>

Բաքվում ընդունելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը, խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին,  նշել է, թե որոշները դժգոհ են դրանից: Ովքե՞ր են որոշները՝ Ալիևը չի մանրամասնել: Գործնականում, Ռուսաստանից և Ալիևից բացի, համաձայնագրից կարող են դժոհ լինել բոլորը, այդ թվում՝ անգամ Թուրքիան:

Ի դեպ, հատկանշական է, որ ռուսական վերնախավին ասոցացվող «Տելեգրամ» ալիքներով օրերս տարածվեց տեղեկություն, որ Ալիևը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելիս Պուտինից 20 րոպե ժամանակ է ուզել՝ Էրդողանի հետ խորհրդակցելու համար, սակայն ՌԴ նախագահը չի տվել այդ ժամանակը:

Ըստ նույն ալիքի՝ Թուրքիան դժգոհ է, որ Ալիևը կայացրել է այդ որոշումը առանց քննարկման: Կարո՞ղ էր լինել այդպիսի տարբերակ, որ Ալիևը կանգնեցներ պատերազմը առանց խորհրդակցելու նրա հետ, ում հետ և ում հրամանով ու աջակցությամբ սկսել էր պատերազմը: Առավել ևս, որ այն չէր ունենա այդպիսի արդյունք, եթե չլիներ Թուրքիան:




Քոչարյանի զոհերը

Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ առանցքային մի բան: Երեկոյան Նախիջևանում ադրբեջանցիները խոցեցին Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի շարասյունն ուղեկցող ռուսական ուղղաթիռ: Փաստորեն, դա տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրի շուրջ քննարկումներին զուգահեռ:





Ռուսական ուղղաթիռի խոցումը Մոսկվային փաստացի տալիս էր ռազմական պատասխան հարվածի լեգիտիմ իրավունք: Չի բացառվում, որ Ալիևի առաջ դրվել է պարզ ընտրություն՝ կա՛մ նա արագ ստորագրում է՝ առանց Էրդողանի հետ քննարկումների, կա՛մ Ռուսաստանն արագ հասցնում է պատասխան հարվածը:

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 9-ից հետո խորհրդարան ներկայացրեց Ադրբեջան թուրքական զինուժ ուղարկելու մասին որոշում՝ ստանալով խորհրդարանի հավանությունը:

Չի բացառվում, որ Էրդողանի այդ որոշումը Ալիևի ստորագրությունից դժգոհության դրսևորում էր:


Միջազգային մամուլում հայտնվել է տեղեկություն, որ Անկարան մտադիր է Սիրիայից և մերձավորարևելյան այլ գոտիներից Ադրբեջան տեղափոխել վարձկանների ընտանիքներին՝ այնտեղ բնակեցնելու համար: Ինչպե՞ս է ընդունում այդ իրողությունն Ալիևն իր ընտանիքով:

Բաքվի ղեկավարը տիկնոջ հետ այցելել էր Արցախի հարավից գրաված տարածքներ՝ տողատակում թերևս ցույց տալու համար դրանց հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ առաջին հերթին Իրանին, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրից թերևս խոշոր դժգոհներից մեկն է: Բայց ունի՞ Ալիևն այդ տարածքների հանդեպ ազդեցություն, թե՞ Թուրքիան դրանք դե ֆակտո կանջատի Բաքվից:



Համաձայնագրից դժգոհ են նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները, որոնք չեն թաքցնում այդ դժգոհությունը: Ընդ որում, նրանց դժգոհությունը Ադրբեջանի դեմ կարող է օգտագործել Ռուսաստանը՝ իր ռազմավարական հաջողության շրջանակում: Հնարավոր է, որ Ալիևն իր հերթին փորձում է ակնարկել, որ ինքն էլ կարող է օգտագործել Թուրքիայի և մասնակիորեն նաև Իրանի դժգոհությունը:

Ի դեպ, հատկանշական է, որ Իրանը չեղարկեց արտգործնախարարի նոյեմբերի 23-ի այցը Մոսկվա: Պատճառաբանությունը բյուջետային քննարկումներն են, թեև հարց է առաջանում՝ մի՞թե դրանց մասին հայտնի չէր, երբ հայտարարվում էր նոյեմբերի 23-ի այցի մասին: Զարիֆը պետք է այցելեր նաև Բաքու, բայց Մոսկվա այցը չեղարկել, իսկ Բաքու՝ պահպանել, իհարկե չէր լինի: Ով ում հանդեպ ավելի կկապիտալիզացնի նոյեմբերի 9-ից դժգոհությունը՝ Մոսկվա՞ն Ալիևի վրա, թե՞ հակառակը:

Ի դեպ, այդ ֆոնին հատկանշական է Երևան և Բաքու ՌԴ պատվիրակության այցի մի դրվագ, երբ Երևանում քաղաքացիական հագուստով հանդիպումներ անցկացրած ՌԴ պաշտպանության նախարարը մի քանի ժամ անց Բաքվում Ալիևի հետ հանդիպումից առաջ զգեստափոխվել էր և հագել ռազմական հանդերձանք:

Ինչ ակնարկ էր պարունակում այդ հանդերձանքը: Արդյոք այն արտացոլում էր, որ նոյեմբերի 9-ի քաղաքական տրամաբանությունից դժգոհ կողմ է նաև Շոյգուն կամ ՌԴ զինվորականությո՞ւնը: Լավրովի հետ Ալիևը հանդիպել էր Շոյգուից հետո:

Ռուսական փորձագիտական շրջանակներում Լավրովի և Շոյգուի մոտեցումների տարբերության և Կրեմլի քաղաքականության հարցում, այսպես ասած, մրցակցության մասին խոսվում է շատ վաղուց:

Աղբյուր՝ 1in.am


от admin

-->