>

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախյան երկրորդ պատերազմը մարտադաշտ տարավ մի քանի սերնդի, կողք կողքի հաճախ կռվում էին 18 և 60 տարեկանները, որդին ու հայրը, հայրն ու պապը:

Շուշեցի Գրիգորյանները ևս առաջին ի օրից ռազմաճակատում հայտնվեցին. որդին՝ ակամա՝ որպես ժամկետային զինծառայող, հայրը՝ կամա՝ որպես կամավորական:

Պատերազմի լուսաբացին՝ առավոտյան 07:15-ին, որդին՝ տանկիստ Էրիկ Գրիգորյանը, Մատաղիսում էր, առաջնագծի դիտակետում:

«Սնարյադները սկսեցին մեզ վրա թափվել: Հրաման ստացանք՝ զբաղեցնել մեր դիրքերը, տեխնիկան առաջ տանել: Ցավոք, մարտի ժամանակ մեր տեխնիկան խփվեց ու սկսեցինք «պեխոտ» կռվել, մյուսներին օգնել ու դիրքերը պահել», Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսը:




Քոչարյանի զոհերը

Շուրջ 5 օր կամավորների հետ Թալիշի տակն են պահել, սակայն թշնամին շարունակում էր առաջ գալ՝ ստիպելով, որ հայկական զորքը տեղաշարժվի դեպի Մատաղիս: Մինչև հոկտեմբերի 24-ը Էրիկը Մատաղիսի դիրքերում է եղել:

Հենց այդ օրն էլ թշնամին առաջանալու փորձ է արել, սակայն տղերքը չեն զիջել: Թշնամին ստիպված է եղել կրկին արկերի ու հրթիռների օգնությանը դիմել:

Երբ հետաքրքրվում եմ վիրավորվելու, ոտքը կորցնելու պահի մասին, զրուցակիցս լռում է: Հետո ժպտալով գլուխը բարձրացնում ու խոստովանում.


«Շատ արյուն էի կորցրել, նույնիսկ զարմանում եմ, որ գիտակցությունս տեղում էր: Այդ պահին միակ բանը, որ անում էի՝ գրանատս էի ման գալիս, որ մոտս պահեմ, հանկարծ ողջ «պլեն» չընկնեմ: Ամենաշատը դրա մասին էի մտածում: Լավ էր, մերոնք հասան»:




Վիրավորվելու պահին երեք զինընկեր են եղել. Էրիկն ու Վահեն վիրավորվել են, երրորդ տղան՝ զոհվել:

«Սնարյադի հարվածից աջ ոտքս ծնկից վերև տրաքեց, սնարյադը հենց ոտքիս էր ընկել: Նաև բազմաթիվ բեկորային վիրավորումներ ստացա: Եկան, ոտքս «ժգուտով» կապեցին ու մոտ մեկ ու կես, երկու կիլոմետր քարշ տալով տարան, մեքենայի մեջ դրեցին», — մանրամասնում է նա:

Դրմբոնում Էրիկի ոտքը շտապ վիրահատում են, այնուհետև՝ տեղափոխում Խոջալու: Վերջնական կանգառը Երևանն է լինում՝ Էրեբունի բժշկական կենտրոնը: Երիտասարդ տանկիստը ժպիտով նկատում է՝ աչքերը փակեց Արցախում, արթնացավ՝ Երևանում:

«Պատերազմում լավ էր, օրական մի քանի թուրք էինք խփում, մեզ համար հանգիստ կռվում էինք, հա՛մ գիշերն էինք խփում, հա՛մ ցերեկը: Պատերազմի իմ առաջին «քայլերն» Ալաշանում եմ արել:

Այդ ժամանակ մեզ մոտ Սեյրան Օհանյանն էր եկել, առաջին «դուխը» նա է մեզ տվել: Դրանք ժամանակին իր ազատագրած տարածքներն են եղել», — հպարտությամբ ընդգծում է զինվորն ու շարունակում.


«Հիմա շատ եմ լսում փախչող զինվորի մասին, բայց մեզ մոտ նման բան չի եղել, փախնել չկար: Հաստատ փախնողի վերջը լավ չէր լինի: Մեզ մոտ ամենավտանգավոր բանը սնունդ բերելն էր: Սպասում էինք՝ կա՛մ գիշեր ընկնի, կա՛մ ամպամած եղանակ լինի, նոր գնանք ուտելիք բերելու»:

Վիրահատությունից առաջ էլ հասցրել է միայն հորեղբոր հեռախոսահամարը փոխանցել: Էրեբունի հիվանդանոցում, երբ աչքերը բացել է, առաջինը մորն է տեսել:

Ի դեպ, Էրիկի մայրն Արցախից Հայաստան պատահաբար է եկել, երբ դեռ տեղահանության խնդիր չկար. մինչ Էրիկի վիրավորվելը զանգ էր ստացել, որ որդին վիրավոր է, Երևանում: Այդ պահի զանգը կեղծ էր, բայց օրեր անց իրականություն դարձավ:

«Այդ վիրավոր տղան նույն իմ անուն, ազգանուն ու հայրանունն է ունեցել: Մինչ այդ մերոնք ինձանից ոչ մի լուր չեն ունեցել, չեմ կարողացել զանգեմ: Մայրս միանգամից Երևան է եկել, բայց պարզվել է՝ ես չեմ այդ վիրավորը», — նշում է զրուցակիցս:

Էրիկի հայրը՝ Արմեն Գրիգորյանը, պատերազմի առաջին իսկ օրերից նույնպես ռազմադաշտում է եղել, սակայն հայր ու որդի միայն հիվանդանոցում են հանդիպել՝ պատահաբար: Աղդամում, Մատաղիսում ու Շիշիում պատերազմած կամավորականը վիրավորվել է նոյեմբերի 6-ին՝ Շուշիի մատույցներում:

«Ոտքից ու կոնքից վիրավորվել է: Լավ է, հայրս ոտքը չի կորցրել, իր մոտ միայն կոտրվածք է ու մանր բեկորներ մարմնում», — հանգիստ հոգոց է հանում որդին ու վերհիշում իր և հոր անակնկալ հանդիպումը.

«Ես նույնիսկ չգիտեի, որ հայրս վիրավոր է: Իմ հիվանդասենյակի դուռը բացվեց ու հորս ներս բերեցին: Հենց ինձ տեսավ, ձեռքով հասկացրեց՝ «ամեն ինչ լավ ա, «տոչնի ա»: Նույն պալատում երեք օր ենք մնացել, հետո իրեն իջեցրին 5-րդ հարկ, ես 8-ում մնացի», — ժպիտով պատմում է նա:


Էրիկ Գրիգորյանը հիվանդանոցից արդեն դուրս է գրվել, հայրը դեռևս այնտեղ է: Զրուցակիցս նկատում է՝ հիմա ինքը վիրակապը մշակելու համար է գնում հիվանդանոց, մեկտեղ՝ հորն է այցելում:

Գրիգորյանները բացի Էրիկից ևս երկու որդի ունեն, Էրիկը կրտսերն է, ծնվել է 2000 թվականի հունիսի 9-ին: Սեպտեմբերի 27-ից միջնեկ եղբայրը՝ Հայկ Գրիգորյանը, ով զինվորական է, նույնպես ռազմաճակատում է եղել, ավագը Մոսկվայում է ապրում:

Էրիկի ընտանիքը հայրենի Շուշիից դատարկ ձեռքերով է դուրս եկել, այնտեղ են թողել տուն, ավտոմեքենա ու ունեցավածք: Մեղմ ժպիտով տղան ասում է՝ ես վիրավոր, հերս՝ վիրավոր, ախպերս էլ զինվորական, ո՞վ պիտի բերեր: Մայրս էլ հոկտեմբերի սկզբից Երևան է եկել, մորաքրոջս տանն է ապրել:

Հարցնում եմ՝ պետությունը հիմա իրենց օգնելու քայլեր ձեռնարկո՞ւմ է, որտե՞ղ են ապրում, ինչպե՞ս: Բայց հպարտ զինվորը թեման անմիջապես շեղում է՝ գոնե հիմա պետության մասին չի ուզում խոսել, փառք Աստծո՝ «շնչում ենք, ուրեմն ապրում ենք»…

«Պատերազմում շա՞տ ընկերներ ես կորցրել», — հարցնում եմ ես:

«Շատ», — գլուխը կախելով՝ ասում է հերոսը, մտածում ու շարունակում.

«Էս ամենն իմ վրա շատ ա ազդել: Սկզբում չէի կարողանում ուշքի գալ: Անընդհատ հանգստացնողներ էին սրսկում, բայց քնել չէի կարողանում: Քնած չէի, սակայն կարծես երազում լինեի: Խոսել եմ, պատմել այն, ինչ տեսել եմ: Հրահանգել եմ՝ պառկել, վեր կենալ, կրակել… Բայց այդ մասին չեմ ուզում հիմա խոսել, չեմ կարող…»:

Էրիկ Գրիգորյանը Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի երկրորդ կուրսում էր սովորում, երբ բանակ է զորակոչվել, ապագա գյուղատնտես է: Պատերազմն Էրիկից շատ բան տարավ. հիմա հարազատ Շուշիից հեռու է, գլխավերևում սեփական տանիք չունի, ոտքն անդամահատված, բայց ոգին տեղում է, նպատակներն՝ անփոփոխ:

«Նպատակներս նույնն են մնացել, չեմ էլ պատկերացնում, որ ոտքս կորցրել եմ… Նույն մարդն եմ մնացել։ Մենք մեծ հողատարածքներ ունեինք, ու մտածում էի իմ գործով Շուշիին էլ օգուտ կտամ, քաղաքը ևս մեկ լավ գյուղատնտես կունենա: Բայց հիմա մեր քաղաքը, մեր հողերը մնաց թուրքին: Նույնիսկ ծառայությունից առաջվա մեկ նկար չունեմ, ամեն ինչ մնաց տանը։ Չէի կարծում, որ պատերազմն այսքան երկար կձգվի ու այսպես կհանգուցալուծվի, մտածում էի՝ Քառօրյա պատերազմի պես մի քանի օր կտևի», — նկատում է նա:

«Պատերազմը չի ավարտվել, քանի թուրքը սաղ ա, ո՞նց կարա պրծնի պատերազմը», — առանց տատանվելու ասում է Aysor.am-ի հերոս զրուցակիցն ու կրկին շեշտում.

«Քանի աշխարհում կան հայն ու թուրքը, պատերազմը միշտ էլ լինելու է: Դե մենք միշտ լինելու ենք, ու հիմա մնում ա ամեն ինչ անենք, որ թուրքը չլինի»:

Տանկիստ Էրիկ Արմենի Գրիգորյանի դժվարության գուցե առաջին փուլն անցել է, սակայն երիտասարդ տղան դեռևս հաղթահարելու հրամայականներ ունի. ոտքը պետք է պրոթեզավորվի, Հայաստանում, թե Հայաստանից դուրս՝ չգիտի: Ֆինանսական ի՞նչ միջոցներով է այդ ամենը կյանքի կոչելու՝ չի պատասխանում, հպարտությունը թույլ չի տալիս խոսել պարտադրված դժվարության մասին:

Միայն նկատում է՝ անկախ ստեղծված իրավիճակից, պետք է ամեն ինչ անի, որ ոտքն ամուր գետնին կպնի:

Աղբյուր՝ Aysor.am


от admin

-->