>

Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Ադրբեջանի հետ իր ապագայի բարելավման համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշել է, որ չպետք է մոռանալ տեղի ունեցածը, եւ դիվանագիտական կապերը պետք է հիմնվեն բոլոր տնտեսական ու ռազմական ռիսկերի գնահատականի վրա։

Նրա խոսքով, մենք պետք է ընդունենք պարտությունը եւ առաջ շարժվենք, հասկանանք պատասխանատվության մակարդակը եւ փորձենք երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա դժվար լինի։




Քոչարյանի զոհերը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ֆրանսիան ու ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են, որ այն չի կարող վերջնական խաղաղություն լինել եւ պետք է վերադառնալ բանակցություններին։ Ահա թե ինչու են Ռուսաստանն ու Թուրքիան շտապում ձեւակերպել Հայաստանի հերթական բաժանումը, բայց այս անգամ՝ արդեն Հայաստանի ձեռքով, որի իշխանությունը պատրաստ է վերջին քայլն անել։




Վերջին քայլը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պայմանագրի ստորագրումն է Թուրքիայի եւ Ռուսաստանի հովանու ներքո։ Այդ պայմանագրով Հայաստանը կարող է ճանաչել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի սահմանները, վերջնականապես հրաժարվել Ղարաբաղի, Նախիջեւանի, ինչպես նաեւ Կարսի, Արդահանի ու Արարատի նկատմամբ իրավունքից։ Հայաստանը կորցնում է իրավունքի ուժը, որը ճանաչվում է աշխարհի կողմից։


Նման հարցերը չեն լուծում ուժով, ասում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը։ Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել, նշել է Ռիկերը:

Սա միայն հայտարարություն չէ, այլ նախազգուշացում Հայաստանին, որ նոր պատերազմի սպառնալիքը չստիպի անել այն, ինչը հետո անուղղելի կլինի։ Եռակողմ համաձայնագիրը միայն փաստաթուղթ է, որը ստորագրել են երեք հոգի, այն ոչ մի իրավական ուժ չունի։ Ահա թե ինչու են Թուրքիան ու Ռուսաստանն այսքան շտապում լեգիտիմ համաձայնագիր ստորագրել, իսկ դա միայն Հայաստանը կարող է ստորագրել։


Պուտինը պաշտոնում պահում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դեռ պետք է ավարտին հասցնել որոշ գործեր։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, որում հաղթել են հայերը, Բաքուն 30 տարի շարունակ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, որը նրան ինչ-որ բան կպարտավորեցներ։ Ստորագրության ուժն ավելի մեծ է, քան Սմերչինն ու Բայրաքթարինը։

Դա հասկանում են Անկարայում եւ Մոսկվայում, բայց չեն հասկանում Երեւանում։ Հակառակ դեպքում Երեւանը կասկածելի հրադադարից ու օկուպացիոն զորքերի մուտքից ընդամենը մեկ ամիս հետո չէր հրաժարվի իր ստորագրության ուժից։ Երեւանից շատ բան է կախված։ Բայց ի՞նչ է հնարավոր անել նման իշխանության ու ընդդիմության պարագայում։

Lragir.am


от admin

-->