>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը, որը կատարել է վարչապետի աշխատակազմը, ներկայացվում է ստորև։




Քոչարյանի զոհերը

ТАСС — Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:




Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով:

Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:

ТАСС — Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:

ТАСС — ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված: Ձեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումը, խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ձեր կարծիքով՝ այժմ ինչպե՞ս պետք է ընթանա կարգավորման գործընթացը այդ ձևաչափով:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գործնականում պատասխանեցի այդ հարցին՝ ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա:

Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի:

ТАСС — Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել:

Աղբյուր


от admin

-->