>

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը դեկտեմբերի 3-ից կրկին Հայաստանում է:

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկ ամսով եկել է ընտանիքի կողքին լինելու, զինվորներին այցելելու համար:

«Եռաբլուր դեռ չեմ հասցրել գնալ, հիվանդանոց եմ գնացել՝ մեր հերոսների մոտ: Ես Հայաստանում էի, երբ սկսվեց պատերազմը, բայց երկրորդ օրը մեկնեցի: Գնում էի, բայց սիրտս հայրենիքում էր: Ինքս ինձ ասում էի՝ ինչպե՞ս ես գնում այս պահին, երկու կեսի էի բաժանվել, հիմա էլ նույն իրավիճակում եմ:




Քոչարյանի զոհերը

Սկզբում ինձ թվում էր՝ պատերազմը երկրորդ օրը կավարտվի, հետո հասկացա, որ շատ լուրջ է: Ինչպես բոլորը, ես էլ քունս կորցրել էի, օդից կախված, անօգնական վիճակում էի: Իմ հարազատներից էլ կային առաջնագծում թե՛ կամավորներ, թե՛ ժամկետային զինծառայողներ»,- ասաց նա:





Պատերազմի թեման երգչուհուն հատկապես մոտ է, քանի որ հայրը՝ Աշոտ Թովմասյանը, Արցախյան ազատամարտի ժամանակ որպես կամավոր մեկնել է պատերազմ և զոհվել Վարդենիսում:

«Այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էի: Այս թեման ինձ համար անձնական է, քանի որ հայրս Արցախյան գոյամարտին է զոհվել, ամփոփված է Եռաբլուրում: Հայրս կամավոր էր մեկնել, ամբողջ ընտանիքով պայքարում էինք, որ չգնա, բայց չլսեց մեզ:

Հիշում եմ, թե ինչպես էի իմ սենյակի պատին փակցված սրբապատկերի մոտ ամեն գիշեր աղոթում, որ հայրս չզոհվի, բայց մի օր, երբ քնած էի, մորաքույրս արթնացրեց ու ասաց, որ հայրս զոհվել է: Այդ պահին գնացի ու սրբապատկերը հանեցի պատից, քանի որ շատ նեղված էի, որոշ ժամանակ անց կրկին փակցրի ու ներողություն խնդրեցի Աստծուց իրենից նեղանալու համար»,- հիշեց երգչուհին:

Շպռոտի խոսքով՝ շատ կապված էր հոր հետ, ով շատ ընկերասեր էր, նման չէր հայ հայրիկների ավանդական կերպարին:


«Նրա մահից հետո մեջքս կոտրվեց, ինձ անտեր էի զգում, ագրեսիվ էի,անընդհատ թվում էր՝ ինձ ուզում են նեղացնել, պաշտպանվում էի: Հետո սկսեցի աշխատել, որ մորս օգնեմ: Հորս մահից հետո ամեն օր խնդրում էի Աստծուն, որ հրաշք կատարվի, նա հետ գա: Երազումս էի տեսնում հորս ու նեղսրտած արթնանում: Ես շատ եմ մեղադրել նրան մեր կյանքից գնալու համար:

Կար ընթացք, երբ արցախցիներին չէի սիրում, հետո ներելու մասին մի գիրք կարդացի, հասկացա, որ եթե չներեմ հորս, կանացի հիվանդություն ձեռք կբերեմ: Մի օր սկսեցի խոսել հորս հետ, ասացի այն, ինչ զգում էի, ասացի, որ ներում եմ նրան ինձ թողնելու համար, ասացի, որ նա գնաց, իսկ ես ավելի ուժեղ դարձա: Ես հպարտանում եմ, որ նման հայր եմ ունեցել, նա մեր տան հերոսն էր, մորս իդեալը: Շատ եմ տանջվել, բայց ժամանակը բթացրել է ցավս: Հիմա լինում է, երբ դժվար պահերին առանց ցավի զրուցում եմ իր հետ ու հանգստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրեն նաև Աստվածաշունչն է օգնել:


Խոսելով Արցախում զոհված զինվորների երեխաների մասին՝ Շպռոտն ասաց, որ նրանք պետք է ուժեղ լինեն ու հաղթահարեն ցավը:

«Ծանր է շատ, բայց նրանք բոլորն ուժեղ մարդիկ կդառնան: Կարևոր է, որ իրենք իրենց չխղճան, չչարանան, առաջ գնան, օգնեն մայրիկներին, աշխատեն ու հոգ տանեն նրանց մասին: Մենք երկրաշարժ, սով, պատերազմներ տեսանք և շարունակեցինք ապրել:

Քիչ-քիչ ոտքի կկանգնենք և ավելի ուժեղ կլինենք: Կապ չունի, թե քաղաքական ինչ հայացքներ ունենք, մենք պետք է սիրենք միմյանց, ընդունենք դիմացինին այնպիսին, ինչպիսին կա: Պատերազմը կարող ես պարտվել, բայց մարդկային հարաբերություններում պետք է հաղթես»,- ասաց նա:

Երգչուհին նաև ընդգծեց, որ կարևոր է չչարանալը:

«Եթե չարանանք ու մնանք դժգոհ իրավիճակում, ոչինչ չի փոխվի: Ասում են, որ առաջին քրիստոնյա ազգն են, բայց աղոթելու հետ մեկտեղ անիծում են, ումի՞ց են դժգոհ՝ իրենցի՞ց, եղանակի՞ց, հարևանի՞ց, ղեկավարի՞ց: Մարդը կարող է ցավից չարանալ, բայց պետք է գիտակցի ու արագ հետ գա:

Պետք է ինքնուրույն մաքրել մտքերն ամեն օր: Պետք չէ սպասել, որ քեզ կառաջնորդի մայրդ, հայրդ, քահանան: Ներքին ուժ ես դաստիարակում քո մեջ՝ ներելով, սիրելով չսիրվողին»,- եզրափակեց Շպռոտը:

Աղբյուր՝ Tert.am Life


от admin

-->