպրոցի հաշվառումից դուրս չեն եկել, ունեն իրենց կրթությունը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Երեխաներն իրենց ուսումնառությունը կարող են շարունակել առկա կամ հեռավար եղանակով։ Նրանք ապահովված են դասագրքերով, անհրաժեշտության դեպքում ստանում են հեռավար ուսուցման համար սարքեր։

— Հիմա՝ պատերազմի ավարտից հետո ինչպե՞ս պետք է մեր կրթության ռազմավարությունը վերաձևակերպվի և առհասարակ ինչպիսի՞ն պիտի լինի պատերազմող երկրի կրթության մոդելը:

— Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը։ Մենք պետք է դառնանք սովորող, գիտելիք և կարողություն պահանջող սովորողներ և ծնողներ, պատասխանատու և ստեղծագործող ուսուցիչ։ Անցավ չսովորելով, մի կերպ բավարար գնահատականներ ստանալով դպրոցն ավարտելու ժամանակը։ Պարզ դարձավ, որ աշխարհում ապրելու, զարգանալու և երկիրը պաշտպանելու համար պահանջվում են շատ լուրջ գիտելիքներ։ Հօդս ցնդեց այն առասպելը, որ երեխաները շատ ավելի լավ են տիրապետում թվային սարքերին և ավելի լավ են կողմնորոշվում թվային աշխարհում։ Իրականությունը ցույց տվեց, որ նրանք մեծերին գերազանցում են միայն սոցիալական ցանցերում և խաղերի մեջ։ Իսկ թվային աշխարհում սովորելու և մեծերի նման օգտագործելու հմտությունները նրանք նոր են սովորում։ Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը մեր աշակերտների գիտելիքներով, հմտություններով։ Դա է ուսուցչի և դպրոցի առաջնագիծը, ամենից կարևոր նպատակը։

Նախարարությունը նախատեսել և արդեն իրականացնում է ուսուցիչների, դպրոցի վարչական աշխատողների մասնագիտական զարգացման լուրջ գործընթաց, դպրոցներին տրամադրվելու են դասերի կազմակերպման մեթոդական, ռազմավարական և տեխնիկական աջակցություն։

աղբյուր

Сообщение Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->