>

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին, որի պատճառը Հայաստանին պարտադրվող պայմաններն են՝ 5 (հետագայում 7) շրջանների հանձնման վերաբերյալ՝ «տարածքներ հանուն խաղաղության» կոնցեպտով։

«Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար, շատ նման է 1938 թ. Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։ Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ։ Եվ հիմա հարցը հետևյալն է. արդյո՞ք աշխարհը թույլ է տալու նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում», – ուղերձում հայտարարել էր Փաշինյանը։

Ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ զուգահեռներ անցկացնելով Չեխոսլովակիայի դեպքի և Արցախյան հիմնահարցի միջև։ Այժմ փորձենք հակիրճ շարադրել և ներկայացնել այս երկու խնդիրները և ցույց տալ «տարածքներ՝ հանուն խաղաղության» կոնցեպտի մահացու վտանգը Արցախի Հանրապետության և հետևաբար Հայաստանի Հանրապետության համար։




Քոչարյանի զոհերը


Առաջին համաշխարհային պատերազմից հետո մինչ գերտերությունները փորձում էին ուշքի գալ հսկայական արհավիրքներից, Գերմանիային արդեն հաջողվել էր թոթափել պարտվողի պիտակը և վերըստին վերականգնվել՝ դարձյալ փորձելով հագուրդ տալ ծավալապաշտական նկրտումներին։





Ադոլֆ Հիտլերի ֆաշիստական քաղաքականության առաջին խոշոր զոհը դարձավ Ավստրիան՝ 1938 թ. մարտ ամսին անեքսիայի ենթարկվելով Գերմանիայի կողմից։ Դրանից հետո Գերմանիային հաջորդ զոհը պետք է դառնար Չեխոսլովակիան՝ նախկին Ավստրո–հունգարական կայսրության տարածք, որին Վերսալյան համաձայնագրի շնորհիվ հաջողվեց խուսանավել Առաջին աշխարհամարտի պատասխանատվությունից և դառնալ համեմատաբար զարգացած պետություն։

Գերմանիան Չեխոսլովակիայից 1938 թ. պահանջեց Սուդեթի նահանգը։ Չնայած եվրոպական մնացյալ տերությունների թուլության՝ Հիտլերը զգուշացավ ուղղակիորեն տարածքը անեքսիայի ենթարկելուց։ Բացի այդ, Չեխոսլովակիան պայմանագիր ուներ Ֆրանսիայի և ԽՍՀՄ–ի հետ։ 1938թ. մայիսին Չեխոսլովակիայի կառավարության ձեռքն ընկավ երկիրը գրավելու գերմանական ծրագիրը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն Հիտլերը շտապեց հանգստացնելու Չեխոսլովակիայի դեպանին՝ նման մտադրության բացակայության մասին։

Սեպտեմբերի 15-ին Հիտլերը՝ հանդիպելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենին, պահանջեց նրան հանձնել Սուդեթը՝ հակառակ դեպքում սպառնալով պատերազմով։ Երեք օր անց Լոնդոն ժամանեցին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Դալադիեն և ԱԳՆ ղեկավար Ժորժ Բոննեն։ Արդյունքում որոշվեց Գերմանիային հանձնել Սուդեթի այն շրջանները, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին գերմանացիները։ Որոշման մասին տեղեկացրեցին Չեխոսլովակիայի իշխանություններին, որոնք զգուշացրեցին, որ նման քայլից հետո հաջորդ զոհը կդառնա ամբողջ Չեխոսլովակիան։

Ֆրանսիան և ՄԲ–ն հայտարարեցին, որ եթե Չեխոսլովակիան չընդունի պահանջները, ապա ստիպված կլինի միայնակ դիմագրավել Հիտլերին. արդյունքում Չեխոսլովակիան ընդունեց պահանջները։ Դեռ ավելին՝ սեպտեմբերի 23-ին Հիտլերը հայտարարեց, որ մինչև հոկտեմբերի 1-ը մարզը պետք է բռնազավթվի Գերմանիայի կողմից, ինչը դժգոհությունների առիթ դարձավ։ Բրիտանիան հայտարարեց, որ եթե Ֆրանսիան պատերազմի մեջ մտնի, ապա ինքը նույնպես ստիպված կներքաշվի։ Դրան հետևեցին ԱՄՆ–ի և Շվեդիայի սպառնալիքները։ Ի պատասխան դրա՝ Հիտլերը երաշխիքներ խոստացավ Չեխոսլովակիայի անձենամխելիության վերաբերյալ։


Սեպտեմբերի 29-ին՝ Մյունխենում, առանց Չեխոսլովակիայի ներկայացուցչության, Հիտլերի, Չեմբեռլենի, Դալադիեյի և Բենիտո Մուսոլինիի կողմից ստորագրվեց համաձայնագիր։ Լեհաստանի և Հունագրիայի պահանջով այդ համաձայնագրի մեջ մտցվեց նաև տվյալ երկների հետ տարածքային խնդիրների լուծման պահանջը։

Բացի Սուդեթից, Չեխոսլովակիան ստիպված Լեհաստանին զիջեց Տեշինյան շրջանը. 1938 թ. նոյեմբերի 2-ին Վիեննային արբիտրաժային դատարանի վճռով հօգուտ Հունգարիայի զիջվեց Սլովակիայի հարավային մի շարք շրջաններ և հյուսիսային շրջաններ Լեհաստանին։



Խաղաղության քաղաքականությունը (Appeasement), ինչպես և ակնկալվում էր տվեց իր «բարիքները»։ 1939 թ. մարտի 14-16-ը Հիտլերը գրավեց գրեթե ողջ Չեխիան (Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատներ), Սլովակիան՝ չնայած տարածքների կորստի, առանձնացավ, սակայն կարճ ժամանակ անց դիմեց Հիտլերին՝ պրոտեկտորատ հաստատելու համար։

Մարտի 21-ին Չեմբեռլենը ստիպված էր խոստովանել, որ խաղաղության քաղաքականությունը սխալմունք էր, և արդեն իր (և այլ տերությունների) շնորհիվ հզորացած Գերմանիան սպառնալիք դարձավ ամբողջ Եվրոպայի համար։

Չեխոսլովակիայի անկումով ճանապարհ բացվեց դեպի Լեհաստան, որն էլ դառնալու էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի սկիզբը։

Այսպիսով, բավարարելով մեկ դիկտատորի տարածքային պահանջները, Ֆրանսիայի և Անգլիայի «տարածքներ հանուն խաղաղության» քաղաքականության պատճառով՝ ամբողջ Եվրոպան 6 տարի հայտնվեց քաոսի մեջ՝ հանդիսանալով տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ։

Այս ուղերձն էր ցանկանում Նիկոլ Փաշինյանն ուղղել աշխարհին՝ կանխելու նոր Հիտլերի առաջացման վտանգը և  ցույց տալու «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևի աղետալի հետևանքները։

Եվ որպես վերջաբան հիշատակենք Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Վիլհելմ Կեյտելի պատասխանն այն հարցին, թե արդյոք Գերմանիան կհարձակվեր Չեխոսլովակիայի վրա, եթե տերությունները աջակցեին Չեխոսլովակիային։ -«Իհարկե ո՛չ։ Մենք ռազմական առումով դեռ այդքան էլ հզոր չէինք։ Մյունխենյան նպատակը (համաձայնագրի) Ռուսաստանին Եվրոպայից վռնդելը, ժամանակ շահելը և Գերմանիայի սպառազինումն ավարտելն էր»։

Ա. Եղիազարյան

Աղբյուր


от admin

-->