>

Կարապետ Կարապետյանը Քաշաթաղի Վուրգավան գյուղից է եկել։ Այգեգործ է, Արցախի բերրի հողերի մշակը։ Վուրգավանում աշխատասեր մարդիկ ոչ մի թիզ հող անմշակ չեն թողել, ինքն էլ մրգատու ծառերով այգի է հիմնել, մի մասն էլ հենց Արաքս գետի ափին։ Բերքն արդեն հասել էր՝ խաղողի վազերը կախվել, նռնենիների ճյուղերը ճկվել էին, բայց ոչինչ հավաքել չհասցրին։

«Ամեն ծառ մի զինվոր է,- ասում է 60ամյա այգեգործը,- նույնքան ուշադրություն ու խնամք է պահանջում,իսկ զինվորի թիկունքը ամուր ու առողջ միշտ պետք է պահես»։ Արցախի բնությունը չէ, բայց ինչպես իր այգին կխնամեր, նույն աշխատասիրությամբ հիմա Թորոսի ճամբարի այգին է մշակում, ծառերն է էտում, որ հաջորդ տարի բերքն ավելի առատ լինի։





«Ժամանակը կանգ չի առնում,ապրել է պետք, բայց սեփական հայրենիքում ու հողում»,- ասում է այգեգործը։Նա հայրենի գյուղի ու իր այգու կարոտն այս այգուց է առնում։






Տիկին Ռիման 2-րդ անգամ է փախստականի կարգավիճակում հայտնվել։ 88-ին Բաքվից Հայաստան են եկել, տնավորվել ու ապրում էր Մարտակերտի շրջանում։ Պատերազմը չթողեց երկար վայելել ստեղծած տուն ու տեղը։ 2 որդիները հիմա էլ Մարտակերտում են, տեսել են իրենց տան քանդվելը թշնամու հրթիռակոծությունից։ 5 անչափաս թոռների ու հարսների հետ սպասում է որդիների որոշմանը, թե երբ կվերադառնան Արցախ:

Մարտակերտի իրենց գյուղը՝ Կոճողոթին այլևս իրենցը չէ, այնպես ինչպես Հադրութի շրջանի Թաղլա գյուղը, որտեղ 21 տարի ապրել է Արսեն Վարդանյանը։ Մեկ շաբաթ առաջ է Արցախից եկել, ռազմաճակատում է եղել 44 օր, հիմա էլ մասնակցում է ականազերծման աշխատանքներին։



Արսեն Վարդանյանը մասնագիտությամբ ականազերծող է։ 90-ականներին ևս արցախյան պատերազմից հետո կյանքի գնով տարածքներ են վնասազերծել, որ բնակիչներն ապահով ապրեն, նույնն արել են ապրիլյան պատերազմից հետո։ Ընտանիքին Արցախ տանելու մասին է մտածում։ Վերադարձ հայրենիք բոլորն են ուզում, բայց ոմանց համար հայրենի տունն ու այգին անհաս երազանք դարձավ։ Հարմարվել ու Հայաստանում նոր էջից նոր կյանք սկսելու դժվար ջանքեր են գործադրում: Իսկ վերադարձողները ավերված տունը նորոգելու անսպառ կամք և ուժ են ներդնելու։

Сообщение «Ամեն ծառ մի զինվոր է». 60-ամյա քաշաթաղցի այգեգործը Շիրակի մարզի Թորոսգյուղի այգին է մշակում появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->