>

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որտեղ խոսել է հայտնի գաղտնալսման, դրան իշխանության արձագանքի, մասնավորապես այդ արձագանքում իր հասցեին հնչեցված մեղադրանքների մասին, նաեւ ավելի ուշ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի գնահատականների, հրահանգների եւ հայտարարությունների մասին:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ակնառու դրսեւորում էր անելանելի վիճակը, որում հայտնվել է նա եւ ինչը շարունակում է խորանալ, որպես հրապարակային քաղաքական դիրքավորման հետեւանք: Այդ հետեւանքը գործնականում անխուսափելի էր, հաշվի առնելով այն, որ այդ դիրքավորումը Ռոբերտ Քոչարյանի համար ամենաանհարմարավետ դաշտն է թե բնույթի, մտածողության, պատկերացումների, թե նրա շուրջ նախագահության շրջանից մինչ այժմ ձեւավորված անբարենպաստ մի շարք հանգամանքների բերումով:

Երկրորդ նախագահն էլ անկասկած զգում է դա, պարզապես նա այլեւս ի վիճակի չէ կանգ առնել, իսկ նոր հարցազրույցն էլ ցույց է տալիս, որ նա աստիճանաբար սկսում է մտածել, որ ավելի ու ավելի անզոր է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու հարցում:




Քոչարյանի զոհերը

«Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով: Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը:





Իհարկե հարց է առաջանում, այդ դեպքում ո՞վ էր հին բռնապետը: Ու՞մ է ակնարկում Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք Սերժ Սարգսյանին: Մեծ հավանականությամբ, եւ դա մատնում է Քոչարյանի հաջորդ նախադասությունը. «Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը»: Երկրորդ նախագահն ինչ որ իմաստով գուցե մատնում է նաեւ, որ հեղափոխության գործընթացում այդուհանդերձ փորձել է ունենալ իր այսպես ասած «ներդրումը», գուցե որոշ ուժերի միջոցով, որոնք ներգրավվել են պրոցեսում, փորձելով այն օգտագործել Սերժ Սարգսյանի դեմ եւ հետ վերցնել իշխանության «ճամպրուկը»:

Թերեւս պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը պրոցեսին միջամտեց ապրիլի 25-ից հետո, երբ տեսավ, որ 23-ից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդուհանդերձ չի հաջողվում իրավիճակը շրջել «հեղափոխության նպատակի» շուրջ: Հենց այդ համատեքստում է խիստ ուշագրավ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի «կոդով», որի շարունակությունն էր սակայն ամենաէականը թերեւս՝ փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ էր:


Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ակնարկում էր, որ կա զարգացման երկու սցենար՝ Նիկոլինը, որը նա թերեւս համարում էր ճիշտը՝ դիտարկելով, որ եթե հրաժարական, ապա ամբողջական իշխանափոխություն, եւ նրանցը, ովքեր միայն իր դեմ էին, ոչ թե ամբողջական իշխանության:

Ի դեպ, այդ համատեքստում էլ ներկայում խիստ ուշագրավ է այն, որ Նիկոլ Փաշինյանը այս փուլում բացում է այդ շերտը, հայտարարելով, որ կան ուժեր, որոնք ներկայանալով հեղափոխության գործընկեր եւ ընկեր, իրականում բանակցում են եւ գործարք են շոշափում նախորդ իշխանության հետ:

Մյուս կողմից, այս հանգամանքը բավական պատասխանատու փաստի առաջ է դնում այդ ուժերին, ստիպելով հստակեցնել դիրքորոշումը: Ու թերեւս դա զգալով, նրանց աջակցության ուշանալով է, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույցում հարցնում է՝ «սա՞ էր հեղափոխության նպատակը», կամ այլ կերպ ասած փորձում է հեղափոխության մեջ «ներդրած» ուժերին հիշեցնել պայմանավորվածությունը:



Իսկ նրանք մինչեւ այժմ հրաժարվում էին դրանից, եւ առավել եւս դա շատ բարդ է այժմ: Հավանաբար դա է պատճառը, որ երկրորդ նախագահը փորձում է գտնել նոր դաշնակիցներ, բայց շանտաժի տրամաբանությամբ, խոսելով այն մասին, թե իր դեմ անօրինականությանը ներգրավում են նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցների: Քոչարյանը նրանց կոչ է անում չենթարկվել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ անօրինականության հեղինակները պատասխան են տալու:

Ռոբերտ Քոչարյանը փաստորեն բաց տեքստով կոչ է անում իրավապահ համակարգի աշխատողներին չենթարկվել ղեկավարությանը: Հատկապես ԱԱԾ պետի գաղտնալսման փաստից հետո այդօրինակ հայտարարությունն այլ բան չէ, քան համատեքստի իմաստով ցուցմունք ինքն իր դեմ, որովհետեւ գործնականում հիմնական վարկածներից մեկն էլ այն է, որ ձայնագրությունն արվել է համակարգի ներսից:

Իհարկե, այդ իմաստով առավել քան հրամայական է դառնում քննության իրականացումը եւ բացահայտումը, սակայն այս ֆոնին էլ առավել հատկանշական է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը տալիս է ավելի բաց խաղ պատկերող հարցազրույց: Բաց խաղը նրան բնորոշ չի եղել անգամ ուժեղ իշխանության ղեկին եղած տարիներին, արդյոք նրա համար հնարավոր է ուժեղ բաց խաղ իշխանության դեմ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->