>

1in.am-ը գրում է՝

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի ներքաղաքական հարցերի կապակցությամբ կլինի ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի արտահերթ քննարկում, որին նա ներկայացրել է նաև Հայաստանում իրավական, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարության ոտնահարման փաստեր: ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը կլինի իսկապես հետաքրքիր, նույնիսկ հնարավոր է կանխատեսել՝ զվարճալի: Մինչ այդ, սակայն, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքով է ՀՀԿ որևէ ներկայացուցիչ Հայաստանի հարցը տանում ԵԽԽՎ, այն ԵԽԽՎ, որի ղեկավարությանը մշտապես կոչ են արել մաքրել կառույցը ադրբեջանական խավիարային ոտնձգություններից:




Քոչարյանի զոհերը

Այդ տեսանկյունից ԵԽԽՎ-ն Եվրոպայի, թերևս, ամենախնդրահարույց կառույցն է եղել, ու ամենևին պատահական չէ, որ ամենից շատ հենց այդ կառույցում են հաջողել ադրբեջանական բանաձևային նախաձեռնությունները: Այդ առիթով, ի դեպ, խիստ ուշագրավ է դեռևս տարիներ առաջ մի ձևակերպում, որ արել էր երջանկահիշատակ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, երբ հակահայկական բանաձևերից մեկի առիթով բնորոշել էր, թե դրանից «նավթի հոտ է գալիս»:





Համենայն դեպս խիստ հետաքրքիր է, որ հենց ԵԽԽՎ-ն է, որտեղ զուտ վիճակագրական առումով ամենից շատ հաջողել են ադրբեջանական նախաձեռնությունները: Ի դեպ, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ՀՀԿ-ական պատգամավորները պարբերաբար, և, իհարկե, արդարացիորեն բարձրացրել են այդ հարցը ԵԽԽՎ ամբիոններից, որպեսզի կարևոր կառույցը մաքրվի խավիարից ու նավթահոտից: Իսկ այն, որ այդ ամենը փչում էր, վկայել են պարբերաբար ծագող սկանդալային պատմությունները, ի դեպ՝ ամենևին ոչ հայկական նախաձեռնությամբ ծագող պատմությունները:


Հիմա, ՀՀԿ փորձագիտական գնահատմամբ, ԵԽԽՎ-ն մաքրվե՞լ է ադրբեջանական խավիարից, կա՞ այդպիսի վստահություն, թե՞ երբ ՀՀԿ-ն իշխանության չէ, այդ հարցը նրան այլևս չի հետաքրքրում, քանի որ այդ ուժի խնդիրը ՀՀ-ն չէ և չի եղել երբեք, այլ եղել է հենց ՀՀԿ-ն: Մյուս կողմից՝ այդ հարցը կամ հարցադրումը հռետորական է, որովհետև ՀՀԿ կառավարման տարիներն ու դրա արդյունքը հարցի լավագույն, կամ ավելի շուտ տխուր պատասխանն է:

Միևնույն ժամանակ, այդ տեսանկյունից է, որ բավական զավեշտալի կարող է լինել ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը, որտեղ այդ կառույցի ներկայացուցիչները այսպես ասած փորձելու են Հայաստանում ոչ ժողովրդավարությունից պաշտպանել այն ուժին, որից տարիներ շարունակ փորձում էին պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում: Իրականում, սակայն, այստեղ իրավիճակը պարունակում է խորքային լրջագույն խնդիր, որն առնչվում է հայ-եվրոպական հարաբերությանը և որի բնույթը, ըստ էության, նենգափոխված ու աղավաղված է եղել նույնքան, ինչքան հայ-ռուսական հարաբերության բնույթը: Ու դրա բուն պատճառը եղել է, իհարկե, Հայաստանում իշխող համակարգը, դրա կոռուպցիոն և խմբային առաջնահերթությունները:



Հայաստան-Եվրոպա կարևոր հարաբերությունը եղել է դրա զոհերից մեկը, կամ տուժողներից մեկը: Հիմա այդ համակարգը, արդեն, այսպես ասած՝ ընդդիմության կարգավիճակով, փորձում է դեռևս խաղալ այդ նախկին բնույթի ու տրամաբանության վրա: Գնդակն այդ իմաստով Եվրոպայի դաշտում է, որը պետք է պատասխան տա՝ խաղալո՞ւ է հին խաղը հին գնդակով, թե՞, այդուհանդերձ, նոր խաղ չունենալու պարագայում անգամ բավարար համարժեք կգնահատի վիճակը հինը չշարունակելու համար:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->