>

1in.am-ը գրում է՝

Քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությունից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործնականում շարունակում է բևեռացման գործընթացը, որը սկսել էր իր այդ հայտարարությամբ: Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում ամենևին երկբևեռության մասին չէ, այլ Հայաստանում միաբևեռ իրավիճակի ձևավորման:




Քոչարյանի զոհերը

Այդ իմաստով Քոչարյանն իրավացի է, երբ հայտարարում է, որ ունի կոնսոլիդացնող մեծ ներուժ: Դա ակնառու է: Պարզապես ամբողջ ինտրիգն այն է, որ Քոչարյանն ունի ոչ թե իր շուրջը կոնսոլիդացնելու, այլ հանրությանը նոր իշխանության շուրջը կոնսոլիդացնելու մեծ ներուժ, և որքան նա ավելի ակտիվ է դրսևորվում հրապարակային քաղաքականության տիրույթում, այնքան ավելի նկատելի է դառնում այդ ներուժի էֆեկտը հանրության ու նոր իշխանության համար: Այդ իմաստով, ի դեպ, թերևս արժե ողջունել և խրախուսել երկրորդ նախագահին իր կոնսոլիդացնող այդ ներուժը իրացնելու հարցում, որովհետև ինչքան հանրությունը կոնսոլիդացվի նոր գործադիր իշխանության շուրջը, այնքան հնարավոր կլինի առավել արդյունավետ առաջ տանել թավշյա հեղափոխության օրակարգը:





Մյուս կողմից՝ շատերն են արձանագրում այստեղ առկա մի խնդիր, որ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի «ներուժի» ստվերում են մնում մյուս քաղաքական ուժերը և քաղաքական մրցակցության հեռանկարը: Խնդիրն առերևույթ առկա է, սակայն ավելի խորքային առումով այստեղ առկա է իրավիճակի ստրատեգիական գնահատման խնդիրը:

Թավշյա հեղափոխության գործընթացը ավարտված չէ, հետևաբար չի կարող ձևավորվել քաղաքական մրցակցություն: Այդ մրցակցությունը հնարավոր է հեղափոխության ավարտուն տեսքի պայմաններում: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն այդ տեսանկյունից մի հանգրվան է, որը ձևով ընտրություն է, ընդ որում՝ առաջին ազատ ընտրության հնարավորությունը, սակայն բովանդակությամբ այն ընտրություն լինել չէր կարող այսպես թե այնպես, օբյեկտիվորեն, քանի դեռ Հայաստանում չկա իշխանության և կառավարման համակարգի կառուցվածքային հարաբերակցության ներդաշնակություն: Այդ ներդաշնակության ձևավորման հնարավորությունը խորհրդարանի արտահերթ ընտրությունն է:


Ահա այստեղ է գլխավոր հարցը և, այսպես ասած, «անկեղծության պահը»: Հայաստանում քաղաքական մրցակցության դաշտը բացվելու է ոչ թե այդ ընտրությունից առաջ, այլ դրանից հետո, և սա օբյեկտիվ իրականությունն է՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Դա թավշյա հեղափոխության տրամաբանությունից բխող օբյեկտիվ իրականությունն է, որը ձևավորելու և թելադրելու իրավունքը Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող ուժը վաստակել են նախորդ անմրցակցային միջավայրից Հայաստանը թավշյա, անարյուն և առանց բռնության հեղափոխությամբ դուրս բերելու միջոցով, դրա արդյունքում:

Իհարկե ռազմավարական խնդիր է մի անմրցակցային, ոչ լեգիտիմ անմրցակցային իրականությունից լեգիտիմ անմրցակցային իրականությունում հայտնվելու վտանգը: Բայց այդ վտանգի, այսպես ասած, լուծումը այս անցումային, հեղափոխության չավարտվածության փուլում չէ, և այդ փուլում դրա լուծումների ինտենսիվ փնտրտուքը ստրատեգիական վրիպում է որևէ ուժի համար, որը հավակնում է նոր քաղաքական համակարգում լուրջ դերակատարության: Չինացիներն ասում են, որ պետք չէ սև կատու փնտրել սենյակում, որտեղ այն չկա:



Չի կարելի քաղաքական մրցակցություն փնտրել հեղափոխության մեջ: Դա կնպաստի հեղափոխությունն աղավաղելուն, նենգափոխելուն, արգելակելուն, բայց չի նպաստի հետհեղափոխական համակարգի արդյունավետ հիմքեր գցելուն: Այդ հիմքերը չեն անցնում ներկայիս փուլի, այսպես ասած, մրցակցայնության ճանապարհով, հակառակը՝ այդ ճանապարհը հմտորեն շրջանցելով է հնարավոր գցել արդեն հաջորդ փուլի համակարգային մրցակցության հիմքերը:

Ըստ այդմ՝ պետք է ոչ թե մրցակցել հեղափոխության լոկոմոտիվ ուժի հետ, երբ այն դեռ ընթացքի մեջ է, այլ լրացնել այդ ընթացքը բովանդակային համարժեք նախաձեռնություններով՝ ստեղծելով ապագա հակակշիռների անկյունաքարերը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->