>

Կասկածից վեր է, որ իշխանությունը պետք է հեռանա, որովհետև պարտվել է, բայց քաղաքական ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե դրա մասին անընդհատ ասելը, այլ հանրությանը նոր իշխանության բովանդակություն մատուցելը: Մեծ հաշվով, հերթական, թե արտահերթ տարբերակով, բայց հին, սպառված կամ ձախողված որևէ իշխանության հեռացում տեղի է ունենում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ:

Եթե պահպանված չէ այդ զուգահեռը՝ նվազագույնը, էլ չասած այն մասին, որ նորի ձևավորումը պետք է լինի առաջանցիկ տեմպ, ապա իշխանության փոփոխությունը չի լինի հարցերի արդյունավետ լուծում: Ի վերջո, չէ՞ որ անիշխանությունը լուծում չէ, իսկ որևէ իշխանություն էլ չի կարող լինել մեխանիկական երևույթ:

loading...



Այն, որ այդ պահանջը կամ կարծիքը պասիվ է, չունի ակտիվ դրսևորում, պայմանավորված է նրանով, որ ակտիվ կամ ընդհանրապես դրսևորում չունի նոր իշխանության ձևավորումը՝ իբրև բովանդակություն:





Միևնույն ժամանակ, որքան տրամաբանական չէ իշխանության հեռանալու մասին անընդհատ կրկնելը, նույնքան տրամաբանական չէ իշխանության անընդհատ կրկնելը, թե կան անելիքներ և պետք է կենտրոնանալ այդ անելիքների վրա: Տրամաբանական չէ, որովհետև անելիքը հանրությանը պետք է մատուցվի շատ կոնկրետ քայլերով:

Այն, ինչ տեղի է ունեցել, իշխանության հեռացման պահանջը դարձնում է լիովին տրամաբանական և օրինաչափ: Սակայն տեղի ունեցածի և անգամ տեղի ունեցողի ֆոնին առավել ևս կարևոր է դառնում ոչ թե իշխանության հեռացումը, այլ նոր իշխանության ձևավորումը:


Այդ իմաստով ներքին օրակարգային խոսակցությունը պետք է ծավալվեր հենց այդ խնդրի շուրջ, ինչը, սակայն, գոյություն չունի բացարձակապես: Մինչդեռ հանրությանը բոլորովին պետք չէ ռազմական պարտության, հազարավոր զոհերի, ծանր մարդկային ու տարածքների կորուստների ծանրությունն ավելի ու ավելի սուր և թեժ ներկայացնելու ջանք: Հանրությունն այդ հասարակական-քաղաքական դերակատարներից բազմակի անգամ ավելին գիտեր, պատկերացնում էր հայրենիքի արժեքը և ամեն մի մարդու ու սանտիմետրի կորստի ցավը:

Հանրության ցավը խտացնել պետք չէ՝ գործող իշխանության դեմ տրամադրությունն ու դժգոհությունը խտացնելու ակնկալիքով: Ներկայումս պետք են այդ ցավի հաղթահարման թե՛ հոգեբանական, թե՛ արդեն կոնկրետ տնտեսաքաղաքական լուծումներ, որոնց շուրջ խոսակցությունն էլ պետք է սկսի լուծել նոր իշխանության ձևավորման հարցը:

Նոր իշխանության ձևավորումն է, որ ինքնաբերաբար լուծելու է ներկայումս գործող իշխանության հեռացման խնդիրը: Այդ իշխանությունը արդեն հեռացած է, այդ իշխանության ու հանրության միջև օրգանական կապ այլևս գոյություն չունի: Այդ կապն արդեն սկսել էր խզվել պատերազմից առաջ իսկ, և առավել ևս այն կտրվել է ծանր պարտությամբ և իրողություններով:



Բայց, ի տարբերություն հասարակական-քաղաքական դերակատարների, հասարակությունը այդ իշխանության հետ չունի լուծելու քաղաքական հարց, հանրությունը ակնկալում է եղած քաղաքական հարցերի լուծում, ըստ այդմ՝ պատրաստ է իշխանության մանդատ տալ նրանց, ովքեր առարկայորեն կխոսեն լուծումների մասին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ այդ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ: Նոր՝ ամենևին չի նշանակում ֆիզիկապես կամ «գրանցման վկայականով» նոր: Նոր ուժ, այսինքն՝ ուժ, որը նոր իրավիճակում կսկսի խաղալ մարդկանց մտքերի, ոչ թե զգացմունքների և բնազդների վրա: Իսկ անելիքները ահռելի են ներքին ու արտաքին դաշտում, ահռելի ու հրատապ:

Լուսանկարը՝ Armeniasputnik

Աղբյուր՝ 1in.am


add
loading...
.

от admin