>

Երգարվեստում երկարատև լռությունից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը նախորդ տարի վերադարձավ նոր տեսահոլովակով, սակայն դրան հաջորդեց ամուսնու աշխատանքի բերումով Կանադա մեկնելն ու Հասմիկը կրկին լռեց։ Այս օրերին Հասմիկը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը նվիրված է դստերը` Տաթևին։

Դեռ Կանադայում գտնվելու ամիսներին երգչուհին մեծ ցանկություն ուներ Հայաստանում նկարահանել իր փոքրիկին նվիրված երգի տեսահոլովակը: Այս տեսահոլովակում հանրությունն առաջին անգամ կտեսնի Տաթևի դեմքը, քանի որ մինչև այս Հասմիկը դստերը ցույց էր տալիս որոշակի շղարշի տակ։ Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և առաջիննն է իր ընթերցողներին ներկայացնում բեքսթեյջն ու Տաթևի լուսանկարները։




Քոչարյանի զոհերը

«Իմ Տաթև» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկն է, գործիքավորումն արել է Դեր Հովան: Տեսահոլովակում երգչուհու ոճով և զգեստների ընտրությամբ զբաղվել է դիզայներ Արփինե Կոշտոյանը, դիմահարդարումն արել է  Հասմիկի քույրը` Արմինե Կարապետյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, որի հետ Հասմիկն առաջին անգամ էր համագործակցում:






«Շատ շնորհակալ եմ իմ տաղանդավոր ընկերոջը՝ Դեր Հովային, որ ինձ ծանոթացրեց МG studio-ի հիմնադիր, ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ: Առաջին անգամ էի համագործակցում իգական սեռի ներկայացուցիչ ռեժիսորի հետ: Կարծում եմ` կանայք շատ ավելի լավ կարող են զգալ և հասկանալ մայրությունը: Ինձ շատ դուր եկավ Մարիամի մոտեցումն ինձ՝ իբրև հեղինակ-կատարողի: Նա առաջնահերթ հարցրեց, թե ես ի՞նչ եմ պատկերացրել երգը գրելիս: Դա շատ լավ էր, որովհետև նա ինձ հնարավորություն տվեց պատմելու իմ պատկերացումները տեսահոլովակի մասին և, որպես իր գործի պրոֆեսիոնալ, կարողացավ այդ ամենը սինթեզել իր գաղափարների հետ»,- ասաց երգչուհին:

Տեսահոլովակի սյուժետային գիծը բացել երգչուհին չցանկացավ, միայն նշեց, որ մեկամյա լռությունից հետո այս տեսահոլովակով վերադարձը արդարացված է և որոշակի անակնկալներով:  Տեսահոլովակի նկարահանումների մի մասն անցկացվեց Բուսաբանական այգում, մյուս տեսարաններն էլ նկարահանվել են բնության գրկում:


Նկարահանման հրապարակում էր նաև երգչուհու ամուսինը՝ Շանթ Կիրմիզյանը, թե ինչ ձևաչափով կլինի նրա մասնակցությունը, հանդիսատեսը կիմանա տեսահոլովակը դիտելուց հետո: Չնայած սցենարային գիծը նախապես մտածված էր` նկարահանման հրապարակում իմպորվիզներ էլ են եղել: Թեև երգը Տաթևին է նվիրված, նա տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի չի ներկայացել. «Չէի ցանկանում, որ ամեն բան իր շուրջ լինի: Տաթևի մայրը Հասմիկ Կարապետյանն է, որն իրեն երգ է նվիրել: Ամեն ինչ սկսվում է դրանից»:

Երգչուհին այս ողջ ընթացքում խուսափում էր դստերը ներկայացնել հանրությանը: Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք դա հատուկ մտածված քայլ էր, որպեսզի տեսահոլովակով ներկայացնի դստերը. «Սկզբում նրան առանց իր կամքի հանրային դարձնելու ցանկություն չկար: Տաթևը դեռ երեխա է, չէի կարող հարցնել` ցանկություն ունե՞ս հանրային լինել, թե՞ ոչ, այդ պատճառով կարծում էի, որ պարզապես դրա իրավունքը չունեմ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ Տաթևը ծնվել է հանրային մարդու ընտանիքում, այսինքն` ուզած–չուզած նրանով հետաքրքրվում են և բոլորն էլ ցանկանալու են տեսնել: Հասկացա, որ անհեթեթ կլինի երգել երեխայիս մասին և տեսահոլովակում չնկարահանել նրան: Գուցե կարելի էր և չնկարահանել, բայց ուզում եմ, որ հանրությունը Տաթևին տեսահոլովակով տեսնի: Չգիտեմ, սա շարունակություն կունենա՞, թե ոչ, դա արդեն հետագայում կլինի Տաթևի ընտրությունը: Շատ հնարավոր է՝ այսքանով սահմանափակվի նրան ներկայացնելը»:

Մայրիկի խոսքով` 1 տարեկան 9 ամսական Տաթևն իրեն նկարահանման հրապարակում լավ էր զգում, նույնիսկ այնքան, որ նախընտրել է քնել և նկարահանող խմբին ոչ մի կերպ չի հաջողվել մանկասայլակից իջեցնել նրան:



«Արդեն նկատելի է, որ Տաթևն ունի ձևավորված բնավորություն: Նա բնույթով շատ ազատ երեխա է, երբեք ստիպված ոչինչ չի անում: Փորձեցինք իրեն սայլակից իջեցնել, որ խաղա, վազվզի, բայց չստացվեց:  Դա կապված էր նաև նրա առողջական վիճակի հետ: Տաթևի ատամիկներն իրար հետևից դուրս են գալիս, իսկ երեխաներն այդ ընթացքում նյարդային են լինում և չեն ենթարկվում: Կարևորը՝ նա քնեց, բարդություն չստեղծեց մեզ համար, պարզապես հավելյալ օր կվերցնենք նրան նկարահանելու համար»,-ասաց Հասմիկը:

Տեսահոլովակի պրեմիերան, հավանաբար, կկայան  մինչև հոկտեմբերի 15-ը: Երգչուհին հույս հայտնեց, որ հարաբերական դադարից հետո լսարանը կհավանի իր նոր աշխատանքը:

«Ինձ համար կարևոր է, որ երգը սիրվի ու գնահատվի։ Տեսահոլովակն ավելի կօգնի երգը հասցնելու մարդկանց սրտերին, որովհետև այն մայրության թեմայով է: Սա մոր անկեղծ խոսքն է իր երկար սպասված երեխային: Կարծում եմ` դա արդեն գրավական է, որպեսզի երգը հաջողություն ունենա»,-ասաց նա։

Հասմիկի կարծիքով, հատկապես, իր երկրպագուների համար սա երկար սպասված նվեր է։ «Ես զգում եմ, որ իմ երկրպագուները շատ էին կարոտել ինձ և իմ արվեստը: Նրանք ինձ այդ մասին անընդհատ գրում են սոցիալական ցանցերի միջոցով: Դա ինձ համար ամենաբարձր պարգևն է: Երգարվեստի հետ կապված, գուցե, խոստումներ եմ տվել ու ժամանակի առումով չեմ կարողացել կատարել, բայց հիմա ժամանակ առ ժամանակ պետք է ստեղծագործեմ: Եթե կան սպասողներ, ուրեմն արժե»,– եզրափակեց երգչուհին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->