>

ՈՂՋ ՄՆԱՑԱԾԸ կամ 15000 վայրկյան հողի տակ

Այս պատմության իրական հերոսը իմ փոքրիկ ընկերն է՝ Սերոբ Նահապետյանը

Պատերազմի վերջին օրն էր: 45 օր անդադար պատերազմում էինք։ Մե´կ Հադրութ, մե´կ Մալիբալու, մեկ էլ՝ Մարտունի 2։ Առաջադրանք կատարելիս երկնքից անձրևի պես մեզ վրա թափվող սնարյադներից թաքնվում էինք մեկ վայրկյան առաջ տրաքած սնարյադի փոսում։

Մարտական ընկերներիս կորստի և պատերազմում տարբեր պատճառներով պարտություն կրելու գիտակցությամբ անտրամադիր կանգնած էի խրամատում ու ռացիաներն էի շարում կանտովկին, որ կապը բռնի: Հրամանատարը ասեց, որ արագ ճշտեմ օդը մաքուր է թէ ոչ և արագ իջնեմ բլինդաժ, քանի որ վերևում ինքնաթիռ էր քիչ առաջ պտտվում:

loading...



Չնայած, որ բլինդաժը ինձանից ընդամենը 4-5 մետր էր հեռու, ասացի որ, օդի համար հիմա կճշտեմ, բայց էլ հավես չունեմ վազվզելու, մտածեցի խփումա՝ թող խփի, արդեն բոլորս հոգնել էինք վախենալուց: Վազգենը, ով ինձանից աջ էր կանգնած մոտ 3 մետր հեռավորության վրա, խորացնում էր իր՝ որոշ չափով պաշտպանված կրակային կետը: Լսելով , որ չեմ ցանկանում մտնել բլինդաժ, կանչեց ինձ իր մոտ ու առաջարկեց միանամ իրեն: Հայացքովս բացատրեցի, որ չշարունակի:






Մի քանի վայրկյան մտքերով տուն էի հասել, երբ ինքնաթիռը սկսեց հրթիռակոծել մեր տեղակայման վայրը: Չհասցրեցի տեղիցս շարժվեմ, երբ հուժկու պայթյունից ավիրվեց կողքիս բլինդաժը, որտեղ քիչ առաջ կամանդիրս էր ու տղերքից մի քանիսը: Հենց այդ պահին ռմբակոծվեց նաև աջ կողմս, որտեղից լսվեց զինակցիս շատ կարճ ա՜խ-ը ու նա ծածկվեց մետրանոց հողի շերտով:

Ես կանտուզիա էի ստացել և ուղեղս բան չէր հասկանում։ Ինձ գցեցի դեպի հրամանատարի բլինդաժը, փորձում էի ինչ որ կերպ հողը փորել։ Նորից պայթյուն։ Ես արդեն երկու ոտքից վիրավոր էի: Սողալով հազիվ հասա, իմ կարծիքով, խրամատի համեմատաբար ապահով մասը, որպեսզի օգնության կանչեմ տղեքին՝ վիրավորներին հողի տակից հանելու, համ էլ վիրակապվելու համար: Սակայն 4-րդ հարվածը եկավ ուղիղ մեզ վրա: Խրամատը լցվեց հողով: Փրկության միակ հույսը գլխավերևում մնացած լույսի և օդի թափանցման փոքրիկ անցքն էր:

Կարճ ասած սաղ-սաղ թաղվել էինք հողի տակ, առանց շարժվելու որևէ հնարավորության: Խրամատում մի 4-5 հոգով մնացել էինք հողի տակ: Մեկը, ինձ պես ոտքերից վիրավոր, կանգնած չէր մնացել, այլ ցավերից տանջվելով պառկած էր խրամատում և ռմբակոծությունից հետո հողը լրիվ ծածկել էր նրան: Մենք ձեռքերով փորձում էինք քանդել հողը և փրկել զինվորին,բայց ո´չ հողը կարողացանք քանդել ձեռքերով և ո´չ էլ մեկ վայրկյան առաջ վիրավոր, բայց ողջ զինվորին կարողացանք փրկել: Ոտքերս գրեթե չէի զգում, միայն հասկանում էի, որ պետք է հնարավորինս քիչ շարժվեմ, քանի որ ամեն շարժումից ոտքերիցս արյունը ավելի ու ավելի արագ էր դուրս մղվում:

Անդադար ռմբակոծությունները շարունակվում էին: Երբ մի պահ հրետակոծության ձայները լռեցին, հողի տակից սկսեցինք օգնություն կանչել: Հետո՝ լռեցինք: Հայր մեր, որ Երկինս ես, սուրբ եղիցի անունը քո, եկեսցե արքայությունը քո,…. : Եվս մի քանի րոպե և վերևում ձայն լսվեց.

— Տղերք, սա՞ղ եք: Գոռացինք.


— Հա´ ախպեր, հա´:

Վերևից ասեցին ՝ համբերեք հանում ենք: Ասեցի,որ մենք ըստեղ կդիմանանք, կամանդիրի բլինդաժը քանդեք, իրանց հանեք տակից: Տղերքը հեռացան: Օդը արդեն չէր հերիքում, հող ու ածխաթթու էինք շնչում: Աստված էի կանչում, որ 45 օր պատերազմելուց հետո հողի տակ սաղ-սաղ թաղված չմնամ: Որոշ ժամանակ անց վերևի ձայնը գոռաց.

— Ախպե՜ր կամանդիրենց չենք կարողանա հանենք ու դժվար էլ սաղ մնացած լինեն, սպասեք ձեզ գոնե փորձենք հանենք: Թթվածնի խիստ պակասից ու արնաքամ լինելուց ուղեղս մթագնում էր: Արդեն մեկ երկու անգամ ուշաթափվելու եզրին էի: Գոռալով խնդրում էինք, որ չթողնեն մեզ էստեղ, արդեն խեղդվում էինք: Ձայնն ասաց, որ հեսա կփրկի մեզ, համբերենք: Վայրկյաններ անց մի պայթյուն ևս և բահերի ձայնը միանգամից լռեց:

-Տղե՞րք, տղե՞րք,- ձայն տվեցի մի քանի անգամ: Հասկացա, որ տղերքն արդեն չկան: Որոշեցի այլևս օգնության չկանչել, որովհետև ևս մի մահ մեր փրկության համար չէի կարող ընդունել:Արդեն ընդունել էի ճակատագիրս, և արցունքն աչքերիս նորից վերադարձա մտքով տուն և հրաժեշտ տվեցի բոլոր հարազատներիս, ափսոսալով այսքան երիտասարդ, իսկ ամենակարևորը էսքան անիմաստ ավարտվող կյանքս, երբ հանկարծ վերևի փոքրիկ անցքից շշուկով լսվեց..

— Սաղե՞ք: Աստված մեզ նոր փրկիչ էր ուղարկել: Արդեն միտքը բոլորիս մոտ մթագնում էր և արդեն միակ ցանկությունը ոչ թէ փրկվելն էր, այլ որ մեկը մի հատ մեզ վրա գրանատ գցեր պրծնեինք: Վերևից միայն լսում էինք.



— Մի քիչ էլ համբերեք տղերք, ոչ մի գրանատ, ոչ մի մեռնել, էս կրակի տակով դրա համար չեմ եկել հասել, որ թողնեմ մեռնեք:

Այլևս յուրաքանչյուր բառ ինձ հասնում էր որպես ինչ որ ձայն, այլևս ոչինչ չէի գիտակցում, վերջին անգամ փորձեցի խորը շունչ քաշել և ուշագնաց ընկա: Չեմ հիշում՝ որքան մնացի անգիտակից վիճակում, բայց ուշքի եկա ոտքիս ուժեղ, սուր ցավից: Առաջին պատկերը, որ թթվածնային քաղցից վերադարձած ուղեղս հասցրեց ֆիկսել այն էր, որ գլխավերևումս երևում էր ամպամած երկինքը, իսկ մի քանի հոգի փորում էին խրամատի միջի հողը, որը մեզ, արդեն մի քանի ժամ է, ինչ մինչև գոտկատեղ լցված՝ գերի էր պահում մարտի դաշտում:

— Ապէ ինադու՞ եք քաշքշում ինձ, չգիտեք, որ ոտքերիցս վիրավոր եմ: Առաջին ռեակցիան էր՝ ուշքի գալուց հետո:

— Դավայ ախպեր արագ, արագ: Առաջինը ինձ մի հանեք, ես հողի մեջ ապահով նստած եմ , ոտքերս կամ արդեն վարիյա, կկտրեն, կամ արյունս ցեխը կանգնացրելա և կփրկվեմ, առաջինը Պետրոսին հանեք , հաջորդը կհանեք Հարութին՝ ինքը քիպ կողքս ա ու մինչև իրան չհանեք տեղ չենք կարա բացենք, որ իմ ոտքերի մոտ փորենք:

Կարճ ասած, երբ ուղեղներս հասկացավ, որ շանս կա փրկվելու, հավաքեց ռեզերվում ունեցած ամբողջ էներգիան և սկսվեց անմարդկային արագությամբ ուղեղների և ֆիզիկական ուժի մոբիլիզացիան՝ խրամատը ճիշտ հերթականությամբ հողից մաքրելու և վիրավորներին հանելու գործում:

Վերջապես մի ոտքս ազատ էր, մյուսը՝ չսպասելով, որ մինչև վերջ քանդեն հողը, երկու ձեռքերով պինդ բռնած, անտանելի ցավից ոռնալով, քաշեցի, հանեցի դուրս, որ մեկ վայրկյան առաջ ազատվեմ այս խրամատի գերությունից: Հայացքս թեքեցի դեպի մեզ փրկողին՝ Ֆելոյին: Մենք լուռ փոխանակվեցինք. <<Շնորհակալ եմ եղբայր>>,
<< Երջանիկ եմ, որ կարողացա փրկել>> կարճ նախադասություններով:

Պառկեցի արյունոտ ու խոնավ հողին: Ծանր վիրավոր, բայց կենդանի մնացած ու վրեժով լցված գազանի պես մեջս մնացած վերջին ուժերով գոռացի դեպի վեր:

Պատմությունը այսքանով իհարկե չավարտվեց, բայց այս 15000 վայրկյանը հողի տակ ինձ ցույց տվեց, թե ինչքան կարևոր է գնահատել և ճիշտ օգտագործել մեր կյանքի ամեն մի վայրկյանը, քանի որ երբեք չես իմանա՝ հաջորդ պահին ե՞ րբ և որտե՞ ղ կմարի քո կյանքի լույսը:

Ցանկության դեպքում այս պատմությունը կարող եք հանգիստ տարածել:

Հեղինակեց՝ Գուրգեն Դանիելյանը


add
loading...
.

от admin