>

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում հատուկ քննչական ծառայության պետը մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ զինծառայողները 2008 թ.-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը:

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ասուլիսում հայտարարեց Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաթղթերում նշված որպես վարձատրություն տրամադրված գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից:




Քոչարյանի զոհերը

Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Հրապարակված փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Արտակարգ դրության ընթացքում պահակային ծառայություն կատարող անձնակազմին լրացուցիչ վարձատրության գումարների վճարման տեղեկագիր»: Փաստաթուղթը թվագրված է 2008 թվականի մարտի 8-ով: Զինծառայողների ցանկի վերեւի ձախ անկյունում գրված է զորամասի համարը՝ «95532»:





Ինչպես կարելի է տեսնել նկարում, նշված ծառայության համար զինծառայողներին վճարվել է 50-հազարական դրամ: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՔԾ պետի, վճարվել է 180 միլիոն դրամ, որը եթե բաժանում ենք 50 հազարի, ապա ստացվում է, որ այդ օրերին 3600 զինծառայող մասնակցել է օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին:

Ներկայացնում ենք հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները եւ զինվորական կոչումները.


  • Գնդապետ Սիմոնյան Արթուր Վանյայի
  • Փոխգնդապետ Տոնոյան Արտակ Արտուշի
  • Մայոր Ավդալյան Արտյոմ Հենրիկի
  • Մայոր Ավետիսյան Գարուշ Բագրատի
  • Մայոր Զախրաբեկյան Արթուր Ալբերտի
  • Մայոր Սարգսյան Սամվել Մարտունի
  • Կապիտան Ավետիսյան Էդուարդ Նիկոլայի
  • Կապիտան Ավետիսյան Վասակ Ավետիսի
  • Կապիտան Գաֆարյան Աշոտ Արշալույսի
  • Կապիտան Գեղամյան Հրայր Վահանի
  • Կապիտան Գրիգորյան Մկրտիչ Ղազարոսի
  • Կապիտան Հակոբյան Վախթանգ Խաչիկի
  • Կապիտան Ոսկանյան Երվանդ Նիկոլի
  • Կապիտան Սահակյան Էդիկ Տոնիկի

Թիվ 95532 զորամասը ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադն է, որը տեղակայված էր Երեւանում՝ քաղաքապետարանի դիմաց՝ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում: Նշվածներն այս ստորաբաժանման զինծառայողներն են: Ինչպես կտեսնենք ստորեւ, այս զինվորականները ճանապարհ անցած սպաներ են, հետագայում արժանացել են բարձր կոչումների եւ մասնակցել են կարեւոր առաքելությունների:

Գնդապետ Արթուր Սիմոնյանը, 2007-2017 թթ. եղել է բրիգադի հրամանատարը: Սիմոնյանը 2012-ին Սերժ Սարգսյանի կողմից ստացել է գեներալ-մայորի կոչում: Մինչեւ 2007 թ. խաղաղապահ բրիգադը եղել է խաղարար գումարտակ, իսկ դրա առաջին հրամանատար է նշանակվել ցուցակում նշված փոխգնդապետ Արտակ Տոնոյանը, որն այն ժամանակ կապիտան էր: Ավելի ուշ Տոնոյանը նշանակվել է Ա. Սիմոնյանի տեղակալ, իսկ հետո դարձել մեկ այլ զորամասի հրամանատար: Բացի դրանից՝ նրան շնորհվել է գնդապետի կոչում:



2008-ի ցուցակում նշվածներից մայորներ Արտյոմ Ավդալյանն ու Սամվել Սարգսյանը խաղաղապահ ստորաբաժանման հիմնադրման ժամանակ եղել են դասակի հրամանատարներ՝ լեյտենանտներ, այսինքն՝ եղել են զորամասի առաջին սպաներից: Ընդ որում՝ առաջին անգամ հայ խաղաղապահները 2004 թ. առաքելություն են իրականացրել Ա. Ավդալյանի գլխավորությամբ Կոսովոյում։ 2005-ին էլ հայ խաղաղապահներն առաջին անգամ Իրաք են մեկնել Գարուշ Ավետիսյանի գլխավորությամբ։

Խաղաղապահ զորամասը գլխավորելու ժամանակ՝ 2012-ին տված հարցազրույցներից մեկում Արթուր Սիմոնյանը պատմել է ստորաբաժանման մասին, ներկայացրել իր զինվորականներին: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի ակադեմիայում է սովորել գնդապետ Արտակ Տոնոյանը, ապա եւ՝ փոխգնդապետ Արթուր Զախրաբեկյանը, որը ՀՔԾ պետի ներկայացրած 2008 թ. ցուցակում մայոր էր: Ցուցակում նշվածներից Արտյոմ Ավդալյանի գումարտակը շատ ավելի ուշ, ըստ Ա. Սիմոնյանի, բրիգադում ճանաչվել է լավագույնը: Մեկ այլ սպա՝ Վասակ Ավետիսյանը, որը 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ ու նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար:

Աղբյուր՝ Հետք

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->